«Ռուսն ու չինացին հավերժ եղբայրներ են». Պուտինն այցելում է Չինաստան

Չինաստանի նախագահ Սի Ծինփինն ընդունում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, Պեկին, 16-ը մայիսի, 2024թ.

Ռուսաստանի և Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 75-ամյակին նվիրված համերգից առաջ, երկու երկրների հարաբերությունները նկարագրելու համար ՌԴ նախագահն այսօր հիշել է խորհրդային երգից մի արտահայտություն՝ «ռուսն ու չինացին հավերժ եղբայրներ են»:

Վլադիմիր Պուտինը նախագահական հինգերորդ ժամկետը ստանձնելուց հետո առաջին արտերկրյա այցով Պեկինում է։ Պատվիրակության կազմում են նաև անվտանգության և պաշտպանության ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաներ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պուտինը պետական այցով Չինաստանում է

Իր չինացի գործընկերոջ հետ ասուլիսում Պուտինը հարկ է համարել ընդգծել՝ արդեն ավանդույթ է, որ ինքն իր առաջին արտասահմանյան այցը կատարում Չինաստան, Սի Ծինփինն էլ՝ Ռուսաստան։

«Համաշխարհային հարցերում մեր համագործակցությունն այսօր հիմնական կայունացնող գործոններից է միջազգային ասպարեզում», - ասել է ՌԴ նախագահը:

Ուկրաինայում ռուսական կողմի առավել ինտենսիվ դարձած հարձակումների ֆոնին Ռուսաստանի և Չինաստանի առաջնորդներն այսօր պայմանավորվել են առավել խորացնել ռազմավարական կապերը։ Ե՛վ պաշտոնական բանակցությունների, և՛ ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ Սի Ծինփինը և Վլադիմիր Պուտինը քննարկել են նաև ռուս - ուկրաինական պատերազմը:

Ավելին՝ համատեղ հայտարարություն են տարածել, որում արձանագրել են՝ Ռուսաստանն ու Չինաստանը դեմ են Ուկրաինայում պատերազմի «ձգձգմանը» և կարծում են, որ այն չպետք է անցնի «անվերահսկելի փուլ»։

Հայտարարությունում նաև ասվում է, թե «ուկրաինական ճգնաժամը կայուն կերպով լուծելու» համար պետք է վերացնել դրա «հիմնական պատճառները»։

Ռուսական կողմն, ըստ հայտարարության, «դրական է գնահատում Չինաստանի օբյեկտիվ և անաչառ դիրքորոշումը ուկրաինական հարցում, որ հակամարտությունները պետք է լուծվեն ՄԱԿ-ի Կանոնադրության հիման վրա»։

Այսօր ավելի վաղ Չինաստանի նախագահն ընդգծել էր, թե Պեկինի ու Մոսկվայի մոտեցումը նույնն է՝ պատերազմը պետք է «քաղաքական լուծում» ունենա, նա, սակայն, լուծման մանրամասները չի ներկայացրել։ Միայն նշել է անցած տարի հրապարակված չինական խաղաղության առաջարկները, որոնք քննադատել էին ինչպես Կիևը, այնպես էլ Արևմուտքը։ Այդ առաջարկներում հիմնական կետը թերևս այն էր, որ խաղաղության համար Ռուսաստանից չի պահանջվում դուրս բերել զորքերը Ուկրաինայի տարածքից։

«Չինաստանի դիրքորոշումն այս հարցում եղել է հետևողական և հստակ։ Սա ներառում է ՄԱԿ-ի Կանոնադրության նպատակներին և սկզբունքներին ենթարկվելը, բոլոր երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, բոլոր կողմերի անվտանգության ողջամիտ մտահոգությունները հարգելը և անվտանգության նոր հավասարակշռված, արդյունավետ և կայուն շրջանակի ստեղծումը», - ասել է Սի Ծինփինը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սի Ծինփին․ «Ուկրաինական ճգնաժամի հանգուցալուծումը պետք է քաղաքական լինի»

Պատերազմի մեկնարկից ի վեր Չինաստանը երբեք չի դատապարտել Ռուսաստանին Ուկրաինա ներխուժելու համար և չի քվեարկել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևերի օգտին, փոխարենը՝ մեկ անգամ չէ որ մեղադրել է Միացյալ Նահանգներին և Արևմուտքին «հակամարտություն հրահրելու համար»:

Միևնույն ժամանակ, Չինաստանը պաշտոնապես չի ճանաչել ոչ Ղրիմի և ոչ էլ Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերի միացումը Ռուսաստանին։ Ավելին, արևմտյան փորձագետների պնդմամբ՝ Չինաստանի առաջնորդը Կրեմլի ղեկավարին հասկացրել է, որ Պեկինի համար պատերազմում միջուկային զենքի կիրառումը «կտրականապես անընդունելի է»։

Այդուամենայնիվ, Կրեմլը մշտապես շեշտում է, թե այսօր Մոսկվայի թիվ մեկ ռազմավարական գործընկերը Պեկինն է։

Պատերազմից հետո ռուսական տնտեսությունը մեծապես կախված է Չինաստանից։ Չինաստանը Ռուսաստանին զգալի աջակցություն ցուցաբերեց արևմտյան պատժամիջոցների պայմաններում՝ և՛ որպես աշխարհում գրեթե ամեն ինչի մատակարար՝ մեքենաներից մինչև սմարթֆոններ, և՛ որպես նրա էներգետիկ ռեսուրսների գնորդ:

Երկու երկրների առաջնորդներն այսօր ողջունեցին աճող երկկողմ առևտուրը և ստորագրեցին մի շարք նոր համաձայնագրեր։
Վաղը Պուտինը կմեկնի Հարբին։ Չինաստանի հյուսիս-արևելքում գտնվող այս քաղաքը հայտնի է Ռուսաստանի հետ հարուստ մշակութային և պատմական կապերով:

Չինաստանի հարցերով փորձագետ Ալեքսանդր Չիգադաևը կարծում է, որ Չինաստանի և Ռուսաստանի հարաբերությունները տնտեսական առումով չի կարելի դիտարկել որպես երկու հավասար գործընկերների հարաբերություններ։ Միևնույն ժամանակ նկատում է՝ Մոսկվան, իհարկե, պարտք չի ուզում Պեկինից, այլ ասում է. - «Մենք պատրաստ ենք ձեզ շատ բան վաճառել, դուք միայն անխափան գնեք այն, ինչ մենք վաճառում ենք»։

«Կարևորը Մոսկվայի համար Չինաստան ռուսական գազի և նավթի արտահանման հետագա աճն է։ Դրա համար էլ, փաստորեն, ռուսական էներգետիկ ընկերությունների բոլոր ղեկավարները Պուտինի հետ Պեկինում են», - նշում է փորձագետը:

Պեկինը, ըստ Չիգադաևի, ցանկանում է շարունակել գնել ռուսական նավթն ու գազը զեղչերով և ուզում է բացել ռուսական շուկան չինական ապրանքների համար, բայց, իհարկե, դա անել այնպես, որ չհայտնվի Արևմուտքի պատժամիջոցների տակ:

Մյուս կողմից ՝ պատերազմի ընթացքի և ապագա խաղաղության կոնտեքստում հենց Սի Ծինփինի կարծիքն է կարևոր Պուտինի համար, կամ ինչպես փորձագետն է ասում՝ հենց նրա կարծիքի հետ է հաշվի նստում Կրեմլի ղեկավարը:

«Շատ ապրանքներ, այդ թվում՝ երկակի նշանակության ապրանքներ, Ռուսաստան են մատակարարվում Չինաստանից, և իսկապես այդ մատակարարումներից շատերը վտանգի տակ են։ Ռուսաստանին բաղադրիչներ են պետք: Բայց թե ինչպես են դրանք մատակարարվելու և ինչպես են գնվելու, մեծ հարց է։ Նրանք Ռուսաստան կարող են հասնել Ղազախստանով, Հոնկոնգով, Հյուսիսային Կորեայով կամ նույնիսկ Թուրքիայով», - նշում է Չիգադաևը:

Պեկինը ու Մոսկվան շատ բարդ հարցեր ունեն քննարկելու՝ հարցեր, որոնցից կախված է ոչ միայն ռուսական տնտեսության վիճակը, այլև ինչ-որ առումով նաև իրավիճակն ուկրաինական ճակատում, «Ազատության» ռուսական ծառայությանը տված հարցազրույցում ամփոփել է փորձագետը: