Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ռուս սահմանապահները տեղակայվել են Փաշինյանի խնդրանքով․ ՌԴ դեսպան

Մինչ հայաստանցի պաշտոնյաները կասկածի տակ են դնում հայկական սահմաններին ծառայություն իրականացնող ռուս սահմանապահների արդյունավետությունը՝ Հայաստանում Ռուսաստանի դեսպանը հայտարարում է՝ հայ-ադրբեջանական սահմանին ռուս սահմանապահների դիտակետերը տեղադրվել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձնական խնդրանքով։

Սերգեյ Կոպիրկինը երեկ 24News-ի տված հարցազրույցում արձագանքել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի՝ հայտարարությանը, որ ռազմավարական դաշնակիցն ադրբեջանական հարձակումների ժամանակ պայմանագրային պարտավորությունները չի կատարել: Կոպիրկինը դա սուտ է համարել, բայց չի հստակեցրել, թե 21-22-ի հարձակումների ընացքում կոնկրետ ինչ է արել Ռուսաստանը։

«Ռուսաստանի համար էլ էր դժվար կանխել այդ կատաստրոֆան, ինչը Հայաստանի ղեկավարությանը լավ հայնտի է: Երբ նմանատիպ հանրային մեղադրանքներ են հնչում, ինձ մոտ հարց է առաջանում, թե ինչո՞ւ է դա տեղի ունենում։ Չէ՞ որ սա բացահայտ սուտ է, մարդիկ գիտեն, որ դա սուտ է։ Կարելի է քննադատել Ռուսաստանի մոտեցումները, ասել, որ նա այստեղ չի արել այն, ինչ ակնկալվել է... բայց, երբ որ նման բացահայտ ստեր են ասվում, ինձ մոտ հարց է առաջանում, թե ինչքա՞ն է այս ամենն արտացոլում սովորական մարդկանց շահերը», - ասել է դեսպանը։

Ռուսաստանից Հայաստանի իշխանության դժգոհությունները հիմնականում 44-օրյա պատերազմից հետո հայկական սահմանների նկատմամբ ադրբեջանական հարձակումների հետ են կապված: Հենց այս շրջանում է պաշտոնական Երևանը դիմել ՀԱՊԿ-ին, նաև Ռուսաստանին՝ պայմանագրային պարտավորությունների կատարման ակնկալիքով, սակայն արձագանք մինչ օրս չի ստացել:

«Մոսկվան ցանկացել է Հայաստանին նոր պատերազմի մեջ ներքաշել»

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան

Ալեն Սիմոնյանը վերջին հարցազրույցում ոչ միայն սրանց մասին էր հիշեցնում, այլ նաև ասում, թե Մոսկվան ցանկացել է Հայաստանին նոր պատերազմի մեջ ներքաշել:

«Խաբեցին, խաբեցին, վերջում էլ փորձեցին ներքաշել նոր պատերազմի մեջ՝ արդեն Հայաստանի տարածքում, որպեսզի գան և փրկեն Հայաստանի Հանրապետությունը կոնկրետ իրավիճակում և նորից օղակ գցեն Հայաստանի ժողովրդի և Հայաստանի պետականության վրա», - ասել է Սիմոնյանը։

Առաջին անգամը չէ, որ իշխանության ներկայացուցիչները գրեթե ուղիղ ասում են, թե Մոսկվայի քայլերն ուղղված են Հայաստանի ինքնիշխանության դեմ: Նիկոլ Փաշինյանի թիմակիցները նաև հայտարարում են, թե ռուսական կողմի նպատակն է Հայաստանին դարձնել միութենական պետության անդամ: Այս մասին անցած ամիս կրկին խոսել էր Ալեն Սիմոնյանը:

«Հայաստանը դարձնել Ռուսաստան-Բելառուս միութենական պետության անդամ՝ սա է մեծ պլանը», - ասել էր ԱԺ նախագահը։
Դեսպան Կոպիրկինը պնդել է, թե նման հարց երբևէ չի քննարկվել:

«ՀՀ-ն Ռուսաստան-Բելառուս միութենական պետության անդամ դարձնելու հարց երբևէ չի քննարկվել»


«Այստեղ կան հասարակական-քաղաքական ուժեր, որոնք ասում են, որ դա լավ կլիներ Հայաստանի համար: Բայդ տվյալ դեպքում նրանք մեր միջպետական հարաբերությունների, քաղաքական երկխոսության հետ կապ չունեն: Ես, որպես մարդ, ռուսաստանցի, դեսպան, որը, իհարկե, հոգատար է մեր երկկողմ հարաբերությունների համար, այդ տիպի կոչերին համակրանքով եմ վերաբերվում, որոնք ՀՀ ու ՌԴ մերձեցման կողմնակից են, փիլիսոփայությունն ինձ լիարժեք հասկանալի է: Բայց ինձ հայտնի չէ, որ երբևէ այդ հարցը դրվեր որպես քաղաքական երկխոսության և քննարկումների առարկա», - ասել է Կոպերկինը։

Թեև այժմ ադրբեջանական զորքերը շարունակում են օկուպացված պահել Հայաստանի ինքնիշխան տարածքներից որոշ հատվածներ ռուսաստանցի դիվանագետը հավաստիացրել է, թե ադրբեջանական հնարավոր հարձակման դեպքում Ռուսաստանը կկատարի պայմանագրային պարտավորությունները:

Ի դեպ՝ երեկ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունից պետական ՏԱՍՍ գործակալությանն ասել են, թե ռուս սահմանապահների ու 102-րդ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է:

Մինչդեռ երկու օր առաջ Ազգային ժողովի նախագահն իր կասկածներն էր հայտնել, թե ռուսական կողմը ոչ միայն ադրբեջանական, այլ նաև թուրքական հարձակման դեպքում չի միջամտի: