Եվրամիությունը խորապես ափսոսում է, որ Վրաստանի խորհրդարանը որոշեց հաղթահարել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի վրա նախագահի դրած վետոն և անտեսել Վենետիկի հանձնաժողովի մանրամասն իրավական փաստարկներն ընդդեմ այդ օրենքի:
Ինչպես ասված է ԵՄ բարձր ներկայացուցչի և Եվրահանձնաժողովի հայտարարությունում, Եվրամիությունը բազմիցս շեշտել է, որ Վրաստանի խորհրդարանի ընդունած օրենքը հակասում է ԵՄ առանցքային սկզբունքներին և արժեքներին: Դրա կիրառումը կնշանակի նահանջ ԵՄ անդամի թեկնածության կարգավիճակի համար Եվրահանձնաժողովի առաջարկներում սահմանված ինը քայլից առնվազն երեքից և բացասաբար կանդրադառնա Վրաստանի անդամակցության գործընթացի վրա:
«Հորդորում ենք Վրաստանի իշխանություններին ետ շրջել այդ միտումը և վճռականորեն վերադառնալ ճանապարհ դեպի ԵՄ: Դեռ ժամանակ կա՝ փոխելու դինամիկան, սակայն անհրաժեշտ է կառավարող իշխանությունների ամուր նվիրվածությունը», - ասված է հայտարարությունում:
Վրաստանի խորհրդարանն այսօր քվեների 84-4 հարաբերակցությամբ հաղթահարեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի նկատմամբ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի սահմանած վետոն:
Սա նշանակում է, որ Զուրաբիշվիլին պարտավոր է հինգ օրվա ընթացքում վավերացնել օրինագիծը: Եթե նախագահը վերստին հրաժարվի դա անել, ապա օրինագիծն ուժի մեջ կմտնի խորհրդարանի խոսնակի ստորագրությամբ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վրաստանի խորհրդարանը հաղթահարեց նախագահի վետոն