Մոսկվայի Բասմանի շրջանային դատարանը երկու ամսով կալանավորել է «Կրոկուս» համերգային սրահում ահաբեկչություն կատարելու համար մեղադրվող չորս տղամարդկանց։ Ըստ ռուսական աղբյուրների՝ չորսն էլ Տաջիկստանի քաղաքացիներ են։ Պաշտոնական վերջին տվյալներով՝ նրանց գործողությունների հետևանքով զոհվել է 137 մարդ, այդ թվում՝ երեք երեխա։ Եվս 188-ը վիրավորվել են։
Դատական նիստը դռնփակ էր, բոլոր մեղադրյալները դաժան խոշտանգումների հետքերով են բերվել դատարանի դահլիճ։ Լրագրողներից պահանջել են նրանց հարցեր չտալ։ Քննիչը պնդել է, թե բաց նիստում կարող են քննչական գաղտնիքներ բացահայտվել, և դա կարող է վտանգել գործընթացի մասնակիցների և նրանց հարազատների անվտանգությունը։
Իշխանամետ Տելեգրամ ալիքներն այս օրերին ձերբակալությունների տեսանյութեր և լուսանկարներ են տարածել։ «Վագներ» ռազմական խմբավորման հետ կապված Gray Zone Telegram ալիքի տեսանյութում իրավապահները կտրում են կալանավորի ականջի մի մասը: Նույն ալիքը հրապարակել էր նաև հատակին պառկած կասկածյալի լուսանկարը, որտեղ ենթադրաբար նրան հոսանքահարում են։
Չորս տղամարդկանց, որոնցից ամենաերիտասարդը 19 տարեկան է, ավագը՝ 32, խմբի կազմում ահաբեկչություն կատարելու մեղադրանք է ներկայացվել, այս հոդվածով ընդհուպ ցմահ ազատազրկում է սահմանված։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Առնվազն 144 զոհ՝ Մոսկվայի Crocus City Hall-ում ահաբեկչության հետևանքով. 11 մարդ ձերբակալվել էՈւ թեև «Իսլամական պետությունը» (ԻՊ) ստանձնել է ահաբեկչության պատասխանատվությունը, Ռուսաստանի իշխանությունները ողբերգությունից երեք օր անց դեռ հիմնական վարկած չեն հրապարակել։ Կրեմլի մամուլի խոսնակն այսօր ասել է, թե հարձակման ամբողջական վարկած այս պահին չկա, նախաքննությունը շարունակվում է։ Շեշտել է նաև, որ «այս պահին Արևմուտքի ներկայացուցիչների հետ որևէ շփում չկա»։
«Ռուսաստանի հատուկ ծառայություններն ինքնուրույն են հետաքննում Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը», - ասել է նա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պեսկով․ Crocus-ի հարձակման հետաքննության շրջանակներում Արևմուտքի հետ չենք համագործակցում»Մի շարք երկրների, այդ թվում՝ Միացյալ Նահանգների հետախուզական ծառայությունները ավելի վաղ զգուշացրել էին Ռուսաստանին, որ ահաբեկչական խմբավորումները կարող են հարձակում նախապատրաստել Մոսկվայի համերգային վայրերի վրա։ Վլադիմիր Պուտինը, սակայն, այս հաղորդագրությունները շանտաժ և սադրանք էր որակել։
Դեպքից գրեթե մեկ օր անց Ռուսաստանի նախագահը մեղքի սլաքներն Ուկրաինայի կողմն էր ուղղել, մինչդեռ պաշտոնական Կիևը դեռ հարձակման առաջին ժամերին էր հերքել իր առնչությունը ահաբեկչությանը։
Ֆրանսիայի նախագահն այսօր, ի դեպ, հայտնել է, որ «Իսլամական պետության» Վիլայաթ Խորասան աֆղանական ճյուղը, որը ստանձնել է հարձակման պատասխանատվությունը, նախկինում փորձել է մի քանի ահաբեկչություններ իրականացնել Ֆրանսիայում։ Էմանյուել Մակրոնը այլ մանրամասներ չի հայտնել։
Մոսկվայի հարձակումից հետո հայտնի դարձավ, որ Ֆրանսիայում ահաբեկչական սպառնալիքի մակարդակը բարձրացվել է առավելագույնին։
Մակրոնն այսօր նաև համոզմունք է հայտնել, որ «Կրոկուս հոլի» հարձակումն իրականացրել է ԻՊ-ը և նախազգուշացրել Ռուաստանին չփորձել առանց ապացույցների մեղադրել Ուկրաինային։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պուտինը փորձում է Crocus City Hall-ում տեղի ունեցածի մեղքը բարդել ուրիշի վրա. ԶելենսկիԿրակում էին ուղիղ մարդկանց վրա. ականատես
Ողբերգությունից հետո ռուսաստանցիները մի շարք հարցեր են բարձրացնում՝ ինչպե՞ս են ավտոմատով զինված մարդիկ անարգել համերգասրահ մտել, ինչո՞ւ չի հաջողվել կանխել ահաբեկչությունը՝ չնայած դրա հնարավորության մասին զգուշացումներին, ինչո՞ւ է մարդկանց տարհանումը վատ կազմակերպվել։
«Երբ սկսվեցին կրակոցները, մարդիկ պառկեցին հատակին։ Շրջվելով դեպի բեմ՝ տեսա, որ կրակում են ուղիղ մարդկանց վրա, ոչ թե ինչ-որ տեղ օդի մեջ, ոչ առաստաղի վրա։ Կրակողը ավտոմատով մարդ էր։ Բնականաբար, վերևից անհնար է տեսնել արտաքինը։ Միայն տեսա, որ շագանակագույն հագուստով էր՝ կամ զրահաբաճկոնով, կամ ինչ-որ շագանակագույն կոմբինեզոն, գլխարկով։ Երկու-երեք հոգի ներխուժեց սրահ՝ բեմի տարածքում, ստորին հարկի վրա, որն ավելի մոտ է հիմնական ելքին, և այնտեղից շարունակեցին գնդացրային կրակը հենց մարդկանց վրա։ Մարդիկ ուղղակի փախել են տարբեր ուղղություններով», - «Ազատության» Настоящее время հեռուստաալիքին պատմել է ականատեսը։
Настоящее время -ի երիտասարդ զրուցակիցը ասել է, որ փրկվել են նրանք, ովքեր որոշել են ինքնուրույն գործել, չսպասել և կարողացել են դուրս գալ շենքից։