Մատչելիության հղումներ

Երուսաղեմի հայերը վախենում են, որ կասկածելի գործարքի պատճառով 1600-ամյա պատմությունը կարող է ավարտվել


Երուսաղեմի հայկական թաղամասը
Երուսաղեմի հայկական թաղամասը

Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի կողմից գաղտնի կնքված անշարժ գույքի պայմանագրով Իսրայելի հայկական թաղամասի մոտ 25 տոկոսն օտարվել է: Այժմ Սուրբ քաղաքի բնակիչները պայքարում են իրենց պատմական հողը պահելու համար:

Գործարքի պատճառով հայ առաքելական եկեղեցու առաջնորդը, ըստ հաղորդումների, մեկուսացել է վանքում: Գործարքի հետևում կանգնած քահանան՝ Խաչիկ Երեցյանն էլ շնորհազրկվել է և փախուստի դիմել՝ թաքնվելով Լոս Անջելեսում։ Մայիսի 10-ին, երբ զայրացած երուսաղեմահայերը շրջապատել էին նրա նստավայրը, նախկին քահանան ստիպված էր իսրայելցի ոստիկանների օգնությանը դիմել, որպեսզի ապահով կարողանա հեռանալ։ Մինչ ցուցարարները հայհոյում էին Երեցյանին, նրանցից մեկը ծածանեց Լեռնային Ղարաբաղի դրոշը:

Քահանաները Երուսաղեմի հայկական թաղամասի Սուրբ Հակոբ տաճարում պատարագի ժամանակ, հունիսի 14
Քահանաները Երուսաղեմի հայկական թաղամասի Սուրբ Հակոբ տաճարում պատարագի ժամանակ, հունիսի 14

«Արցախում և այստեղ կատարվողի միջև Զուգահեռները շատ են»,- «Ազատությանն» ասել է ցույցի մասնակից Բեդիգ Գիրագոսյանը՝ հիշեցնելով մտավախությունները, թե պաշարման մեջ գտնվող արցախցիները շուտով կարող են դուրս մղվել հողից, որտեղ ապրել են դարեր շարունակ:

«Եթե այս գործարքը կայանա, դա կլինի Երուսաղեմում մեր համայնքի վերջի սկիզբը: 1600 տարվա պատմությունը կավարտվի», - ասել է նա:

Երուսաղեմահայ Բեդիգ Գիրագոսյանը ցույց է տալիս իր դաջվածքը, որտեղ երկու խաչված սրերի վերևում հավերժության հայկական ավանդական խորհրդանիշն է պատկերված
Երուսաղեմահայ Բեդիգ Գիրագոսյանը ցույց է տալիս իր դաջվածքը, որտեղ երկու խաչված սրերի վերևում հավերժության հայկական ավանդական խորհրդանիշն է պատկերված

Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը աղմկահարույց գործարքը ստորագրել է տարիներ առաջ, այն, սակայն, միայն վերջերս է բացահայտվել։ Փաստաթուղթը, որը պայթող ռումբի ազդեցություն է ունեցել տեղի հայերի կյանքում, հայկական թաղամասի 25 տոկոսը հանձնում է ավստրալա-իսրայելական մի ներդրողի՝ 99 տարով:

Պատրիարքարանը գործարքի համար մեղադրել է նախկին քահանա Երեցյանին, մինչդեռ Երեցյանը, ով այժմ բնակվում է Կալիֆորնիայում, ասում է, որ իրեն քավության նոխազ են դարձրել և պատժում են «մի փաստաթղթի համար, որը ստորագրել է պատրիարքը»։ «Մի օր ճշմարտությունը կբացահայտվի», -ասել է կարգալույծ արված քահանան։

Պատրիարքարանը կտրականապես հրաժարվում է մեկնաբանություններից։ Պատրիարքարանի խոսնակը «Ազատության» հարցերին միայն գրավոր է արձագանքել, թե՝ «մեր շահերից չի բխում պատասխանել ձեզ»։ Կամ ավելի պարզ ասած՝ «դա ձեր գործը չէ»:

Հայ համայնքի ներկայացուցիչներից որևէ մեկը վարձակալության պայմանագիրը չի տեսել, բայց շատերն են անակնկալի եկել, երբ «Կովերի պարտեզ» անունով հայտնի տարածքում XANA Capital-ի ցուցանակն է տեղադրվել։

Անգլերեն և եբրայերեն ցուցանակ, որը տեղադրվել է XANA Capital-ի կողմից Երուսաղեմի Կովերի պարտեզի ավտոկայանատեղի մուտքի մոտ: Փայտե խաչը տեղադրվել է անհայտ աշխատողների կողմից հունիսի 13-ին, այնուհետև հաջորդ օրը հանել է իսրայելական ոստիկանությունը
Անգլերեն և եբրայերեն ցուցանակ, որը տեղադրվել է XANA Capital-ի կողմից Երուսաղեմի Կովերի պարտեզի ավտոկայանատեղի մուտքի մոտ: Փայտե խաչը տեղադրվել է անհայտ աշխատողների կողմից հունիսի 13-ին, այնուհետև հաջորդ օրը հանել է իսրայելական ոստիկանությունը

Հաղորդվում է, որ այդ վայրում նախատեսվում է շքեղ հյուրանոց կառուցել: Բայց Սեդրագ Բալյանը, ով փաստաբանների հետ փորձում է չեղարկել վարձակալության պայմանագիրը, պնդում է, թե ծրագիրը ավելի հեռուն է գնում։ Բալյանն ասում է, թե Երուսաղեմի քաղաքապետարանում տարածքի զարգացման նախագծեր է տեսել, որոնց համաձայն պետք է քանդվեն նաև հայ ընտանիքներին պատկանող հինգ բնակելի տներ։ Ուստի համայնքում մեծ են մտավախությունները, որ հարկադիր վտարվողների ցանկը կարող է ընդլայնվել։

Հայերը Երուսաղեմում հաստատվել են չորրորդ դարում՝ Քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելուց հետո: Այդուհետ հազարավոր հայեր են ապրել սուրբ քաղաքի պարիսպներից ներս՝ Երուսաղեմի համայնքը դարձնելով Հայաստանից դուրս ապրող ամենահին սփյուռքահայ օջախը:

Երուսաղեմի հայկական թաղամասի Սուրբ Հակոբ տաճարի մուտքը 20-րդ դարի սկզբին
Երուսաղեմի հայկական թաղամասի Սուրբ Հակոբ տաճարի մուտքը 20-րդ դարի սկզբին

Այսօր Երուսաղեմում բնակվում է մոտ 2 հազար հայ։ Մինչդեռ մեկ դար առաջ, երբ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած ցեղասպանությունից փրկվող հայերը ապաստան էին գտնում սուրբ քաղաքում, հայերի թիվը հասնում էր 25 հազարի։

Հայկական համայնքում ոմանք մտավախություններ ունեն, որ հողային գործարքը կարող է կնքված լինել աշխարհաքաղաքական շահերի պատճառով:

Երուսաղեմի հայուհին մոմեր է վառում Սուրբ Հակոբ տաճարում հունիսի 14-ի պատարագի ժամանակ
Երուսաղեմի հայուհին մոմեր է վառում Սուրբ Հակոբ տաճարում հունիսի 14-ի պատարագի ժամանակ

«Ես չեմ կարող ասածս ապացուցել, բայց ակնհայտորեն այս հարցը նաև քաղաքական կողմ ունի», - ասում է Սեդրագ Բալյանը՝ հավելելով, որ Երուսաղեմի՝ կատաղի վեճի առարկա հանդիսացող Հին քաղաքի ամենաբարձր կետին՝ Հայկական թաղամասին «աչք են դրել շատ կայսրություններն ու օկուպացիոն ուժեր»։

Փաստ է, որ վարձակալության այս գործարքի շուրջ թեժացող աղմուկը հասել է տարածաշրջանի առաջնորդներին: Մայիսին Պաղեստինի և Հորդանանի ղեկավարությունները պաշտոնապես հետ են կանչել Երուսաղեմի հայոց պատրիարքի ճանաչումը՝ տարածքը օտարելու պատճառով: Արաբ առաջնորդները մեղադրել են եկեղեցու ղեկավարին՝ «առանց փոխհամաձայնության և համապատասխան կողմերի հետ խորհրդակցելու գործարք կնքելու համար»։

Իսրայելացի զինվորները հունիսի 13-ին Երուսաղեմի հայկական թաղամասում քայլում են Հայ Ուղղափառ Պատրիարքարանի ճանապարհով
Իսրայելացի զինվորները հունիսի 13-ին Երուսաղեմի հայկական թաղամասում քայլում են Հայ Ուղղափառ Պատրիարքարանի ճանապարհով

Ճգնաժամը խորանում է Երուսաղեմի հայ համայնքի վրա ծայրահեղական հրեաների կողմից վերջին շրջանում ավելի հաճախակի դարձած բռնի հարձակումների ֆոնին: Տեղում, սակայն, հայերը ոչ միայն չեն վհատվում, այլև հույս ունեն, որ սուրբ քաղաքի համար այս պայքարը կարող է ոգեշնչել հայրենակիցներին, որոնք ապրում են պատմական հայրենիքում՝ հազարավոր կմ հեռու։

«Այժմ Հայաստանում մի քիչ անորոշություն կա, մարդիկ շփոթված են, նրանց ողնաշարը կոտրված է: Միգուցե Երուսաղեմի հայության տոկունությունն ու խիզախությունը որոշակի բարոյական խթան հաղորդի Հայաստանի հայերին», - «Ազատություն» ռադիոկայանին ասել է երուսաղեմահայ երաժիշտ Ափո Սահագյանը։

«Հրեաներն ասացվածք ունեն, որ «փրկությունը գալիս է արևելքից»: Ես դեմ չէի լինի, եթե հայերիս գար Երուսաղեմից», - ասել է նա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG