Երևանյան տրանսպորտը թանկացնելու նախագիծը հանվել է ավագանու առաջիկա նիստի օրակարգից. տեղեկացնում է փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։ Հետխորհրդային և եվրոպական շատ քաղաքներից ավելի բարձր գներ սահմանելու ու երթևեկության լիմիտ կիրառելու իրենց առաջարկը լրացուցիչ կքննարկեն։
Ըստ փոխքաղաքապետի՝ քննադատությունից հետո ստուգում են նախագիծը. - «Խնդրել եմ քաղաքապետին հարցը հանել առաջիկա ավագանու նիստի օրակարգից՝ նախագիծն ավելի համապարփակ քննարկելու և ավագանու քննարկմանը կրկին ներկայացնելու նպատակով»:
Թե որքան կտևեն այս քննարկումները և երբ նախագիծը դարձյալ օրակարգ կմտնի, քաղաքապետարանից չեն մանրամասնում։ Ասացին՝ որևէ բան հստակ չէ։
Թանկացման անհրաժեշտությունը քաղաքային իշխանությունը պայմանավորում է ուղևորափոխադրումների բարձր ինքնարժեքով, հրապարակված 7-էջանոց փաստաթղթում, սակայն, չկար որևէ բանաձև, թե ինչ մեթոդով են հաշվել տարեկան 110 հազար դրամը, եռամսյա 25 հազարը և մյուս բոլոր սակագները, չկար նաև հիմնավորում, թե ինչու էին սահմանափակ թվով ուղևորություններով փաթեթներ առաջարկում։ Հայտարարել են՝ եվրոպական մոդել են ուզում, այնինչ, եվրոպական բազմաթիվ քաղաքներում կարող ես փաթեթ ձեռք բերել և օգտվել որքան պետք է:
Թեման նաև Ազգային ժողովում է քննարկվում: Իշխանական «Քաղաքացիական պայմանագրից» Արթուր Հովհաննիսյանը վստահեցնում է՝ դժգոհությունները հաշվի են առնվելու:
«Կքննարկվի, առաջարկությունները, դժգոհությունները վստահաբար հաշվի կառնվեն: Ես՝ որպես Ազգային ժողովի պատգամավոր, ևս հարցեր և առաջարկություններ ունեմ: Կարծում եմ՝ էդ քննարկումները տեղի կունենան, նաև մենք գործընկերներով ենք շահագրգիռ, որ հնարավորինս լավ նախագիծ և հնարավորինս լավ փոփոխություններ լինեն մեր քաղաքի, մեր քաղաքացիների համար», - «Ազատությանը» ասաց Հովհաննիսյանը:
Ավագանու անդամի մանդատից զրկված նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը շտապեց ֆեյսբուքյան լայվով շնորհավորել երևանցիներին՝ այս հետքայլը ժողովրդի հաղթանակ ներկայացնելով։ Քաղաքապետարանը, մինչդեռ, հայտարարել է հավելյալ քննարկումների անհրաժեշտության մասին, տրանսպորտը թանկացնելու մտադրությունից հրաժարվելու մասին խոսք չկա:
«Արդեն ասում են՝ «մենք քննարկումներ ունեցանք քաղաքապետարանում, դրա համար հիմա հանում ենք, որպեսզի ավելի լավ մշակենք»: Կներեք, նախ մշակեիք ավելի լավ, նոր բերեիք, ոչ թե բերեք ու հանեք», - նշեց Մարությանը:
Քաղաքային իշխանությունն ուզում է այս աշնանից միասնական տոմսային համակարգը ներդնել. երևանցիներն ավտոբուսների, տրոլեյբուսների ու մետրոյի համար մեկ ընդհանուր տոմս պետք է ձեռք բերեն։ Ասում են՝ մինչ սեպտեմբեր ավտոբուսների նոր խմբաքանակը կհասնի, այդ հաշվարկով են առաջնորդվել, բայց չեն խոստանում, որ տրանսպորտի խնդիրն այդպիսով ամբողջությամբ կլուծվի։
Քաղաքապետարանի առաջարկով՝ երևանցիները կընտրեն իրենց հարմար սակագնային փաթեթը ու համապատասխան քարտ կգնեն` ֆիզիկական կամ էլեկտրոնային։ Կարճաժամկետ փաթեթների դեպքում նաև թղթային QR կոդով տարբերակ կլինի:
Թե ինչպես պետք է աշխատի այս համակարգը, ներկայացրել էին դեռ 2021-ին՝ կիբերհարձակումների դեմ տեխնիկական պահանջներից մինչև ավտոբուսների ներսում սարքերի բնութագրերը։ Իսկ ի՞նչ, եթե կապ չլինի կամ վճարային համակարգը չաշխատի. ըստ այս նկարագրության՝ տրանսպորտի աշխատանքը միևնույն է չի խափանվի։