Իրանագետ Աննա Գևորգյանը «Ազատության» հետ զրույցում անդրադառնում է Իրանի նախագահի և այլ պաշտոնյաների մահվանից հետո երկրում սպասվող իրավիճակին, Հայաստանի վրա անդրադարձին, Էբրահիմ Ռայիսիի դերակատարությանը Իրանի քաղաքական կյանքում։
Ըստ նրա՝ բազում վերլուծություններ կային, որ մի քանի հավանական թեկնածուներից ամենաշահեկանը և պակաս ռիսկայինը իշխանության համար Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդի պաշտոնում հենց Ռայիսին կլիներ։
Նախագահ Էբրահիմ Ռայիսին և նրա ուղեկիցները, այդ թվում՝ արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը մահացած են գտնվել Իրանի հյուսիս-արևմուտքում՝ ուղղաթիռի կործանման վայրում: Իրանի պետական հեռուստատեսությունը մայիսի 20-ին հայտնել է, որ ուղղաթիռը կործանվել է եղանակային վատ պայմանների պատճառով:
Ստորև ներկայացնում ենք հատված հարցազրույցից.
«Ազատություն» - Ի՞նչ կարող է հաջորդել այս ողբերգական իրադարձությանն Իրանում. մահացել է ոչ միայն նախագահը, այլև փաստացի հոգևոր առաջնորդի հնարավոր փոխարինողը։
Աննա Գևորգյան - Այո, ճիշտ եք՝ նախագահ Ռայիսիի թեկնածությունը քննարկվում էր որպես ամենահավանական թեկնածուն՝ հաջորդ հոգևոր առաջնորդը լինելու։ Ես հիշեցնեմ, որ ըստ Իրանի սահմանադրության՝ հոգևոր առաջնորդի մահվանից հետո անմիջապես պետք է ձևավորվի կոմիտե հոգաբարձուների խորհրդի շրջանակներում, և այդ կոմիտեն պետք է ընտրի թեկնածուի, և քանի որ Սահմանադրությունը շատ խիստ չափանիշներ է սահմանել, թե ով կարող է լինել հոգևոր առաջնորդ, հետևաբար շատ քիչ են բոլոր այն հավանական մարդիկ, որոնք որ կարող են հավակնել։
Դա վերաբերում է և՛ կրոնական ճանապարհը, որ անցել են, և՛ տիտղոսները, որ ունեն կրոնական, բայց նաև քաղաքական որոշակի կապիտալ պիտի ունենա այդ մարդը, որպեսզի կարողանա լինել այն պաշտոնում, որը փաստացի բոլոր ճյուղերը իշխանության ղեկավարում է, և այդ իմաստով այն հանգամանքը, որ Ռայիսին և դատական համակարգի ղեկավար է եղել և երկար տարիների փորձառություն ունի նաև հոգևոր դասի հետ առնչվելու, որովհետև շատ կարևոր հոգևոր կրոնական հիմնադրամներից մեկի ղեկավար է եղել, նաև ոչ միայն նախագահ էր ընտրվել այս վերջին ընտրությունների ժամանակ, այլ նաև նախորդիվ մասնակցել էր նաև նախագահական ընտրություններին ու դրանով իսկ հնարավորություն էր ստացել նաև միջին վիճակագրական իրանցիների հետ ավելի շատ շփումներ ունենալ։
Այս բոլորը հաշվի առնելով՝ բազում վերլուծություններ կային այն մասին, որ մի քանի հավանական թեկնածուներից ամենաշահեկանը և պակաս ռիսկայինը իշխանության համար հենց Ռայիսին կլիներ։
Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում.