Ռուսաստանը հանդես է գալիս Աբխազիայի ինքնահռչակ հանրապետությունում իրավիճակի շուտափույթ կարգավորման օգտին, հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Լրագրողների հարցին՝ արդյոք Աբխազիայում բողոքի ակցիաները կազդեն ռուս-աբխազական հարաբերությունների վրա, Պեսկովը պատասխանել է, որ այդ հարաբերությունները Ռուսաստանի «արտաքին քաղաքականության շատ կարևոր առաջնահերթությունն են»։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան քննադատել է ընդդիմադիր ուժերին, որոնք պահանջում են չեղարկել Մոսկվայի և Սուխումիի միջև կնքված վիճահարույց ներդրումային համաձայնագիրն ու իշխանությունների անհապաղ հեռացումը։
Աբխազիայի և Ռուսաստանի միջև ներդրումային համաձայնագրի հիմնական դրույթները վերաբերում են ռուսաստանյան խոշոր ներդրումներ անող ընկերություններին զգալի արտոնություններ տալուն՝ Աբխազիայում հողակտորներ, ավելի քան երկու տասնամյակ հարկային արձակուրդ, արտերկրից աշխատողներ բերելու թույլտվություն ու նաև շինարարության համար անհրաժեշտ նյութերի անմաքս ներմուծում։
Քննադատների գնահատմամբ, փաստաթուղթը միաժամանակ Աբխազիայի փոքր և միջին բիզնեսի շահերն է ոտնահարում՝ առաջին հերթին զբոսաշրջության ոլորտում, որը չճանաչված հանրապետության բյուջեի եկամուտների մեկ երրորդն է ապահովում։
Ըստ նրանց՝ եթե համաձայնագիրն ուժի մեջ մտնի, ապա ռուսաստանցի ներդրողներին հնարավորություն կտրվի առանց Աբխազիայի քաղաքացիների մասնակցության՝ գործունեություն ծավալել, իսկ աբխազներին կվերապահվի միայն էժան վարձու աշխատողի դերը։