Միացյալ Նահանգների պետական քարտուղար Էնթոնի Բլինքենը մտահոգություն է հայտնել Ուկրաինայի դեմ պատերազմում Չինաստանի կողմից Ռուսաստանի բանակին օգնություն տրամադրելու վերաբերյալ:
Նա ասել է, թե դա մոլորակի երկու տնտեսական գերտերությունների՝ Միացյալ Նահանգների և Չինաստանի հարաբերությունների զարգացումը խոչընդոտող հանգամանքներից մեկն է: Այդ մասին Բլինքենը հայտարարել է Պեկինում՝ իր չինացի պաշտոնակից Վան Իի հետ 5,5 ժամ տևած բանակցությունների ընթացքում:
«Ես կրկնել եմ, որ մեզ շատ է անհանգստացնում Ուկրաինայի դեմ դաժան պատերազմ սանձազերծած Ռուսաստանին Չինաստանի կողմից օգնություն տրամադրելու հարցը»,- նշել է Բլինքենը:
Նրա այցի ընթացքում էական առաջխաղացում չի գրանցվել ոչ Չինաստանի էժան արտահանումների խնդրի, ոչ էլ Թայվանի շուրջ և Հարավչինական ծովում առկա լարվածության թուլացման հարցում:
Սակայն Բլինքենն անպատասխան է թողել ռուսներին օգնելու համար Պեկինի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հնարավորության մասին հարցը:
Պեկինում Միացյալ Նահանգների պետական դեպարտամենտի ղեկավար Էնթոնի Բլինքենին ընդունել է նաև Չինաստանի նախագահ Սի Ծինպինը:
ԱՄՆ պետքարտուղարի այցը Չինաստան ավարտվել է: