Մատչելիության հղումներ

Ինչպե՞ս կլուծվի Երուսաղեմի հայերի հողատարածքների հարցը. հայ համայնքը դատական գործընթաց է սկսել


Դատական գործընթաց ընդդեմ «Կովերի պարտեզը» վարձակալած իսրայելական ընկերության

Երուսաղեմի հայկական թաղամասի 25 տոկոսը կմնա՞ հայերին, թե՞ 100 տարով կանցնի իսրայելական մասնավոր ընկերությանը։ Վարձակալության աղմկահարույց գործարքը չեղարկելու՝ Հայոց պատրիարքարանի հայտարարությունից մեկ ամիս անց՝ այս հարցը դեռ պատասխան չունի։ Տեղի հայ համայնքը տարածքը վարձակալած ընկերության` Xana Gardens-ի դեմ դատական գործընթաց է սկսել։

Հակոբ Ջրնազյան
Հակոբ Ջրնազյան

«Մենք դատական գործեր ենք սկսել ընդդեմ ընկերության և բավականին լուրջ աշխատանք ենք տանում, որ ապագայում էլ ուրիշ դատական գործեր սկսվեն որպես համայնք, այլ ոչ թե անհատներ։ Մենք այդ աշխատանքը կշարունակենք, և լուրջ աշխատանք է։ Եվ դրական արդյունքների ենք սպասում», - ասաց Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչ Հակոբ Ջրնազյանը։

Հայոց պատրիարքարանը չի բացահայտում աղմկահարույց գործարքի մանրամասները

Մինչ այդ դեռ պարզ չէ՝ ինչ քայլեր է ձեռնարկում Xana Gardens-ի հետ գործարքը կնքած պատրիարքարանը։ «Ազատությանը» միայն հայտնեցին, թե հավելյալ մեկնաբանություն չունեն։ Ավելի վաղ Հայոց պատրիարք Նուրհան Մանուկյանը պնդել էր, թե պայմանագիրը 2 տարի առաջ իր մեջքի հետևում է ստորագրվել ու դրա ողջ պատասխանատվությունը կրում է կարգալույծ արված Պարետ ծայրագույն վարդապետ Երիցյանը։

Նախկին հոգևորականն ամիսներ առաջ վտարվեց պատրիարքարանից. ոստիկաններն էին Երիցյանի անվտանգությունն ապահովում։

Նախկին վարդապետը, սակայն, պնդել էր, որ Հայոց պատրիարքը լիարժեք մասնակցություն է ունեցել երկարատև բանակցություններին և անձամբ ստորագրել պայմանագիրը։

«Սադրանքներ ու սպառնալիքներ». հայերը շուրջօրյա հերթապահություն են անում տարածքում

Թե որքան կտևի դատական գործընթացը, մոտ 2000 հոգանոց հայ համայնքում պատկերացում չունեն։ Բայց նախաձեռնողները պնդում են՝ պայքարելու են մինչև վերջ։

«Ճիշտ է՝ անորոշություն կա, բայց այդ անորոշությունը փոխվել է միասնականության և այսօր համայնքը միասնական է», - ասաց Ջրնազյանը:

Գործարքի մյուս կողմը՝ Xana Gardens-ը պատրիարքարանի նման մեկնաբանություններից զերծ է մնում։ Ընկերության ղեկավար Դեննի Ռուբինշտեյն Ռոթմանի հետ կապ հաստատել «Ազատությանը» չհաջողվեց, նա չարձագանքեց նաև մեր նամակներին։ AP-ին էլ ամիսներ առաջ ընկերությունից միայն փոխանցել էին, թե միշտ հնարավորություններ են փնտրում շքեղ հյուրանոցների իրենց պորտֆոլիոն ընդլայնելու համար:

Վիճահարույց դարձած «Կովերի պարտեզ» կոչվող տարածքում, որ համայնքի համար ավտոկայանատեղի է ծառայում, հայերը շաբաթներ առաջ վրաններ են տեղադրել ու շուրջօրյա հերթապահություն են անում։ Այսպես փորձում են կանխել իսրայելական ընկերության կառուցապատման աշխատանքները:

Շաբաթներ առաջ, երբ պատրիարքարանը տեղեկացրեց գործարքի միակողմանի չեղարկման մասին, Xana Gardens-ը սկսեց տարածքի քանդման աշխատանքները։

«Այդ նամակը ստանալուց հետո ընկերությունը փոխանակ նստի բանակցությունների և փորձի ինչ-որ լուծում գտնել պատրիարքարանի հետ, դիմել է սադրանքների ու սկսել է այդ օրվանից բուլդոզերներով պատը քանդել», - նշեց Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչ Սեդրակ Բալյանը:

Սեդրակ Բալյան
Սեդրակ Բալյան

Սեդրակ Բալյանը, ով Երուսաղեմում հայկական սեփականությունը պաշտպանելու համար պայքարող երիտասարդներից մեկն է, ասում է՝ ընկերության ներկայացուցիչները շներով, զինված եկել ու սպառնացել էին հայերին լքել տարածքը։

Ընկերության սպառանլիքների, սադրանքների վերաբերյալ անգամ Հայոց պատրիարքարանն առանձին հայտարարություն տարածեց՝ ահազանգելով սուրբ քաղաքում հայկական ներկայության սպառնալիքի մասին։

Մայր աթոռը չի մեկնաբանում «ապօրինի և խարդախ» որակումը ստացած գործարքը

«Ապօրինի և խարդախ» որակումները ստացած գործարքը մեծ աղմուկ հանեց դրա կնքումից 2 տարի անց, երբ հայտնի դարձավ, որ հայ համայնքը ոչ միայն կորցնում է «Կովերի պարտեզ» տարածքը, այլև 5 ընտանիք էլ զրկվում է սեփական տնից, պատրիարքարանը՝ մի քանի շինություններից։ Թե որքա՞ն գումարի դիմաց ու ի՞նչ պայմաններով, այդպես էլ Երուսաղեմի հայոց պատրիարքարանից չհստակեցրին։ Համայնքում միայն ենթադրություններ կան դրա բովանդակության ու արժեքի մասին։

«Ըստ մեր տեղեկությունների, որպես կանխավճար վճարվել է 2 միլիոն դոլար, բայ ըստ պայմանագրի, պատրիարքությունը պետք է ստանար տարին 300 հազար դոլար, որ ցավալիորեն չի համեմատվի այս հողատարածքի արժեքի հետ: Մենք ոչ մի արժեք չենք ընդունում», - ասաց Հակոբ Ջրնազյանը:

Երուսաղեմի հայոց պատրիարքարանը անկախ աթոռ է, ներքին որոշումներն ինքն է կայացնում։ Պատրիարքարանը կրոնական հարցերում է միայն ենթարկում է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնին, օրինակ, Մայր աթոռն է հաստատում պատրիարքի ընտրությունը։ Հայ առաքելական եկեղեցին ևս նախընտրում է չմեկնաբանել գործարքը, Էջմիածնից միայն հայտնում են՝ հետևում են «Կովերի պարտեզի» շուրջ զարգացումներին։

Հայաստանի կառավարության հնարավորությունները սահամանափակ են. Սինանյան

«Հայաստանի կառավարությունը շատ սահմանափակ դիվանագիտական ներկայություն ունի Իսրայելում, մեր հարաբերություններն այդ պետության հետ այնքան էլ հարթ չեն, մեղմ ասած, սրան էլ ավելացնենք այն փաստը, որ սա մասնավորը մասնավորի հետ պայմանագիր է, մի բան, որ վրա օրենքի ուժ, օրենքի գերակայություն ունեցող երկրներում պետությունները դժվար են կարողանում ներազդել դիվանագիտորեն», - ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարն ասում է՝ այս իրավիճակում Հայաստանի կառավարության հնարավորություններն օբյեկտիվորեն սահմանափակ են. Երևանը պայմանագրի չեղարկման վրա ազդելու հնարավորություն չունի՝ նաև այն պատճառով, որ չի տիրապետում դրա մանրամասներին։

«Մենք չենք տիրապետում փաստերին, մենք չենք հասկանում՝ ինչ հանգամանքներում է ստորագրվել պայմանագիրը, կոնկրետ ինչ հիմքի վրա է չեղարկվում, փաստորեն միակողմանիորեն պատրիարքարանի կողմից, հայտարարության մեջ ասվում է, որ այնտեղ ոչ համապատասխան ազդեցություն է ներգործվել պատրիարքի վրա, որ փաստերը կեղծ ձևով են ներկայացվել և այլն, սակայն սա մի կողմի պնդումն է», - ընդգծեց Սինանյանը:։

Հունական պատրիարքարանն էլ նման մի գործարքի պատճառով սեփական շենքերից է զրկվել

Իսրայելական մեկ այլ ընկերություն տարիներ առաջ նման մի գործարք կնքել էր հունական ուղղափառ եկեղեցու հետ։ Տարիներ տևած դատական պայքարից հետո, հունական պարտրիարքարանը, սակայն, չկարողացավ վերադարձնել քրիստոնեական ու հայկական թաղամասերի գլխավոր՝ Յաֆֆյան դարպասի մոտ գտնվող երկու հյուրանոցներն ու մեկ այլ կառույց, որ կրկին վարձակալության էր հանձնվել։ Այս գործարքն արժեցել էր ավելի քան մեկուկես միլիոն դոլար։

Այս դեպքում էլ հույն պատրիարքը հայտարարել էր, թե տեղյակ չի եղել վաճառքի գործարքների մասին:

Չնայած այս ամենին, Երուսաղեմի հայկական թաղամասում լավատես են։ Հույսը չեն կորցնում՝ իրենց պայքարն արդյունք է տալու։

XS
SM
MD
LG