Երուսաղեմի հայ համայնքը պնդում է, թե երեկ ավելի քան երեք տասնյակ դիմակավորված, զինված անձինք ներխուժել են վիճահարույց դարձած «Կովերի պարտեզ» ու հարձակվել եպիսկոպոսների, քահանաների, հայ համայնքի ներկայացուցիչների վրա, ծանր վիրավորներ, բերման ենթարկվածներ կան։
«Այդ հարձակվողները, որոնք ուղարկվել էին ընկերության կողմից, փորձել են հողատարածքն իրենց ձեռքն առնել, բայց, բարեբախտաբար, մեր երիտասարդները, որ հողատարածքում էին գտնվում, կարողացան դիմադրել և դուրս հանել հարձակվողներին։ Դժբախտաբար, մեր կողմից երկու հայ երիտասարդներ են ձերբակալվել», - «Ազատությանը» փոխանցեց Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչ Հակոբ Ջրնազյանը։
«Իրենք փորձում են ուժով լուծել, մենք ասում ենք՝ եթե դուք իրավունք ունեք, գնացեք, ձեր դատարանից թուղթ բերեք, որ իրավունք ունեք», - ասաց Երուսաղեմի հայ համայնքի մեկ այլ ներկայացուցիչ Գարո Նալբանդյանը։
Երուսաղեմի քաղաքային իշխանությունները, մինչդեռ, միջադեպը ծեծկռտուք են որակում։ Փոխքաղաքապետ Ֆլեր Հասան-Նահումը Jerusalem Post -ին ասել է, թե «արաբ մահմեդական տղամարդիկ և հայ համայնքի ներկայացուցիչները վեճի են բռնկվել, կան ձերբակալվածներ՝ երկու կողմից էլ»։
«Երուսաղեմ քաղաքը չի հանդուրժի ոչ մի հանցավոր գործողություն, ոստիկանությունը պատասխանատվության կենթարկի մեղավորներին», - ասել է փոխքաղաքապետը։
Այս տարածքը, որ հայտնի է «Կովերի պարտեզ» անունով, բախումների կենտրոնում է ամիսներ շարունակ․ կրքերը բորբոքվեցին անցած գարնանը, երբ պարզվեց, որ Հայոց պատրիարքարանը 100 տարով ու վիճահարույց պայմաններում իսրայելական ընկերությանը վարձակալության է հանձնել ոչ միայն «Կովերի պարտեզ» տարածքը, այլև թաղամասում գտնվող 5 տուն ու պատրիարքարանի մի քանի շինությունները։
Տունը կորցնելու վտանգի տակ է նաև Գարո Նալբանդյանի ընտանիքը։
Համայնքը ընդդիմանում է գործարքին, պնդելով՝ այն ստորագրվել է իրենց մեջքի հետևում։ Տեղի հայերը շաբաթներ շարունակ հերթապահում են կառուցապատողների մուտքն արգելելու համար։ Xana Gardens-ի ներկայացուցիչները, սակայն, չեն ընկրկում։
Նախկինում էլ են նման միջադեպեր եղել, ասում է Հակոբ Ջրնազյանը. - «Մենք այս հարձակումը չենք կապում տեղի քաղաքական ու պատերազմական կացության հետ, այլ մեր պայքարի և պատիրարքության դատական գործի հետ, այսինքն՝ ընկերության պատասխանն է համայնքի քայլերին՝ ուժ կիրառել, և իրենք չպիտի կարողանան հաջողության հասնել այս պայքարում»։
Իսրայելական ընկերության ղեկավար Դեննի Ռուբինշտեյն Ռոթմանի հետ կապ հաստատել «Ազատությանը» չի հաջողվում, նա անպատասխան է թողել մեր նամակը։ AP-ին ամիսներ առաջ ընկերությունից միայն փոխանցել էին, թե միշտ հնարավորություններ են փնտրում շքեղ հյուրանոցների իրենց պորտֆոլիոն ընդլայնելու համար:
Իսկ թե ինչպես է ընկերությունը տարածքին տիրացել՝ մինչ այժմ մնում է մութ ու վիճելի․ Հայոց պատրիարք Նուրհան Մանուկյանը պնդում է, թե ինքը պայմանագրից տեղյակ չի եղել, ամեն բան արել է Պարետ ծայրագույն վարդապետ Երիցյանը, որին ամիսներ առաջ կարգալույծ են արել ու արտաքսել։
Նախկինում վարդապետը իր հերթին պնդել է, որ Հայոց պատրիարքը լիարժեք մասնակցել է երկարատև բանակցություններին և անձամբ ստորագրել վարձակալության համաձայնագիրը, որով հայ համայնքը կորցնում է «Կովերի պարտեզ»-ը, 5 ընտանիք՝ զրկվում սեփական տնից, պատրիարքարանը՝ մի քանի շինություններից։ Թե որքա՞ն գումարի դիմաց ու ի՞նչ պայմաններով, մինչ օրս Երուսաղեմի հայոց պատրիարքարանից չեն հստակեցնում։
Հայտնի է միայն, որ պատրիարքարանը դատարան է դիմել՝ պայմանագիրը չեղարկելու համար։