Հյուսիսատլանտյան դաշինքի առավելագույն խնդիրը Հարավային Կովկասում՝ Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացելն է, այսօր ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական խոսնակ Մարիա Զախարովան։
«ՆԱՏՕ-ն առավելագույն խնդիր ունի, այն է՝ երկրորդ ճակատ բացել Անդրկովկասում մեր երկրի դեմ և, ընդհանրապես, նորից հրի մատնել տարածաշրջանը»,- ասել է Զախարովան։
Պաշտոնական Մոսկվայի այս հայտարարությունը հնչում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի տարածաշրջանային այցի ֆոնին։
Մարտի 17-18-ն Ստոլտենբերգը Բաքվում էր, ապա Թբիլիսիում, երեկ էլ ժամանեց Երևան։
Բաքվում Ստոլտենբերգը նշել է, որ խաղաղությունը տարածաշրջանում չափազանց կարևոր է ոչ միայն այդ տարածաշրջանի ժողովուրդների, այլև ավելի ընդարձակ առումով՝ Սև ծովի շրջանի և Հյուսիսատլանտյան անվտանգության համար։ Երևանում էլ նա վերահաստատել է՝ Հյուսիսատլանտյան անվտանգության համար էական ու կարևոր է Հարավային Կովկասում կայունությունը։ Ստոլտենբերգը խոսել է նաև Ուկրաինայից, բոլոր գործընկերներին կոչ արել՝ «անել իրենցից կախված ամեն ինչ, որպեսզի Պուտինը չհաղթի ագրեսիայի իր պատերազմում», ապա գնահատել նաև ՆԱՏՕ-Հայաստան համագործակցությունը։
Երեկ Ստոլտենբերգի տարածաշրջանային այցին անդրադարձել էր նաև Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ նշելով, թե Կովկասում իր ազդեցությունն ընդլայնելու ՆԱՏՕ-ի փորձերը դժվար թե ամրապնդեն կայունությունը ու իրավիճակի կանխատեսելիությունը Կովկասում։