Մատչելիության հղումներ

Բաքվում ԱՄՆ դեսպան. Վաշինգտոնը մտահոգված է, Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում կանխել հետագա լարվածությունը


Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբբի, արխիվ
Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբբի, արխիվ

Վաշինգտոնը մտահոգված է անցած օրերին հայ - ադրբեջանական սահմանին տեղի ունեցած փոխհրաձգություններով և հորդորում է կողմերին կանխել հետագա լարվածությունը, հակամարտության տևական լուծում գտնել: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Մարկ Լիբբին ադրբեջանցի լրագրողների հետ հանդիպմանը:

Ամերիկացի դիվանագետը միաժամանակ համոզմունք է հայտնել՝ երկու երկրների միջև խաղաղություն հնարավոր է, եթե հարգվի երկու երկրների տարածքային ամբողջականությունը: «Հակառակ դեպքում կարգավորում չի լինի», - ընդգծել է դեսպան Լիբբին։

Բաքվում ամերիկյան դիվանագիտական առաքելության ղեկավարին ուղղված հարցերի մեծ մասը Վաշինգտոնի և Բաքվի միջև անհարթ հարաբերությունների մասին էին։ Դեսպանն իր հերթին խոստովանել է՝ երկու երկրները մի շարք հարցերում տարաձայնություններ ունեն:

Մարկ Լիբբին երկու ամիս առաջ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնը ստանձնել է ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունների լարվածության պայմաններում։ Բաքուն հակաամերիկյան արշավ սկսեց, երբ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ'Բրայանը հայտարարեց, որ Ղարաբաղի դեմ լայնածավալ հարձակումից հետո Ադրբեջանի հետ հարաբերությունները նորմալ չեն լինի, քանի դեռ առաջընթաց չեն տեսել խաղաղության շուրջ բանակցություններում։ Ադրբեջանի արտգործնախարարությունն ի պատասխան հայտարարեց՝ Վաշինգտոնին այլևս անկեղծ միջնորդ չի համարում, և պնդեց, թե ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը հակաադրբեջանական գործունեություն է ծավալում, Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևն էլ հավելեց, թե պետք է արգելել հայերի հետ կապեր ունեցող Սամանթա Փաուերի ղեկավարած ամերիկյան կազմակերպության գործունեությունը Ադրբեջանում։

Դեսպանի գնահատմամբ՝ նման մեղադրանքները չեն նպաստում երկկողմ հարաբերությունների զարգացմանը: Դատելով դիվանագետի խոսքերից՝ կնճռոտ հարցերին ավելացել է նաև ադրբեջանցի մի խումբ լրագրողների ձերբակալությունների թեման։ Լիբբին խուսափեցլ է պատասխանել՝ ինչու են Ադրբեջանում լրագրողները հայտնվել ճաղերի ետևում, խորհուրդ է տվել Ալիևի վարչակազմին դիմել այդ հարցով։

«Մենք մեր մտահոգությունն ենք հայտնել լրագրողների և քաղաքացիական հասարակության ակտիվիստների ձերբակալությունների կապակցությամբ։ Մենք նաև մտահոգություն ենք հայտնել Ադրբեջանում ԱՄՆ-ի օգնության և մշակութային ծրագրերի խեղաթյուրման կապակցությամբ։ Սա բացասաբար է անդրադառնում մեր հարաբերությունների վրա», - հայտարարել է ամերիկացի դիվանագետը՝ չհստակեցնելով, սակայն, թե Վաշինգտոնի համար սկզբունքային նշանակություն ունեցող այդ հարցերի լուծման համար ինչ քայլերի է պատրաստ Միացյալ Նահանգները:

Դեսպանն առանց հստակեցնելու միայն նշել է, թե իրավիճակը շտկելու բազմաթիվ հնարավորություններ կան, հավելել, թե Բաքվի և Վաշինգտոնի շահերը բազմաթիվ ոլորտներում են համընկնում, այդ թվում՝ էներգետիկ, անվտանգության։

Լրագրողներից մեկն ամերիկացի դեսպանին հարցրել է՝ ինչո՞ւ Ադրբեջանին ռազմական աջակցությունն արգելող 907-րդ լրացումը ուժի մեջ մնաց: «Չեմ կարծում, որ Ադրբեջանն այժմ ռազմական օգնության կարիք ունի», - համառոտ արձագանքել է դեսպանը։

Ինչո՞ւ Միացյալ Նահանգները չի շնորհավորել Իլհամ Ալիևին նախագահի պաշտոնում հինգերորդ անգամ ընտրվելու կապակցությամբ, այլ փոխարենը մեջբերել է ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ բացասական գնահատականները։ Դեսպան Լիբբին հարցին ուղիղ չի պատասխանել, այլ վերահաստատել է Վաշինգտոնից անցած օրերին հնչած հայտարարությունը՝ ԱՄՆ-ը կիսում է ԵԱՀԿ զեկույցում արտահայտված մտահոգությունները ընտրությունների վերաբերյալ:

Ադրբեջանի նախագահական ընտրությունները, որի արդյունքներով Ալիևը ստացել է քվեների ավելի քան 92 տոկոսը, ըստ ԵԱՀԿ-ի դիտորդների, եղել են ոչ մրցակցային և «անցել են սահմանափակող միջավայրում», դիտորդներն արձանագրել են լցոնումների, բազմակի քվեարկության դեպքեր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG