Ուկրաինայում այսօր ևս խաղաղ բնակիչներ են զոհվել ռուսական ռմբակոծությունների հետևանքով

Ուկրաինայում այսօր էլ են խաղաղ բնակիչներ զոհվել ռուսական ռմբակոծություններից։ Առավոտյան Դնեպր քաղաքում հրթիռը հինգ հարկանի բնակելի շենք է խոցել։ Վերջին տվյալներով՝ ութ մարդ է զոհվել, առնվազն 25-ը վիրավորվել. փլատակների տակ կարող են մարդիկ լինել: Բացի բնակելի շենքից, վնասվել են նաև երկու ենթակառուցվածքային օբյեկտներ։

Հարվածի տակ էին Դնեպրոպետրովսկի մարզի այլ բնակավայրեր ևս՝ Պավլոգրադը, Սինելնիկովը, որտեղ նույնպես կան զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ մեկ երեխա, որի վիճակը բժիշկները շատ ծանր են գնահատում։

Ապրիլի 17-ին էլ Չեռնիգով քաղաքն էր ենթարկվել հարձակման, ինչի հետևանքով զոհվել էր 18, վիրավորվել՝ 77 մարդ:

Ուկրաինան Ռուսաստանի տարածքում ռազմական օդանավ է խոցել

Իր հերթին Ուկրաինան Ռուսաստանի տարածքում ռազմական օդանավ է խոցել։

«Դա նման վենդետա էր, քանի որ ռուսական ռազմավարական ավիացիան այսօր հարձակվել է մեր խաղաղ քաղաքների վրա, որտեղ խաղաղ բնակիչներ են զոհվել։ Սա առաջին դեպքն է, երբ ռազմաօդային ուժերը կարողացան խոցել Տու-22Մ3 ռազմավարական ավիացիոն ինքնաթիռ, - ասել է Ուկրաինայի ԶՈւ ռազմաօդային ուժերի խոսնակ Իլյա Եվլաշը, հավելելով, - այսօր մութ օր է ռուսական քարոզչական լրատվամիջոցներում։ Կարծում եմ՝ նրանք այսօր այնտեղ շատ-շատ դժգոհ կլինեն։ Ամեն ինչ տեղի է ունենում առաջին անգամ. մենք առաջին անգամ խփեցինք Կինժալը, հետո առաջին անգամ՝ «Ցիրկոնը»: Այժմ էլ առաջին անգամ Տու-22 է խոցվել։ Դե, հիմա մենք սպասում ենք, երբ ենք խոցելու Տու-95-ը»:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է որ Տու-22 ռազմավարական ավիացիայի օդանավն ընկել է Ստավորապոլի մարզում, սակայն հայտարարել են, իբր աղետը տեղի է ունեցել տեխնիկական պատճառով։ Ստավրոպոլի նահանգապետն էլ ասել է, որ օդաչուներից մեկը զոհվել է։

Զելենսկին արևմտյան գործընկերներին դարձյալ կոչ է արել ավելի շատ ՀՕՊ համակարգեր տրամադրել

Այդուհանդերձ, Ուկրաինան այս օրերին բախվում է սպառազինության կրիտիկական պակասի խնդրին, ՀՕՊ-ը չի կարողանում խոցել ռուսական բոլոր հրթիռներն ու անօդաչուները։ Ուկրաինայի նախագահը արևմտյան գործընկերներին դարձյալ կոչ է արել ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր տրամադրել։

«Ռուսաստանը պետք է պատասխանատվություն կրի իր ահաբեկչության համար, և յուրաքանչյուր հրթիռ, յուրաքանչյուր «Շահեդ» պետք է խոցել։ Մեր գործընկերներն ունեն դրա համար անհրաժեշտ հնարավորություններ. սա հատկապես ապացուցվել է Մերձավոր Արևելքի երկնքում, և նույնը պետք է անել Եվրոպայի երկնքում», - ասել է Վլադիմիր Զելենսկին:

Արևմուտքում էլ են հասկանում, որ ռուսական օրեցօր ակտիվացող ռմբակոծությունների պայմաններում Ուկրաինային շտապ օգնություն է անհրաժեշտ, Գերմանիայի կանցլերը երեկ կոչ է արել ՆԱՏՕ-ի անդամ երկրներին Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր տրամադրել Կիևին։

«Անհրաժեշտ է ևս 7- Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր, դրանցից մեկը մենք կտանք, և մենք հույս ունենք, որ ՆԱՏՕ-ի անդամների մոտ կգտնվի ևս վեցը», - նշել է Օլաֆ Շոլցը:

Գերմանիան Ուկրաինային արդեն երեք Patriot համակարգեր մատակարարել է։

«Կա իրական վտանգ, որ ուկրաինացիները կարող են պարտվել մարտի դաշտում մինչև 2024-ի ավարտը»

ԱՄՆ Կենտրոնական Հետախուզական ծառայության ղեկավարն էլ ամերիկացի կոնգրեսականներին զգուշացրել է, որ եթե մոտ ապագայում չհաստատվի Կոնգրեսում արգելափակված 60 միլիարդ դոլարի օգնությունը Կիևին, ապա Ուկրաինան կարող է պարտվել պատերազմում մինչև տարեվերջ։

«Կա շատ իրական վտանգ, որ ուկրաինացիները կարող են պարտվել մարտի դաշտում մինչև 2024 թվականի ավարտը, կամ գոնե Պուտինին դնել այնպիսի դիրքում, որտեղ նա կարող է էապես թելադրել քաղաքական կարգավորման պայմանները», - ըստ Politico-ի՝ նշել է Բերնսը։

Ապրիլի 18-ին ելույթ ունենալով Ջորջ Բուշ կրտսերի նախագահական կենտրոնում՝ Բերնսը կոչ է արել Սենատի և Ներկայացուցիչների պալատի անդամներին ընդունել լրացուցիչ օգնության ծրագիր: Եթե ԱՄՆ Կոնգրեսը չհաստատի այս որոշումը, ապա, ըստ նրա, «պատկերը սարսափելի կլինի»։

Մոսկվայում էլ են այսօր խոսել հնարավոր քաղաքական կարգավորումից, բայց յուրահատուկ ձևով։ Ռուսաստանի արտգործնախարարն այսօր ասել է, թե Մոսկվան միշտ պատրաստ է բանակցություններ սկսել, սակայն պատրաստ չէ դրա համար կանգնեցնել ռազմական գործողությունները Ուկրաինայում։

Հնարավոր բանակցությունների հարցը նորից օրակարգ է եկել վերջին շաբաթներին, խոսքը մեդիահարթակների օրակարգի մասին է: Պաշտոնական Կիևը բանակցություններից ընդհանրապես չի խոսում, միայն կրկնում է՝ տվեք մեզ բավարար զենք և մենք կհաղթենք Ռուսաստանին: Արևմտյան մամուլը, սակայն, գրում է, որ ստեղծված իրավիճակում բանակցություններն ամենավատ տարբերակը չեն։