Հսկայական գումարի առյուծի բաժինը կստանա Ուկրաինան
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ստորագրությամբ այսօր ուժի մեջ մտավ դաշնակիցներին ավելի քան 95 միլիարդ դոլարի օգնություն տրամադրելու Կոնգրեսի երկու պալատների կողմից ընդունված օրինագիծը:
«79 կողմ, 18 դեմ, նախագիծն ընդունվել է». - այդպես երեկ ուշ երեկոյան ամերիկյան Սենատում նախագահողն ազդարարեց Միացյալ Նահանգների դաշնակիցներին ավելի քան 95 միլիարդ դոլարի ռազմական օգնություն տրամադրելու փաթեթի հաստատումը:
Րոպեներ անց նախագահ Ջո Բայդենն ասել էր, թե կստորագրի օրինագիծը՝ հենց այն հայտնվի իր սեղանին:
Հսկայական գումարի՝ 95 միլիարդ դոլարի առյուծի բաժինը՝ 61 միլիարդ, կտրամադրվի Ուկրաինայի ռազմական ծախսերը հոգալու համար, 26 միլիարդ կտրամադրվի Իսրայել զենք ու զինամթերք, ինչպես նաև Գազայի հատված մարդասիրական օգնություն ուղարկելու համար, և 8 միլիարդ 120 միլիոն դոլար՝ Հնդկական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում Չինաստանի ագրեսիային դիմակայելու համար:
Վճռական «այո» պատմության զգոն հայացքի ներքո
«Վճռական քվեարկությամբ մեր կես տարվա աշխատանքն արդյունք ապահովեց: Անցած վեց ամիսների ընթացքում մեր դաշնակիցներն ամբողջ աշխարհում հետևել են Կոնգրեսին, հարց տվել՝ ե՞րբ գործը կհասնի ամենակարևորին՝ արդյո՞ք Ամերիկան կհավաքի ուժերը, կմիավորվի, կհաղթահարի կենտրոնախույս միտումները և կգիտակցի պահի կարևորությւնը: Այսօր Սենատը պատմության զգոն հայացքի ներքո իր վճռական «այո»-ն տվեց»,- ասել է Սենատի դեմոկրատական մեծամասնության ղեկավար Չաք Շումերը:
Նրա խոսքով՝ պահը հիրավի շրջադարձային է, քանի որ արևմտյան ժողովրդավարությունը բախվել է «սառը պատերազմի» ավարտից ի վեր ամենամեծ սպառնալիքին։
Շումերն ասել է, թե դեմոկրատիայի աջակիցներն ի վերջո հաղթել են, թեպետ շատերը՝ թե՛ Կոնգրեսում, թե՛ դրա պատերից դուրս, օրինագծի ձախողման մասին էին երազում:
«Մեր ուկրաինացի բարեկամներին՝ ամերիկյան օգնությունը գալիս է, որ դիմակայեք {ՌԴ նախագահ Վլադիմիր} Պուտինին ռազմի դաշտում, մեր իսրայելցի բարեկամներին՝ Ամերիկան կօգնի, որ պայքարեք «Համաս»-ի դեմ, Գազայից մինչև Սուդան՝ անմեղ խաղաղ բնակիչներին Ամերիկան պարեն և դեղորայք կուղարկի»,- ասել է Չաք Շումերը:
(«Համաս»-ը Միացյալ Նահանգներում և Եվրամիությունում ահաբեկչական կառույց է ճանաչվել):
«Դեմոկրատիայի փարոս և ազատ աշխարհի լիդեր»
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեկվա քվեարկությունից հետո շնորհակալություն է հայտնել սենատորներին: «Այս քվեարկությունն ամրապնդում է Ամերիկայի դերը որպես դեմոկրատիայի փարոս և ազատ աշխարհի լիդեր», - ասել է Զելենսկին:
Ուկրաինային օգնություն տրամադրելու նախագիծն ամերիկյան Կոնգրեսում անցյալ տարեվերջին էր արգելափակվել, քանի որ Ներկայացուցիչների տան հանրապետականներն առաջարկել էին անհատույց օգնությունը դարձնել վարկ և մի շարք այլ նախապայմաններ էին ներկայացրել:
Երկարատև բանակցությունների արդյունքում երկու կուսակցություններն ի վերջո համաձայնության են եկել: Այդ գումարից 10 միլիարդն իսկապես իբրև վարկ է ձևակերպվել, որը, սակայն, կարող է ներվել 2026 թվականին՝ ԱՄՆ նախագահի կարգադրությամբ:
Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտի տվյալներով՝ օգնության հետաձգումը վերջին ամիսների ընթացքում նպաստել է ռուսների առաջխաղացմանը ռազմաճակատում:
Մատակարարումն առաջիկա օրերին կմեկնարկի
Հիմա օգնությունը շատ արագ պետք է հասնի, քանի որ սպառազենը և զինամթերքն արդեն գործնականում առանձնացված ու պահեստավորված են և պատրաստ են առաքման:
Այնուամենայնիվ, Կրեմլը շարունակում է պնդել, թե նոր օգնությունը չի փոխի իրավիճակը: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Արևմտյան փորձագետները չեն կիսում ռուսների տեսակետը և ենթադրում են, որ նոր օգնությունը հզոր խթան կդառնա Ուկրաինայի համար: