Մատչելիության հղումներ

Խաղաղության գործընթացը հնարավոր է ավարտել, եթե ադրբեջանական կողմը համաձայնվի արձանագրել 3 պայմանավորվածությունները. Կոստանյան


«Մենք շարունակում ենք ներգրավված մնալ գործընթացում, շարունակում ենք հետաքրքրված լինել գործընթացով», - «Ազատության» հարցին, թե խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններն ընթանո՞ւմ են, ասաց փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։

Նրա խոսքով՝ գործընթացը կանգնած չէ, և հնարավոր է ավարտել այն, եթե ադրբեջանական կողմը «ի վերջո համաձայնի թղթի վրա արձանագրել այն 3 պայմանավորվածությունները, որոնք երկրների ղեկավարների մակարդակով ձեռք են բերվել» Բրյուսելում նախորդ տարվա մայիսին և հուլիսին։

«Ադրբեջանական կողմը պետք է համաձայնի նաև այն պայմանավորվածությանը, մասնավորապես, որ դելիմիտացիայի գործընթացը պետք է տեղի ունենա՝ հիմնվելով Ալմա -Աթայի հռչակագրի վրա, և դա թղթի վրա արձանագրենք», - նշեց նա։

Չնայած փոխարտգործնախարարը պնդում է, որ գործընթացը շարունակվում է, սակայն Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կամ արտգործախարարների երկկողմ հանդիպման վերաբերյալ դեռևս որևէ պայմանավորվածություն չկա։ Վերջին անգամ արտգործնախարարները բանակցել են Բեռլինում՝ փետրվարի 28-ին։ Վահան Կոստանյանը նաև չհստակեցրեց՝ արդյոք պաշտոնական Երևանն արդեն Բաքվին ուղարկել է խաղաղության պայմանագրի նախագծի իր հերթական առաջարկները։

Հարցին, թե ի՞նչն է Բաքվին խանգարում, ո՞րն է գլխավոր խոչընդոտը, որը թույլ չի տալիս գործընթացն առաջ շարժվի, փոխարտգործնախարարը պատասխանեց, - «Մենք չենք տեսնում որևէ խոչընդոտ առաջ շարժվելու հենց այս 3 սկզբունքների հիման վրա, և այն փաստը, որ դեռևս չի հաջողվել, և պաշտոնական Բաքուն չի տվել իր համաձայնությունը արձանագրել այս սկզբունքները, տարակուսանք է առաջացնում՝ արդյո՞ք իրենք շահագրգռված են Հարավային Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու»։

Նրա խոսքով՝ այս պահին որոշակիություն չկա քարտեզների շուրջ, որևէ մակարդակով հանդիպումների վերաբերյալ պայմանավորվածություն ևս չկա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG