«Ավրորա» համաշխարհային մարդասիրական 8-րդ մրցանակը երեկ Լոս Անջելեսում շնորհվել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում գործող իրավապաշտպան, գինեկոլոգ, բժիշկ Դենիս Մուկվեգեին:
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հաղորդագրության համաձայն՝ Մուկվեգեն Կոնգոյի «Փանզի» հիվանդանոցի և հիմնադրամի նախագահն է, որը հիմնադրել է 1999-ին՝ մայրական առողջության և մայրական մահացության համակարգային խնդիրը լուծելու նպատակով: Շարունակվող հակամարտության և պատերազմից բխող առողջապահական կարիքների պայմաններում՝ հիվանդանոցը դարձել է հակամարտությունների ժամանակ սեռական բռնության ենթարկվածների բուժման առաջատար կենտրոններից մեկն աշխարհում:
Երեք ժամ տևած փակ քննարկումից հետո «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովը հրապարակել է իր որոշումը՝ արժանին մատուցելով բժիշկ Մուկվեգեին խիզախ աշխատանքի և մարդու իրավունքների պաշտպանությանը նվիրումի համար: Դափնեկիրն ստանում է 1 միլիոն ԱՄՆ դոլար պարգև և նվիրատվության շղթան շարունակելու բացառիկ հնարավորություն՝ աջակցելով համայնքային առաջնորդներին, որոնք օգնում են կարիքի մեջ գտնվող մարդկանց:
Հիվանդանոցի ստեղծումից ի վեր բժիշկ Մուկվեգեն և նրա թիմն օգնել են Կոնգոյում սեռական բռնությունից տուժած ավելի քան 80 հազար մարդու: Հիվանդանոցում բուժում են ոչ միայն նրանց ֆիզիկական վերքերը, այլև տրամադրում իրավական աջակցություն, սոցիալ-տնտեսական վերաինտեգրում և սոցիալ-հոգեբանական ծառայություններ: Մուկվեգեն չի ընկրկել կանանց պաշտպանության և սեռական բռնության մեղավորներին պատասխանատվության ենթարկելու գործում՝ դեմ դուրս գալով նաև Կոնգոյի կառավարությանը և Կոնգոյի արևելյան հատվածը պաշարած զինված խմբերին: 2018 թվականին նա արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Նադիա Մուրադը և Դենիս Մուկվեգեն՝ Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրներՍտեղծվելով Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ձգտում է լուծել մարդասիրական խնդիրներն աշխարհի տարբեր անկյուններում՝ տեղում օգնելով ամենակարիքավորներին: «Ավրորա»-ն արդեն նախաձեռնել է եւ աջակցել ավելի քան 427 նախագծի 56 երկրում և տարածքում՝ զգալի ազդեցություն գործելով խիստ կարիքի մեջ գտնվող մոտավորապես 3.2 մլն մարդու կյանքի վրա: