Ուղղաթիռի վթարի հետևանքով Իրանի նախագահի, արտգործնախարարի ու նրանց ուղեկցող անձանց մահից հետո գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հնգօրյա սուգ է հայտարարել երկրում։
Էբրահիմ Ռայիսիի հուղարկավորության արարողությունը կսկսվի վաղը Թավրիզում և կշարունակվի Թեհրանում, որտեղ նրան հողին կհանձնեն, հայտնել է պետական IRNA գործակալությունը։ Սգո օրեր են հայտարարվել նաև Իրաքում, Հնդկաստանում, Սիրիայում և Լիբանանում։
Լուրը, որ Իրանի նախագահն, նրան ուղեկցող պաշտոնյաներն ու ուղղաթիռի անձնակազմը զոհվել է, պաշտոնապես հաստատվեց միայն առավոտյան՝ գիշերային որոնողական աշխատանքներից հետո, վթարի մասին առաջին տեղեկություններից մոտ 14-15 ժամ անց։ Նախագահի ուղղաթիռը կործանվել է Ադրբեջանի հետ սահմանի մոտ գտնվող լեռնային հատվածում։ Ռայիսին և նրան ուղեկցող պաշտոնյաները վերադառնում էին Ադրբեջանից։ Ընդ որում՝ Իրանի նախագահի շարասյան երեք ուղղաթիռներից երկուսը բարեհաջող վայրէջք են կատարել:
Փրկարարները տեղում գտել էին ամերիկյան Bell 212 ուղղաթիռի մոխրացած բեկորներն ու զոհերի մարմինները։ Իրանի պետական ՀԸ տվյալներով՝ ուղղաթիռը բախվել է լեռան գագաթին։ Իրանական Կարմիր մահիկի ղեկավարն ասել է՝ երբ փրկարարները հասել են վթարի վայր, «ուղղաթիռի ուղևորները այլևս կենդանության նշաններ ցույց չեն տվել»։
Պաշտոնական Թեհրանը վթարի վարկածի մասին դեռ ոչինչ չի հայտարարել, սակայն այսօր Իրանի պետական հեռուստատեսությունը հայտնել է, որ ուղղաթիռը կործանվել է եղանակային վատ պայմանների պատճառով։ Իրանի թշնամի Իսրայելում հերքել են որևէ կապը Ռայիսիի մահվան հետ, հայտնել է Reuters-ը՝ հղում անելով իսրայելցի մի պաշտոնյայի։
Ռայիսին Թեհրան էր վերադառնում Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգից՝ Ադրբեջանի հետ սահմանից, որտեղ նախագահ Իլհամ Ալիևի հետ մասնակցել էր սահմանային Արաքս գետի վրա ամբարտակի բացման արարողությանը։
63-ամյա Էբրահիմ Ռայիսին հայտնի էր իր ծայրահեղ պահպանողական հայացքներով և համարվում էր Իրանի 85-ամյա գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի ամենահավանական ժառանգորդը։
Իր ընտրությունից մեկ տարի անց՝ 2022 թվականին, Ռայիսին դաժանորեն ճնշել էր աննախադեպ մեկամսյա հակաիշխանական ցույցերը: Նա պաշտպանում էր արյունալի ճնշումը և մեղադրում օտար ուժերին ու ընդդիմադիր խմբերին անկարգություններ հրահրելու համար: Վերջին տասնամյակում երկրի ամենամեծ այդ բողոքի ալիքի ժամանակ սպանվեցին հարյուրավոր մարդիկ, հազարավորները կալանավորվեցին։
80-ականներին, երբ նա Թեհրանի դատախազի տեղակալն էր, Ռայիսին ստացել էր «Թեհրանի դահիճ» մականունը՝ քաղբանտարկյալների զանգվածային մահապատժի մեջ իր դերի համար:
Նրա վարչակազմի օրոք Իրանը խորացրեց հարաբերությունները Չինաստանի և Ռուսաստանի հետ և հակառակը՝ ավելի խորացրեց առճակատումը Արևմուտքի և երկրի գլխավոր թշնամի Իսրայելի հետ:
Իսլամական Հանրապետության նախագահի պաշտոնը մինչև նոր ընտրությունները կզբաղեցնի փոխնախագահ Մուհամեդ Մոհբերը։ Իսլամական պետության սահմանադրության համաձայն՝ ընտրությունները պետք է կայանան նախագահի մահից ոչ ուշ, քան 50 օր հետո։ Իրանի հոգևոր առաջնորդի հետ սերտ կապերով հայտնի 68-ամյա Մոհբերն առաջին փոխնախագահ էր նշանակվել 2021 թվականի ընտրություններից հետո։ Այսօր կառավարության նիստին նա ընդգծել է, թե այս ողբերգությունը չպետք է խաթարի երկրի բնականոն կյանքը։
Իրանի նախագահի մահվան կապակցությամբ իրենց ցավակցություններն են հայտնել բազմաթիվ երկրների, այդ թվում հարևան Հայաստանի և Արդբեջանի ղեկավարները, Ռուսաստանի և Չինաստանի նախագահները, Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը։