Բուռն քննադատություններից հետո քաղաքային իշխանությունը այսօր ժամանակավորապես քվեարկությունից հանեց տրանսպորտի թանկացման հարցը, որ մեկ շաբաթ առաջ էր ներկայացրել: Բայց քննարկումներ եղան:
Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն ասաց՝ կներկայացնեն նոր առաջարկ, որտեղ փաթեթներն այլևս չեն սահմանափակի ուղևորությունների թիվը: Ուսանողների, դպրոցականների, թոշակառուների, հաշմանդամություն ունեցողների համար կլինեն արտոնություններ, բայց դեռ հստակ չէ՝ ինչպիսի, նաև ցանկը հստակ չէ:
Անցած շաբաթ Քաղաքապետարանը շրջանառել էր մի նախագիծ, որով, առաջարկվում էր մեկ շաբաթվա համար վճարել 5000 դրամ, բայց երթևեկել ոչ ավելի, քան 30 անգամ, իսկ մեկ տարվա համար՝ 110 հազարանոցը՝ 1000 ուղևորության համար: «Ազատությունն» ուսումնասիրել էր հետսովետական մի քանի երկրների տարնսպորտային համակարգերը, ինչից ակնհայտ էր դառնում, որ Երևանում առաջարկվող գներն ամենաբարձրն են այդ շարքում:
Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն այսօր հայտարարեց՝ գները կվերանայվեն, բայց ոչ բոլոր դեպքերում» - «Մշտապես տրանսպորտից օգտվողների համար ու խոցելի խմբերի համար տրանսպորտի սակագինը, եթե պետք է վերանայվի, պետք է վերանայվի մինիմալ կամ անգամ չվերանայվի, իսկ այն անձանց համար, ովքեր հազվադեպ են օգտվում տրանսպորտից, ում համար փոփոխությունը դրամատիկ թանկացման չի բերում, օրինակ, զբոսաշրջիկների դեպքը, տրամաբանություն չկա, որ էդ ուղևորափոխադրումները սուբսիդավորվեն»:
Ավագանու ընդդիմադիր անդամ Մեսրոպ Մանուկյանը համաձայն է, որ նոր ավտոբուսները հնարավոր չէ սպասարկել 100 դրամով: Ընդունեց, որ պետք է գումարն ավելացնել, բայց, ասաց, քաղաքացին չվճարի իր գրպանից, փողի տեղը հուշեց. կրճատել պարգևավճարները, դրան ավելացնել կարմիր գծերից գոյացած գումարներն ու սուբսիդավորել:
Երևանի փոխքաղաքապետն այսպիսի հայտարարությունները պոպուլիստական է համարում և ընդգծում՝ քաղաքային բյուջեից, ընդհանուր առմամբ, բոլոր ծրագրերի համար սուբսիդավորման գումարն անցած տարի 7 միլիարդ դրամի է հասել:
Բայց Երևանի քաղաքապետարանը խոստանում է սեպտեմբերին 171 նոր ավտոբուս բերել, հետո՝ ևս 250-ը: Բայց անգամ այդ դեպքում փոխքաղաքապետն ընդունեց՝ կանգառներում գոյացող հերթերի ու լեփլեցուն երթևեկող ավտոբուսների հարցն ամբողջությամբ չի լուծվի: