Ի՞նչ է ստացել Հայաստանն ավելի քան երկու տարի ձգվող խաղաղության բանակցությունների արդյունքում։ Երևանն ու Բաքուն դեմ առ դեմ հանդիպումներից բացի, միմյանց են ուղարկում նաև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ առաջարկներ, որոնք փոխանակվել են արդեն ութ անգամ։ Վերջին խմբագրումն ուղարկել է հայկական կողմը։
Հիմա կա բանակցություն, և այդ խոսակցության շնորհիվ է, որ էսկալացիա չկա. իշխող ուժի պատգամավոր
«Առնվազն կանխում ենք ռազմական գործողություններն ու էսկալացիան, կառավարում ենք իրավիճակը, երբ խոսում ենք միմյանց հետ։ Պարզից էլ պարզ է, որ ցանկացած իրավիճակում երբ չկա բանակցություն, կա կրակոց, և կա էսկալացիա, դրա վառ ապացույցը 44-օրյա պատերազմն է։ Հիմա կա բանակցություն, կա խոսակցություն, և այս խոսակցության շնորհիվ է, որ էսկալացիա չկա, դրա համար չափազանց կարևոր է խաղաղության պայմանագրի շուրջ խոսակցությունը», - «Ազատության» հետ զրույցում ասաց իշխող խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ կան կետեր, որոնք արդեն համաձայնեցվել են Բաքվի հետ, բայց առանցքային 2 հարցի շուրջ պայմանավորվածություն չկա։ Այս թեմային շաբաթ օրը Հանրայինին տված հարցազրույցում անդրադարձավ նաև արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ թվարկելով առանցքային երկու կետերը, որտեղ ավելի քան 2 տարվա բանակցություններից հետո կողմերը չեն եկել ընդհանուր հայտարարի։
Առաջինը, նրա խոսքով, վերաբերում է տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչմանն ու հետագա սահմանազատման գործընթացին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երկու հիմնական հարց կա, որտեղ Երևանի ու Բաքվի պատկերացումները դեռ հեռու են միմյանցից. Միրզոյան
Երևանի համար առանցքային հաջորդ կետը ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին է։ Բաքուն, արտգործնախարարի խոսքով, պնդում է, որ Սյունիքից Նախիջևան տանող ճանապարհը հսկեն երրորդ երկրի՝ Ռուսաստանի ներկայացուցիչները, իսկ մարդիկ ու բեռները մաքսային ստուգումներ չանցնեն։
Եթե կողմերն անգամ առանցքային հարցերում չեն կարողացել գան ընդհանուր հայտարարի, արդյո՞ք չի կարելի ասել, որ բանակցությունները փակուղում են։ Գնահատականի հետ համաձայն չէ իշխող խմբակցության պատգամավորը։
«Այդպես չեմ մեկնաբանի, որովհետև գործընթացներ են տեղի ունենում, և եթե մենք հետ գնանք ժամանակի մեջ, մեկ տարի առաջ, օրինակ, ավելի քիչ համաձայնեցված դրույթներ ունեինք Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կոնտեքստում, քան հիմա, և որևէ մեկը չի էլ ասել, որ ասենք՝ երեք տարուց մենք ստորագրելու ենք խաղաղության պայմանագիրը, կամ խաղաղության պայմանագիրը լինելու է ՀՀ քաղաքացիների երազանքների փաստաթուղթը», - ասաց Արթուր Հովհաննիսյանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Հույս ունենք, որ Հայաստանի հետ բանակցությունները կավարտվեն խաղաղության պայմանագրի ստորագրմամբ». Ալիև
Դիտարկմանը, որ Երևանը, այնուամենայնիվ, խոսել է ժամկետների մասին, օրինակ՝ անցյալ տարի նշում էին, որ մինչև տարեվերջ հնարավորություն կա ստորագրելու խաղաղության պայմանագիրը, պատգամավորն արձագանքեց. - «Ժամկետներ, չէ, դրանք ժամկետներ չեն, դրանք, ըստ էության, մեր պատրաստակամության և մեր պատկերացումների մասին են եղել»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱԺ նախագահը փոքր հնարավորություն է տեսնում մինչև տարեվերջ խաղաղության պայմանագրի ստորագրման համար
Չկա որևէ կետ, որտեղ հայկական կողմը կանգնել է իր կարմիր գծերի վրա. ընդդիմադիր պատգամավոր
Մինչ այդ խորհրդարանի ընդդիմադիրների կարծիքով՝ խաղաղության բանակցությունները հստակ արդյունքներ տվել են, միայն թե ոչ թե Երևանի, այլ Բաքվի համար։
«Եթե բանակցությունների միջոցով փորձ է արվում մոտեցնել այդ դիրքորոշումները, ապա կոնկրետ այս բանակցությունների մասով տեղի է ունեցել հետևյալը՝ Ադրբեջանը մնացել է իր պահանջատիրական պահանջներով և առավելապաշտական պահանջներով, և հայկական կողմը գնալով հերթական զիջումներն է իրականացրել։ Չկա որևէ կետ, որտեղ հայկական կողմը կանգնել է իր կարմիր գծերի վրա, և ինչ-որ մի բան զիջել է Ադրբեջանը։ Այս ամբողջ բանակցային փաթեթը հենց դրա մասին է եղել», - ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
Ըստ նրա՝ Երևանը մի շարք կետերում հետքայլ է արել, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգությանը վերաբերող պայմանների հարցում։
«Հայկական կողմը հրաժարվել է Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքից, այլևս չի բարձրաձայնում այդ փաստաթղթի շրջանակներում հայ ռազմագերիների վերադարձի հարցը, Արցախի ռազմաքաղաքական էլիտայի վերադարձի հարցը, այլևս սկզբունքներ սահմանազատման և սահմանագծման փաստաթղթի մեջ ամրագրելու մասին որևէ քննարկում չկա», - նկատեց Աննա Գրիգորյանը։
Վերջին ասուլիսի ընթացքում խոսելով գերիների վերադարձի մասին՝ վարչապետ Փաշինյանը նշել է, որ այդ առումով ամենօրյա աշխատանք է ընթանում առանց այլ մանրամասների։