Վաշինգտոնի հասցեին մեղադրանքներն անհեթեթ են, առանց ԱՄՆ-ի ադրբեջանական «Դարի պայմանագիրն» անհնար կլիներ, Բաքվում հայտարարել է Ադրբեջանում իր առաքելությունն ավարտող ԱՄՆ-ի դեսպան Մարկ Լիբբին։
Բաքվի մեղադրանքներին ամերիկացի դիվանագետն անուղղակի արձագանքել է կիրակի օրն Ամերիկյան առևտրյան պալատի հավաքի ընթացքում ունեցած իր ելույթում, որը հրապարակել է ամերիկյան դեսպանատունը։
«Խորհելով ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև անցյալ տարվա համագործակցության հաջողությունների շուրջ, ես մտաբերում եմ կասկածի ցինիկ ձայները։ Բազմաթիվ մեղադրանքներ են հնչել Միացյալ Նահանգների հասցեին, Ադրբեջանին տապալելու վայրի և անհեթեթ դավադրությունների մասին»,- ասել է դեսպան Լիբբին և պնդել, որ առանց Վաշինգտոնի 30 տարի առաջ չէր կնքվի «պատմության ընթացք փոխած «Դարի պայմանագիրը»»։
Դիվանագետը հավելել է, որ այսօր էլ ամերիկա-ադրբեջանական համագործակցությունը հաջողությամբ զարգանում և ընդլայնվում է։
«Ադրբեջանը լավ դիրք ունի՝ դառնալու տրանսպորտային և լոգիստիկայի անփոխարինելի տարածաշրջանային հանգույց: Մենք նախատեսում ենք ավելի շատ առևտրային առաքելություններ ներգրավել, մասնավորապես, այս ոլորտներում՝ աջակցելու Ադրբեջանի բարգավաճման հաջորդ փուլի զարգացմանը», - հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանը։
Լիբբին Բաքվում կպաշտոնավարի մինչև այս տարեվերջ։ Նա օրերս հայտարարեց, որ անձնական պատճառներով հեռանում է դիվանագիտական ծառայությունից։
«Առողջական խնդիրները, որոնց մասին ես խոսել էի 2023 թվականին Սենատում կայացած լսումների ժամանակ, ցավոք սրտի, պահպանվում են։ Վերջին բժշկական հետազոտությունների արդյունքները վկայում են, որ եկել է տուն վերադառանալու և վերջապես սեփական առողջության վրա կենտրոնանալու ժամանակը», - նշել էր Լիբբին։
Մարկ Լիբին Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում նշանակվել էր 2023 թվականի վերջին, հավատարմագրերն Ադրբեջանի նախագահին հանձնել էր հունվարի 18-ին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ավելի քան մեկ տարվա դադարից հետո ԱՄՆ-ն Ադրբեջանում նոր դեսպան ունի