Ամերիկյան զենքի առաջին խմբաքանակը Ուկրաինա կհասնի արդեն մի քանի օրից

Ուկրաինային շուրջ 60 միլիարդ դոլարի ռազմական օգնություն տրամադրելու օրինագիծը Միացյալ Նահանգների նախագահ Ջոզեֆ Բայդենը ստորագրեց երեկ երեկոյան՝ խոստանալով, որ ամենամոտ ապագայում Կիևը կստանա սպառազինության առաջին խմբաքանակը։

«Առաջիկա մի քանի ժամերի ընթացքում՝ բառացիորեն մի քանի ժամից, մենք սկսելու ենք Ուկրաինա ուղարկել հակաօդային պաշտպանության համակարգերի և հրետանու համար նախատեսված զինամթերքը, հրթիռներն ու զրահատեխնիկան: Այս փաթեթն իրականում ոչ միայն Ուկրաինայի, այլև Եվրոպայի և մեր իսկ անվտանգության մեջ կատարված ներդրում է։ Մենք Ուկրաինա սպառազինություն ենք ուղարկում մեր սեփական պահեստներից: Այդ պաշարները կհամալրվեն նոր սպառազինությամբ՝ սպառազինություն, որ կարտադրվի ամերիկյան ընկերությունների կողմից այստեղ՝ Ամերիկայում», - հայտարարում էր Բայդենը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բայդենը ստորագրել է Ուկրաինային ռազմական օգնության տրամադրման մասին օրինագիծը

Պենտագոնի տեղեկություններով՝ Միացյալ Նահանգները Կիևին նախատեսում է սպառազինության բավական լայն տեսականի փոխանցել, այդ թվում՝ HIMARS հրթիռային համակարգերի համար նախատեսված սպառազինություն, զենքի համաշխարհային շուկայում այս պահին դեֆիցիտ համարվող 155 միլիմետր տրամաչափի հրետանային արկեր, Bradley մակնիշի զրահամեքենաներ, Javelin տեսակի հակատանկային շարժական կայանքներ։

Reuters գործակալության տեղեկություններով, սակայն, Կոնգրեսում Ուկրաինային տրամադրվող փաթեթի սառեցումը Սպիտակ տանը չէր խանգարել Կիևին գաղտնի կերպով որոշ զինատեսակներ փոխանցել։ Գործակալության՝ Պենտագոնին մոտ կանգնած աղբյուրները պնդում են, որ դեռ մարտ ամսին նախագահ Բայդենի հրահանգով Ուկրաինային АТАCMS տեսակի հեռահար հրթիռներ էին փոխանցվել, որոնք Կիևն առաջին անգամ կիրառել էր ապրիլի 17-ին՝ հարվածներ հասցնելով Ղրիմի խորքում՝ ռազմաճակատի գծից շուրջ 160 կիլոմետր հեռավորության վրա գտնվող ռազմական ավիաբազաներից մեկին։

Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն այս տեղեկությունները հաստատում է։

«Ես կարող եմ հաստատել այն տեղեկությունը, որ դուք արդեն լսել եք ուրիշներից, որի համաձայն փետրվարին նախագահն իր թիմին հանձնարարել էր Ուկրաինային տրամադրել զգալի քանակությամբ ATACMS տիպի հրթիռներ՝ Ուկրաինայի ինքնիշխան տարածքում կիրառելու նպատակով: Դրանց առաքումը մեկնարկել է մարտին և այդ հրթիռներն արդեն իսկ Ուկրաինայում են», - հայտարարում էր Սալիվանը։

Մոբիլիզացիան այս պահին Կիևի առջև ծառացած գլխավոր խնդիրն է

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու համոզմամբ՝ ամերիկյան օգնության վերաբերյալ Վաշինգտոնում կայացված այս որոշումից հետո առաջնային է դառնում ժամանակի նոր կորուստներից խուսափելը։

Վլադիմիր Զելենսկի

«Այժմ մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի լրացնենք կես տարվա այն դադարը, որն ուղեկցվում էր կասկածներով ու բանավեճերով։ Այն, ինչ ռուս զավթիչները ի վիճակի էին անել այս ողջ շրջանում, այն, ինչ այժմ ծրագրում է Պուտինը, այդ ամենն այժմ պետք է նրա դեմ դուրս աշխատի։ Ռազմաճակատում իրականացված նրա բոլոր գործողությունները, հարվածները մեր էներգետիկ ենթակառույցներին, մեր քաղաքներին ու գյուղերին՝ այդ ամենը պետք է մոբիլիզացնի մեզ», - հայտարարում էր Վլադիմիր Զելենսկին։

Այն, որ մոբիլիզացիան այս պահին Կիևի առջև ծառացած գլխավոր խնդիրն է՝ ընդունում են նաև ուկրաինական իշխանությունները։ Այստեղ լուրջ մտավախություն կա, որ արևմտյան սպառազինության առաքման դրական ազդեցությունը կարող է չեզոքացվել ռազմաճակատում կենդանի ուժի պակասի պատճառով։

Պատերազմի առաջին ամիսներին երկիրը լքած միլիոնավոր տղամարդիկ հայրենիք վերադառնալ չեն շտապում։ Դա է պատճառը, որ Ուկրաինայի ԱԳՆ որոշեց այս շաբաթվանից դադարեցնել արտերկրում գտնվող զորակոչային տարիքի բոլոր տղամարդկանց հյուպատոսական ծառայությունների տրամադրումը։ Դա նշանակում է, որ արտերկրում գտնվող 18-ից 60 տարեկան ուկրաինացի տղամարդիկ կամ պետք է գրանցվեն զորակոչային կենտրոններում՝ առերեսվելով ռազմաճակատ ուղարկվելու իրական վտանգին, կամ էլ շարունակել մնալ արտերկրում՝ հստակ իմանալով, որ իրենց ուկրաինական փաստաթղթերի ժամկետը լրանալու դեպքում դրանք թարմացնելն անհնարին է լինելու։

Պաշտոնական Կիևը այս խնդիրը փորձում է լուծել դաշնակիցների օգնությամբ։ Առաջինը ուկրաինացիներին ընդառաջելու պատրաստակամություն հայտնեց Լեհաստանը։

Կարծում եմ, որ շատ լեհեր վրդովվում են, երբ հյուրանոցներում կամ սրճարաններում բազմաթիվ երիտասարդ ուկրաինացի տղամարդկանց են տեսնում՝ դրան զուգահեռ լսելով, թե մեր երկիրը ինչ ջանքեր պետք է գործադրի Ուկրաինային օգնելու համար։ Մենք Կիևին վաղուց ենք ասել, որ կարող ենք օգտագործել մեր հնարավորությունները՝ ուկրաինացի զինապարտներին հայրենիք վերադարձնելու համար», - չորեքշաբթի երեկոյան Լեհաստանի հեռուստատեսության եթերում հայտարարում էր այդ երկրի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը։