Մատչելիության հղումներ

Սիմոնյանը չի բացառում, որ Բրյուսելի հանդիպմանը հայտարարվի «Եվրոպական խաղաղության մեխանիզմով» տրվող օգնության մասին


Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ Բրյուսելում Փաշինյան-Ֆոն դեր Լայեն-Բլինքեն հանդիպմանը հայտարարվի նաև Եվրոպական խաղաղության մեխանիզմի միջոցով Հայաստանին տրվող օգնության մասին։

Եվրոպական խաղաղության մեխանիզմը գործիք է, որով Բրյուսելը միջոցներ է տրամադրում Միության անդամ չհանդիսացող երկրների պաշտպանունակությունը բարձրացնելու համար։

«Չեմ բացառում, ես չգիտեմ մանրուքները, որովհետև ես չեմ մասնակցում», - այսօր ասաց նա։

Անցած տարեվերջին, երբ ԵՄ արտգործնախարարները հավանություն էին տալիս Հայաստանում դիտորդական առաքելության ընդլայնմանը, ԵՄ բարձր ներկայացուցիչ Ջոզեպ Բորելը հայտարարել էր, թե կքննարկեն նաև այս գործիքի միջոցով Հայաստանին օգնելու, ինչպես նաև վիզայի ազատականացման հնարավորությունները։

Ապրիլի 5-ի հանդիպումը խիստ մտահոգել է Բաքվին։ Արտգործնախարության խոսնակի ձևակերպմամբ՝ Խաղաղության եվրոպական հիմնադրամի շրջանակներում Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու ծրագրերն ու տեղեկությունները, թե եռակողմ հանդիպումը նաև ռազմական բաղադրիչ կպարունակի, խաթարում են տարածաշրջանում խաղաղության հաստատման ջանքերը:

Այխան Հաջիզադեն կողմնակալ է որակել միայն Հայաստանի հետ համաժողով անցկացնելու Արևմուտքի քայլը՝ պնդելով, թե Երևանի ցանկացած ապակայունացնող գործողության համար պատասխանատվությունը նաև ԵՄ-ն ու ԱՄՆ-ը կկիսեն։

«Հայաստանում տիրող տիրող ռևանշիստական տրամադրությունների ֆոնին՝ Վաշինգտոնի և Բրյուսելի նման բացահայտ հայանպաստ հրապարակային դրսևորումը կարող է վտանգավոր պատրանք ստեղծել Հայաստանում, թե ԵՄ-ն և ԱՄՆ-ն պատրաստվում են աջակցել Հայաստանին Ադրբեջանի դեմ հնարավոր նոր սադրանքներում», - ասել է նա։

ԱԺ նախագահն, արձագանքելով Բաքվի հնչած հայտարարությանը, այսօր չբացառեց՝ Ադրբեջանը հնարավոր սադրանքի համար հող է նախապատրաստում։

Հայաստանի վարչապետի, Միացյալ Նահանգների պետքարտուղարի ու Եվրոպական հանձնաժողովի նախագահի հանդիպման օրակարգի մասին շատ բան հայտնի չէ։ Բրյուսելն ու Վաշինգտոնը դեռ փակագծեր չեն բացել։ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մի քանի բառով ասել էր՝ հանդիպումը նաև Հայաստանի դիմակայունությունն ամրապնդելու նպատակով է, ու նախատեսվում է քննարկել եռակողմ համագործակցության ուղիները։

«Օրակարգի մասին չեմ կարող ոչ մի բան ասել, ես երեկ եմ վերադարձել Հայաստանի Հանրապետություն և մինչև այս պահը հնարավորություն չեմ ունեցել իմ գործընկերների հետ շփվել և այդ մասով շատ քիչ տեղեկություններ ունեմ», - նշեց խորհրդարանի նախագահը։

Բայց Ալեն Սիմոնյանը չի կարծում, թե այդ հանդիպմանը Եվրամիությանը Հայաստանի անդամակցության մասին հայտարարվի։ Չնայած մեկ ամիս առաջ Հայաստանի պատրաստակամությունը առաջինը հենց ինքն էր բարձրաձայնել, այսօր ասաց՝ նման հարց այս փուլում չեն քննարկում։

«Չնայած նրան, որ ընդդիմությունն ասում է՝ Հայաստանում ժողովրդարավարության աստիճանը շատ ցածր է և այլն, բայց եվրոպական ինստիտուտներն ասացին, որ շատ լավն են ձեր չափորոշիչները, և խորհուրդ տվեց Եվրամիությանը դիտարկել։ Աննախադեպ, շատ լավ բան է, որը նաև Հայաստանի Հանրապետության անվտանգության մակարդակը բարձրացրեց, բայց դա չի նշանակում, որ ՀՀ-ն դիմումը վերցրած հիմա գնացել է և սպասում է, որ մտնի Եվրամիության թեկնածու դառնալու։ Քննարկում ենք, հասկանում ենք, ի գիտություն ենք ընդունում այդ իրողությունը», - ասաց նա։

Կարծում է՝ տարիներով անդամությանը չսպասելու համար Հայաստանը շատ անելիք ունի. - «Ինչպես Թուրքիան է տարիներով, կամ Վրաստանն է տարիներով սպասում՝ մեր անմիջական հարևանները։ Չգնանք, տարիներով չսպասենք։ Պետք է Հայաստանի Հանրապետությունում շատ բան փոխվի, շատ չափորոշիչներ պիտի փոխվեն, ԵՄ անդամ դառնալ չի նշանակում, որ ուղղակի այդ կապույտ դրոշն է աստղերով հայտնվում քո կյանքում, դա ապրանքների, աշխատավարձերի, աշխատանքի որակը բարձրացնելու խնդիր կա, դա մեծ, ահռելի մի գործընթաց է, էլ չեմ ասում՝ հլը հարց է՝ Եվրամիությունը, ենթադրենք՝ մենք դիմեցինք, դա քանի տարի կտևի»։

Հայաստանի իշխանություններն ասում են՝ պատրաստ են այնքան մոտ լինել Եվրամիությանը, ինչքան Բրյուսելը հնարավոր կհամարի։

XS
SM
MD
LG