Աբխազական ընդդիմության ու իշխանության երեքական ներկայացուցիչներ նստել են դեմառդեմ բանակցությունների՝ ինքնահռչակ հանրապետությունում ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու հարցով։
Իշխանությունների հետ բանակցություններին մասնակցում են ընդդիմության Համակարգող խորհրդի ներկայացուցիչներ Ադգուր Արձինբան, Լևան Միկաան և ընդդիմադիր պատգամավոր Կան Կվարչիան։
Ըստ Արձինբայի՝ իշխանական եռյակից մեկը փոխնախագահ Բադրա Գունբան է, ով հավանական է ինքնահռչակ պետության նախագահի հրաժարականից հետո կստանձնի նախագահի պարտկանությունները մինչև արտահերթ ընտրություններ։
Ավելի վաղ ուղիղ բանակցություններ կազմակերպելու որոշման հանգել էին աբխազական խորհրդարանի պատգամավորները ՝ մոտ 20 հոգով հավաք անցկացնելով։ Պատգամավոր Կան Կվարչիան հավաքի ավարտից հետո նշել էր. - «Պետք է ուղիղ բանակցություններ վարել առանց միջնորդների խորհրդարանական հարթակում։ Այստեղ մի բան ենք ասում՝ այնտեղ գուցե այլ բան է հասնում, մենք էլ վստահ չենք՝ արդյոք այնտեղից ամեն ինչ ճիշտ են փոխանցում։ Որպեսզի փչացած հեռախոս չստացվի, պետք է դեմառդեմ բանակցել»:
Մինչ այդ, Աբխազիայի ինքնահռչակ հանրապետության մայրաքաղաք Սուխումիում իրավիճակը լարված է մնում։ Ընդդիմության ներկայացուցիչները շարունակում են վերահսկել կառավարական շենքերի համալիրը, թույլ չտալ գործադիրի ներկայացուցիչների մուտքը և պահանջում են նախագահի անհապաղ հրաժարականը։
Նախագահ Ասլան Բժանիան ուրբաթ օրը զանգվածային բողոքի հանրահավաքներից հետո մայրաքաղաքից հեռացել է իր հայրենի գյուղ, հայտարարել է, որ պատրաստ է հրաժարական տալ, սահմանադրության համաձայն իշխանությունը փոխանցել փոխնախագահին ու արտահերթ ընտրություններ նշանակել, բայց միայն այն դեպքում, եթե ցուցարարները լքեն Սուխումիի կառավարական շենքերի համալիրը։
Աբխազական ժողովրդական շարժման առաջնորդ, ընդդիմության Համակարգող խորհրդի ներկայացուցիչ Ադգուր Արձինբայի խոսքով ՝ իրենք համաձայն են, որ Բժանիայի հրաժարականից հետո նախագահի պարտականությունները կատարի փոխնախագահը, սակայն վարչապետը պիտի լինի ընդդիմության ներկայացուցիչ։ Արձինբայի խոսքով՝ դա անհրաժեշտ է, որպեսզի մինչև արտահերթ ընտրությունների ավարտը որևէ փաստաթուղթ չստորագրվի:
«Մենք մտավախություն ունենք, որ արտահերթ ընտրությունների այս միջանկյալ ժամանակահատվածում ինչ-որ փաստաթղթեր կստորագրվեն, որոնք է՛լ ավելի մեծ վնաս կհասցնեն Աբխազիային։ Այն փաստաթղթերը, որ այստեղ ամեն օր հայտնաբերում ենք, ցույց են տալիս, որ ազգային շահերի ամբողջական հանձնում էր տեղի ունենում՝ բոլոր ուղղություններով։ Որպեսզի այս գործընթացները սառեցվեն, հանրությունը պահանջում է, որ գործադիրում լիակատար վերահսկողություն լինի», - հայտարարել է ընդդիմադիր գործիչը:
Բացի այդ, ըստ Արձինբայի, գործադիրում ընդդիմության վերահսկողությունը թույլ չի տա, որ Բժանիան, ով մտադիր է իր թեկնածությունը դնել արտահերթ ընտրություններում, ադմինիստրատիվ լծակներ օգտագործի։
Այս հայտարարություններին դեռ պատասխան չկա, բայց ընդդիմության առաջնորդը հույս է հայտնել, որ այսօրվա ընթացքում որևէ լուծման կհանգեն, քանի որ այս վիճակը չի կարող երկար շարունակվել։
Սուխումիում իրավիճակը կտրուկ սրվեց նոյեմբերի 15-ին՝ Ռուսաստանի հետ ներդրումների վիճահարույց պայմանագիրը վավերացնելու դեմ ցույցերի ժամանակ, որը ենթադրում է տնտեսական շատ լայն արտոնություններ ռուսաստանցի խոշոր ներդրողների համար։ Ըստ իշխանության՝ այն տնտեսական օգուտներ կբերի, ընդդիմության պնդմամբ՝ պայմանագիրն ազգային շահերի դեմ է և բոլոր առումներով արտոնյալ պայմաններ ստեղծելով ռուսական կապիտալի համար՝ կկործանի տեղական փոքր ու միջին բիզնեսները։
Ռուսաստանից արձագանքել են ինքնահռչակ Աբխազիայի հանրապետությունում ստեղծված իրավիճակին, Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի և Աբխազիայի միջև երկկողմ հարաբերությունները կարևոր առաջնահերթություն են իրենց համար, և որ իրենք հանդես են գալիս հանրապետությունում իրավիճակի կարգավորման օգտին։
Սա նոյեմբերի 15-ին Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունից հետո Մոսկվայի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ Զախարովան Աբխազիայում զանգվածային ցույցերի ու բախումների օրը ռուսաստանցիներին Աբխազիա չմեկնելու կոչից զատ, նաև քննադատել էր Աբխազիայի ընդդիմադիր ուժերին, որոնք, ըստ նրա, «հնարավոր չեն համարել երկրի օրինական իշխանության հետ տարաձայնությունները լուծել քաղաքակիրթ, փոխադարձ հարգալից երկխոսության միջոցով և դուրս են եկել իրավական շրջանակներից՝ սրելով կոնֆլիկտը»։ Հայտարարությունում նշվում էր նաև, թե ռուսական կողմը, «առանց միջամտելու Աբխազիայի ներքին գործընթացներին, ակնկալում է, որ ստեղծված իրավիճակը կկարգավորվի բացառապես խաղաղ քաղաքական ճանապարհով»։
Ուշագրավ է, որ այսօր Բժանիայի հրաժարականի պահանջի և արտահերթ ընտրությունների հնարավորության ֆոնին, ինքնահռչակ հանարպետության նախագահի մամլո ծառայությունը հրապարակել է այսօրվա ամսաթվով մի փաստաթուղթ, որն ուղարկված է Սուխումիում Ռուսաստանի դեսպանի կողմից։ Դրանում նշվում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է դեսպանին Բժանիային փոխանցել 2025 թվականի մայիսի 9-ին Մոսկվայում Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու հրավեր։