Տրանսպորտի նոր նախագծում՝ նախորդի համեմատ գների իջեցում, ժամկետներում անսահմանափակ երթևեկություն

Երևանի քաղաքային ավտոբուսները, արխիվ

Երևանի քաղաքապետարանը փոփոխություններ է կատարել քաղաքային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի նախագծում, որոնցով նախատեսվում է նախորդի համեմատ գների իջեցում, ինչպես նաև տվյալ ժամկետում անսահմանափակ երթևեկելու հնարավորություն:

Քաղաքապետարանի խոսնակի ֆեյսբուքյան գրառման համաձայն՝ լրամշակված նախագծով, որը կքննարկվի ավագանու առաջիկա նիստում, նախատեսվում է՝ 30 օրվա համար 8 հազար 800 դրամ՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ, 90 օրվա համար 23 հազար 600 դրամ՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ,
365 օրվա համար 88 հազար դրամ՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ։ Ցանկացած փաթեթ ձեռք բերելու դեպքում քաղաքացիները կարող են օգտվել հասարակական տրանսպորտի բոլոր միջոցներից։

Ուսանողների, բնակչության սոցիալական կամ հատուկ խմբերի համար կկիրառվեն զեղչեր, նաև փոխանցում է Հայկ Կոստանյանը:

Մեկ ամիս առաջ քաղաքապետարանը ներկայացրեց տրանսպորտի թանկացման նախագիծ, որը խիստ քննադատության արժանացավ թե՛ գների բարձր լինելու, թե՛ տարբեր ժամկետներում երթևեկության քանակների սահմանափակումների պատճառով: Մեկ ամսվա քարտը ըստ այդ նախագծի արժենալու էր 11 հազար դրամ, տրանսպորտից հնարավոր էր լինելու օգտվել 60 անգամ, «90 օր» տարբերակը, համապատասխանաբար՝ 25 հազար դրամ՝ 180 անգամ տրանսպորտից օգտվելու համար, տարեկան փաթեթը՝ 110 հազար դրամ` 1000 անգամ տրանսպորտից օգտվելու համար:

Օրեր անց նախագիծը հանվեց Երևանի ավագանու նիստի օրակարգից՝ այն լրացուցիչ քննարկելու խոստումով:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Քաղաքապետարանը ժամանակավորապես քվեարկությունից հանեց տրանսպորտի թանկացման հարցըՏրանսպորտի թանկացման նախագիծը հանվեց Երևանի ավագանու նիստի օրակարգիցՔաղաքապետարանը կվերանայի տրանսպորտի սակագների առաջարկըԵրևանի քաղաքապետարանը տրանսպորտը թանկացնելու նախագիծ է ներկայացրել