Մատչելիության հղումներ

Քաղաքապետարանը կվերանայի տրանսպորտի սակագների առաջարկը


«Առկա սակագնով տրանսպորտը չենք կարող շահագործել», - այսօր Երևանի ավագանու նիստի ժամանակ հայտարարեց փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը՝ անդրադառնալով դժգոհության մեծ ալիք բարձրացրած տրանսպորտի թանկացման նախագծին։

Ավելի վաղ փոխքաղաքապետը տեղեկացրել էր, որ նախագիծը հանվել է ավագանու առաջիկա նիստի օրակարգից՝ լրացուցիչ քննարկման համար, սակայն այսօր հայտարարվեց, որ հարցը կքննարկվի այսօրվա նիստում, բայց քվեարկության չի դրվի։

Փոխքաղաքապետը նշեց, որ տոմսային փաթեթներից կհանվեն սահմանափակումները, կլինեն սուբսիդավորվող փաթեթներ, կվերանայվեն նաև փաթեթների գները։

«Հարցն այն է, թե որ մասն է ուղևորը վճարելու, որ մասը՝ համայնքը: Սուբստիդավորման չափը 7 մլրդ դրամի է հասել, քաղաքն անընդհատ համալրում ու բերում է նոր շաժակազմ: Կռացած ու արժանապատվությանը վնասող տրանսպորտը պետք է վերացվի: Նոր շարժակազմը պահանջում է նոր սակագին: Խոսքը չի գնում նրա մասին, որ սակագների կարգավորումն անենք էնպես, որ սուբսիդավորում չլինի: Եթե չենք ուզում 10 տարի հետո կանգնել նույն կոտրած տաշտակի առաջ՝ գումար հայթայթենք նոր տրանսպորտի համար, պետք է մշտապես տրանսպորտից օգտվողների ու սոցխմբերի համար արտոնություններ ունենալ: Ովքեր հաճախ չեն օգվում տրանսպորտից, իրենց համար չի սուբսիդավորվի։ Վերջնական որոշումից հետո պարզ կլինեն արտոնյալ խմբերը: Ուսանողերն ու դպրոցականներն այդ խմբում կլինեն, թե ոչ», - ասաց Գրիգորյանը:

Փոխքաղաքապետը նաև նշեց, որ մի քանի տոմսային փաթեթ կլնի՝ ամսական, տարեկան, եռամսյակային, մեկօրյա, մեկշաբաթյա, 70 րոպեանոց:

«Քննարկման առարկա այսօր կդառնա սահմանափակումների հարցը, մենք պետք է վերացնենք տոմսային փաթեթներից սահմանափակումների հարցը: Այսինքն՝ բոլոր էս փաթեթները լինեն անսահմանափակ», - ասաց Երևանի փոխքաղաքապետը։

Քաղաքապետարանը 7- էջանոց նախագծով տարեկան 110 հազար դրամ էր առաջարկում մեկ անձի համար (1000 ուղևորություն), ամսական փաթեթը մեկ անձի համար՝ 11 հազար դրամ (60 ուղևորություն), եռամսյակայինը՝ 25 հազար դրամ (180 ուղևորություն)։ Նոր սակագները կգործեին սեպտեմբերից, եթե Երևանի ավագանին փետրվարի 13-ին կայանալիք նիստում կողմ քվեարկեր նախագծին։ Քաղաքային իշխանությունները թանկացման անհրաժեշտությունը պայմանավորում էին ուղևորափոխադրումների բարձր ինքնարժեքով։ Քաղաքապերանը, սակայն, չէր պարզաբանում, թե ինչ մեթոդով է այս թվերը ստացել, չկար նաև հիմնավորում, թե ինչու էին սահմանափակ թվով ուղևորություններով փաթեթներ առաջարկում։

XS
SM
MD
LG