Մի քանի ժամ առաջ մայիսի 19-ին ավիավթարից զոհված Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի, արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանի և ևս հինգ գործիչների աճյունները տեղափոխող օդանավը վայրէջք կատարեց Թեհրանի օդանավակայանում։ Այստեղ հավաքվել էր Իսլամական Հանրապետության գրեթե ամբողջ բարձրագույն ղեկավարությունը՝ բացառությամբ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի։ Նա Ռայիսիին և մյուսներին վերջին հրաժեշտը կտա վաղը՝ Թեհրանի խոշորագույն մզկիթներից մեկում կայանալիք հոգեհանգստի արարողության ընթացքում։ Մայիսի 23-ին էլ Իրանի 8-րդ նախագահի աճյունը կտեղափոխվի նրա հայրենի Մեշհեդ քաղաք՝ ամփոփվելով շիա իսլամի ամենահեղինակավոր գործիչներից մեկը համարվող 8-րդ Իմամ Ռեզայի դամբարանի տարածքում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրանում մեկնարկել են նախագահի և մյուս զոհերի հուղարկավորության արարողություններըՕրվա առաջին կեսին Ռայիսիին և նախագահական ուղղաթիռի վթարի հետևանքով զոհված մյուս գործիչներին հրաժեշտ էին տալիս առավելապես ադրբեջանցներով բնակեցված Թավրիզի բնակիչները։ Զոհված պաշտոնյաների աճյունները տեղափոխող բեռնատարը ժամեր շարունակ պտտվում էր սգացող մարդկանցով լեփ-լեցուն Թավրիզի փողոցներով, իսկ բարձրախոսներից անդադար աղոթք ու ողբ էր հնչում՝ արաբերեն, պարսկերեն և ադրբեջաներեն։
Սգո արարողություններին զուգահեռ՝ Իրանում մեկնարկել է նախագահական ուղղաթիռի վթարի պաշտոնական հետաքննությունը։ Ուշագրավ է, ի դեպ, որ այն վստահվել է երկրի Զինված ուժերին։ Նախօրեին Գլխավոր շտաբի պետ Մոհամադ Բաղերին հրահանգել է հատուկ քննչական հանձնաժողով ստեղծել, որում մի շարք հեղինակավոր ռազմական և տեխնիկական փորձագետներ են ընդգրկվել։ Այս պահին, սակայն, իրանական կողմը որևէ հստակ վարկած առաջ չի քաշում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռայիսիի մահվան հանգամանքները կքննեն իրանցի զինվորականներըԱռաջին ոչ պաշտոնական վարկածի հեղինակը դարձավ Իրանի նախկին ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը` ակնարկելով, թե նախագահին տեղափոխող ամերիկյան արտադրության Bell 212 մակնիշի ուղղաթիռը տեխնիկական սպասարկման հետ կապված խնդիրներ ուներ։ «Երեկվա ողբերգության մեղավորը Միացյալ Նահանգներն է, որի սահմանած պատժամիջոցների պատճառով Իրանը չի կարողանում կենսական նշանակության ավիացիոն պահեստամասեր ձեռք բերել», - հայտարարեց Զարիֆը։
«Մենք բացարձակապես չենք պատրաստվում ներողություն խնդրել Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների ռեժիմի համար», - անցած գիշեր կայացած ճեպազրույցի ընթացքում Թեհրանից հնչող հայտարարություններին այսպես հակադարձեց Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը։
«Ի վերջո, հենց Իրանի կառավարությունն է պատասխանատու, որ եղանակային վատ պայմաններում որոշել է օգտագործել 45 տարի առաջ արտադրված ուղղաթիռը», - պնդում էր Պետքարտուղարության խոսնակը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրանի նախագահը մահացել է ուղղաթիռի վթարի հետևանքովՎերջինը, ում հանդիպել էր Իրանի նախագահը, Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևն էր․ Ռայիսին զոհվեց Խուդաֆերինի կամրջի մոտ կայացած իրանա-ադրբեջանական բանակցություններից ժամեր անց։ Այսօր արդեն Ադրբեջանի նախագահը Բաքվում Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ հանդիպման ժամանակ պնդում էր՝ Ռայիսիի մահը չպետք է խանգարի այն պայմանավորվածությունների կատարմանը, որոնք ձեռք են բերվել կիրակի օրը։
«Մենք կարծիքներ փոխանակեցինք ենթակառուցվածքային մի շարք կոնկրետ ծրագրերի շուրջ, կարևոր որոշումներ կայացվեցին։ Համոզված եմ՝ այդ հանդիպմանը մասնակցած պաշտոնյաներն այդ ամենը կփոխանցեն Իրանի նոր ղեկավարությանը», - հայտարարում էր Ալիևը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ալիևը հույս է հայտնել, որ Ռայիսիի հետ վերջին պայմանավորվածությունները կյանքի կկոչվեն