Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին այցելել է Կապանի օդանավակայան։
Դեսպանն այցի մասին X-ում հայերեն գրառում է կատարել ու կից լուսանկար հրապարակել՝ մասնավորապես նշելով․ - «Այց Սյունիքի մարզի Կապանի օդանավակայան, որը Հայաստանի ինքնիշխան ենթակառուցվածք է»։
Կապանի օդանավակայանը ադրբեջանական մարտական դիրքերից մոտ 100- 200 մետր հեռավորության վրա է գտնվում։ 2023-ի օգոստոսի 17-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի Կապան թռիչքից ու կանոնավոր թռիչքներ սկսելու հայտարարությունից ընդամենը ժամեր անց ադրբեջանական կողմը կրակեց օդանավակայանի ուղղությամբ։ Ազգային անվտանգության ծառայությունն այն ժամանակ հայտնեց, որ ադրբեջանական կողմից անհայտ անձը ավտոմեքենայով եկել է օդանավակայանի հարակից տարածք, երեք կրակոց արձակել ու հեռացել, փամփուշտներից երկուսը վնասել էին օդանավակայանի պատուհաններից մեկը և տանիքը։
Ադրբեջանական կողմը օդանավակայանի ուղղությամբ կրակել էր նաև հաջորդ օրը՝ օգոստոսի 19-ին։ Ընդ որում, Հայաստանի պաշտոնյաների՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի ու Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի վայրէջքից րոպեներ առաջ։
Հայաստանի կառավարությունը այս կրակոցների մասին օգոստոսի վերջին տեղեկացրել էր Քաղավիացիայի միջազգային կազմակերպությանը (ԻԿԱՕ)՝ խնդրելով աջակցություն` հետագայում նման դեպքերը կանխելու նպատակով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ընդդիմադիր պատգամավորը խնդրահարույց է համարում այս փուլում Կապանի օդակայանի գործարկումը ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Առաջին անգամ կայացել են Երևան-Կապան, Կապան-Երևան օդանավով կանոնավոր թռիչքները. որքանո՞վ են դրանք անվտանգ