Հայ-ռուսական հարաբերությունների աճող լարվածության ֆոնին այսօր հեռախոսազրույց են ունեցել երկու երկրների արտգործնախարարները։
Հեռախոսազրույցը, ըստ ՀՀ ԱԳՆ-ի, կայացել է ռուսական կողմի նախաձեռնությամբ։
Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը քննարկել են երկկողմ և տարածաշրջանին վերաբերող հարցեր:
Մեկ օր անց միայն Ռուսաստանի արտգործնախարարությունը հաղորդեց հեռախոսազրույցի մասին՝ նշելով, որ երկու երկրների գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգի ընթացիկ հարցեր, այդ թվում՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը, ինչպես նաև համագործակցությունը ինտեգրացիոն միավորումների շրջանակներում։
Երկու երկրների արտգործնախարարները Անթալիայում դեմ առ դեմ չհանդիպեցին, համենայն դեպս՝ հրապարակավ։
Պաշտոնական Երևանը շարունակում է քննադատել ՀԱՊԿ-ը՝ պայմանագրային պարտավորությունները չկատարելու համար, ավելին՝ կասկածի տակ է դնում երեք տասնամյակից ավելի Հայաստանի սահմաններին, ինչպես նաև «Զվարթնոց» օդանավակայանում տեղակայված ռուս սահմանապահների արդյունավետությունը։ Մոսկվան, իր հերթին, Երևանից պարզաբանումներ է պահանջել։
Անթալիայի դիվանագիտական ֆորումին հաջորդած մամուլի ասուլիսում Ռուսաստանի արտգործնախարարը հայտարարեց, որ Ռուսաստանը հետևում է Հայաստանի ղեկավարության հայտարարություններին և հետևություններ կանի սեփական գործնական քայլերը պլանավորելիս։