Երուսաղեմի հայկական թաղամասի «Կովերի պարտեզ» կոչվող տարածքը կրկին բախումների կենտրոնում է։
Ոստիկանների հսկողությամբ երեկ տարածք են եկել «Կովերի պարտեզը» 98 տարով վարձակալած իսրայելական ընկերության մի խումբ ներկայացուցիչներ։ Ըստ տեղի հայերի՝ նրանք ավերել են հերթապահության երկու տնակները։ Ամիսներ առաջ էր հայ համայնքը դրանք կառուցել՝ տեղում շինարարությունն արգելելու համար։
«Կարող եք տեսնել ձեր առջև կտուրները, որ քանդվել են ոստիկանության կողմից և ընկերության կողմից ծայրահեղականները, որ վարձակալված էին», - ասաց Երուսաղեմի հայկական համայնքից Հակոբ Ջրնզյանը:
Ջրնազյանի պնդմամբ՝ «Կովերի պարտեզ» ներխուժած անձինք իրենց գործողությունները հիմնավորող որևէ փաստաթուղթ չեն ներկայացրել, թեև ասել են՝ դատարանի որոշում ունեն. - «Առանց ոչ մի թուղթ ներկայացնելու դատարանից, ասելով, որ իրենք թղթեր ունեն, բայց չներկայացնելով ոչ համայնքի, ոչ Պատրիարքության ներկայացուցիչներին և ոչ էլ նաև համայնքի փաստաբանին, որ ժամանեց հողատարածք: Ուժ կիրառելով իրենք քանդեցին էդ տները»:
Կառուցապատումն իրականացնող իսրայելական Xana Gardens ընկերությունից չի հաջողվում մեկնաբանություններ ստանալ արդեն ամիսներ շարունակ։ Երուսաղեմի ոստիկանությունն էլ պարզաբանում չի տվել։
Միջադեպից հետո էլ հայ համայնքի ներկայացուցիչները շարունակում են հերթապահությունը, բայց՝ արդեն բաց երկնքի տակ։ Աղմկահարույց վարձակալության գործարքի դեմ հայերը «Կովերի պարտեզում» պայքարի մեջ են ավելի քան չորս ամիս։
«Սա առաջին հարձակումը չէ, որ տեղի է ունենում «Կովերի պարտեզի» հողատարածքի վրա: Արդեն սա 7-8-րդ հարձակումն է, որ տեղի է ունենում վերջին ամիսների ընթացքում», - ընդգծեց Հակոբ Ջրնզյանը:
Գործարքը երուսաղեմահայերը վիճարկում են նաև դատարանում:
Երուսաղեմի հայը համայնքը ներկայացնող փաստաբան Արման Թաթոյանի խոսքով՝ «ակնհայտ է, որ սա բացարձակ անօրինական արարք է, որը կոպտորեն ոտնահարում է թե՛ հայ համայնքի շահերը, թե՛, իհարկե, նաև Հայկական պատրիարքության դեմ է ուղղված և առհասարակ հայկական ներկայության»:
Վիճահարույց պայմանագիրը կնքած Հայոց պատրիարքարանն էլ ամիսներ առաջ այն միակողմանի չեղարկել էր ու իր հերթին դատարան դիմել։ Թե ինչպես է Xana Gardens-ը տարածքին տիրացել՝ մինչ այժմ մնում է մութ ու վիճելի․ Հայոց պատրիարք Նուրհան Մանուկյանը պնդում է, թե ինքը պայմանագրից տեղյակ չի եղել, դրա կնքման համար մեղադրելով կարգալույծ արված Երիցյանին:
Նախկին վարդապետն էլ պնդել է, որ Հայոց պատրիարքը լիարժեք մասնակցել է երկարատև բանակցություններին ու անձամբ է ստորագրել վարձակալության համաձայնագիրը։
Հայկական թաղամասի 25 տոկոսի հատվածում է «Կովերի պարտեզը», Պատրիարքարանի շինությունները, հինգ ընտանքի տուն, որ իսրայելական ընկերությանն են անցել վիճահարույց պայմանագրով։ Մինչ այժմ հայտնի էլ չէ՝ որքան գումարի դիմաց է այս ամենն անցել Xana Gardens-ին։
«Այդ ծրագրով ոչ միայն վտանգվում է հայկական ներկայությունը, հայկական թաղամասը, մեր Հայոց պատրիարքության գույքը, բայց նաև դա խախտում է ուղղակիորեն հայկական թաղամասի ներսում, Հին քաղաքում բնակվող մարդկանց իրավունքները: Մարդիկ, ովքեր հարյուրամյակ պարզապես և դարերով ապրում են այդտեղ՝ Հին քաղաքում, պարզապես վտարվելու են», - նշեց Թաթոյանը:
Հայ համայնքի շահերը ներկայացնող հինգ փաստաբաններից Արման Թաթոյանն ասում է՝ Xana Gardens-ը տարածքում ցանկանում է շքեղ հյուրանոցային համալիր կառուցել։ Ծանոթ է նախագծին, ըստ նրա՝ այն հակասում է նաև Հին քաղաքի ճարտարապետության սկզբունքներին։
«Ծանոթացել ենք նաև Երուսաղեմի քաղաքային ճարտարապետության կանոններին, և այլն, և բնականաբար՝ քայլերը, որ ձեռնարկել ենք, նաև դրա՛ շրջանակում են, որովհետև այդտեղ մենք նաև խախտումներ ենք հայտնաբերել ինքներս իրավական բնույթի և շեշտադրումները դրել ենք դրա վրա նաև», - նշեց Թաթոյանը:
Թե որքան կտևի գործարքի վերաբերյալ դատական գործընթացը, հայ իրավաբանները չեն շտապում գնահատականներ տալ։ Արման Թաթոյանն ու մյուս գործընկերները պատրաստվում են նաև իրավական ընթացք տալ իսրայելական ընկերության ներկայացուցիչների ներխուժումներին, որ կանխեն այդ միջադեպերը։