Մատչելիության հղումներ

Պեսկով․ Crocus-ի հարձակման հետաքննության շրջանակներում Արևմուտքի հետ չենք համագործակցում»


«Ռուսաստանի հատուկ ծառայություններն ինքնուրույն են հետաքննում Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը», - այսօր հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։

Նրա խոսքով՝ «այս պահին արևմուտքի ներկայացուցիչների հետ որևէ շփում չկա»։

«Որևէ օգնության մասին ևս խոսք չկա», - հայտարարել է Պեսկովը՝ պատասխանելով ռուսաստանցի լրագրողներից մեկի հարցին՝ թե արդյո՞ք Արևմուտքը օգնություն է առաջարկել ուրբաթ օրը տեղի ունեցած հարձակման հետաքննության գործում։

Ռուսաստանի նախագահի խոսնակը նաև հրաժարվել է մեկնաբանել հարձակումներին«Իսլամական պետության» առնչության թեման։

«Այս հարցը վերաբերում է նախաքննության ընթացքին։ Դա մեկնաբանել մենք չենք կարող, իրավունք չունենք։ Նախաքննությունը շարունակվում է, հարձակման ամբողջական վարկած դեռ գոյություն չունի, բոլոր տեղեկություններն առայժմ նախնական բնույթ են կրում», - հայտարարել է Պեսկովը։

Մարտի 22-ի երեկոյան մի խումբ զինված տղամարդիկ ինքնաձիգներից կրակ են բացել Մոսկվայի Crocus City Hall-ում, ինչից հետո տեղում պայթյուն է տեղի ունեցել և հրդեհ է բռնկվել: Հաղորդվում է 137 զոհի և 152 վիրավորի մասին:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով։

Ավելի վաղ արևմտյան լրատվամիջոցները հաղորդել էին, որ կատարվածի համար պատասխանատվություն է ստանձնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։ Միաժամանակ նշվում էր, որ այդ տեղեկատվության հավաստիությունն առայժմ հնարավոր չէ ճշտել։ Դեպքից, սակայն մեկ օր անց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես եկավ ռուսաստանցիներին հղած ուղերձով՝ ահաբեկչության գիծը տանելով դեպի Ուկրաինա:

Ուկրաինայի նախագահի գրասենյակից հերքել են Կիևի առնչությունը ահաբեկչությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG