Երուսաղեմի հայկական թաղամասում կրքերը չեն հանդարտվում, անգամ Ամանորի գիշերը վիճահարույց դարձած «Կովերի պարտեզում» անհանգիստ է եղել, «Ազատությանն» այսօր հայտնեց տեղի հայերից Պետիկ Կիրակոսյանը։ Նրա խոսքով՝ տարածքը վարձակալած իսրայելական ընկերության ներկայացուցիչները տարեմուտին կրկին «Կովերի պարտեզ» են եկել, սակայն այս անգամ միջադեպ չի գրանցվել։
«Նոր տարվա օրը եկան էլի աշխատեցրին իրենց տրակտորը։ Մեզ հանգիստ չեն թողնում: Եվ մենք այստեղ մնալու ենք մինչև այս պայքարի ավարտը», - հայտարարեց Կիրակոսյանը:
Նա կարծում է՝ Xana Capital-ի ներկայացուցիչները դիտավորյալ են նման քայլերի դիմում, որ տեղի հայերն ընկրկեն ու թողնեն ընկերությանը հայկական թաղամասում շինարարություն սկսել։
Ավելի վաղ՝ դեկտեմբերի 28-ին հայկական համայնքից հայտնել էին, որ իսրայելական ընկերության ներկայացուցիչները հարձակվել են հայերի վրա, վնասել նրանց։ Երուսաղեմի քաղաքային իշխանությունները, մինչդեռ, միջադեպը ծեծկռտուք էին որակել։
«Իրենց ուզածն այն է, որ մենք լքենք տարածքը, այս բարիկադները քանդենք ու գնանք», - ասաց Պետիկ Կիրակոսյանը:
Համայնքը պնդում է՝ Պատրիարքարանն իրենց մեջքի հետևում է Xana Capital-ի հետ վարձակալության պայմանագիրը կնքել, որով վարձակալության է հանձնվել հայկական թաղամասի 25 տոկոսը։ Տեղի հայերը շաբաթներ շարունակ հերթապահում են՝ տարածք կառուցապատողի մուտքն արգելելու համար։
«Կովերի պարտեզը» բախումների կենտրոնում է ամիսներ շարունակ․ կրքերը բորբոքվեցին անցած գարնանը, երբ պարզվեց, որ Հայոց պատրիարքարանը 100 տարով ու վիճահարույց պայմաններում իսրայելական ընկերությանը վարձակալության է հանձնել ոչ միայն «Կովերի պարտեզ» տարածքը, այլև թաղամասում գտնվող 5 տուն ու Պատրիարքարանի մի քանի շինությունները։
Պատրիարքարանից մինչ այս պահը հրաժարվում են մեկնաբանել գործարքը՝ ինչ պայմաններով է այն կնքվել, որքան գումար է փոխանցվել Պատրիարքարանին։
Հայոց պատրիարք Նուրհան Մանուկյանը պնդել է միայն, թե ինքը պայմանագրից տեղյակ չի եղել, ամեն բան արել է Պարետ ծայրագույն վարդապետ Երիցյանը, որին ամիսներ առաջ կարգալույծ են արել ու արտաքսել։
Մինչդեռ վարդապետն, իր հերթին, նախկինում պնդել է, որ Հայոց պատրիարքը լիարժեք մասնակցել է երկարատև բանակցություններին և անձամբ է ստորագրել վարձակալության համաձայնագիրը։
Դժգոհության ալիքից հետո Պատրիարքարանը միակողմանիորեն չեղարկել է պայմանագիրը, Պատրիարարքարանն ու համայնքը հիմա հարցը վիճարկում են դատարանում։
Երուսաղեմի հայերը պնդում են՝ քանի դեռ դատական գործընթաց է, ընկերության ներկայացուցիչները տարածքում որևէ շինարարություն չեն կարող իրականացնել։ Պետիկ Կիրակոսյանի խոսքով՝ մի քանի օր է նաև քաղաքապետարանի ներկայացուցիչներն են տարածք գալիս ու պնդում, որ իրենք լքեն «Կովերի պարտեզը»։
«Ոչ մի փաստաթուղթ, իրենք եկան, պարզապես ասացին, որ այս բարիկադները պետք է քանդվեն: Եվ մենք դեմ էինք, որ բարիկադները քանդվեն, և ասացինք, որ դատական նիստեր կան: Բավական վիճելուց հետո կարողացան մեր փաստաբանները իրենց համոզել, որ չի քանդվելու ոչ մի բան, մենք մնալու ենք այստեղ, մինչև դատարանը որոշի՝ ինչ է լինելու», - պատմեց Երուսաղեմի հայկական համայնքի ներկայացուցիչը:
Հայկական թաղամասում պահպանվող լարվածությանը նաև ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունից են կարճ անդրադարձել։ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը հայտարարել է՝ Վաշինգտոնը չի ցանկանում, որ Իսրայելը լարվածությունը սրող քայլեր անի։
«Հայկական թաղամասի ղեկավարները խորը մտահոգություն են հայտնել, որ Իսրայելի կառավարությունն օգտագործում է Գազայի հակամարտությունը հայկական թաղամասից բազմաթիվ հայ քրիստոնյաների դուրս մղելու համար: Ինչպե՞ս կարձագանքեք այդ մտահոգություններին», - այս հարցին Միլլերը պատասխանել է. - «Այդ հարցին կոնկրետ արձագանք չկա: Սակայն ինչպես բազմիցս ասել ենք՝ մենք չենք ցանկանում տեսնել, որ Իսրայելի կառավարությունը ինչ-որ քայլեր ձեռնարկի, որոնք կսրեն լարվածությունը»:
Երուսաղեմի հայկական թաղամասում տարածքը վարձակալած իսրայելական ընկերության ղեկավար Դեննի Ռուբինշտեյն Ռոթմանի հետ մեկ ամսից ավելի է՝ «Ազատությանը» չի հաջողվում կապ հաստատել, նա անպատասխան է թողել մեր նամակները։ Associated Press-ին ամիսներ առաջ ընկերությունից միայն փոխանցել էին, թե միշտ հնարավորություններ են փնտրում շքեղ հյուրանոցների իրենց պորտֆոլիոն ընդլայնելու համար: