Միացյալ Նահանգներում մեկնարկել է 2024 թվականի ընտրապայքարի առանցքային իրադարձություններից մեկը՝ «սուպերերեքշաբթին»։ Առաջինը դռները բացեցին երկրի Արևելյան ափում գտնվող մի շարք նահանգների ընտրատեղամասերը, քիչ անց դրանց կմիանան նաև երկրի հարավում և արևմուտքում գտնվողներից մի քանիսը, այդ թվում՝ Տեքսասն ու Կալիֆորնիան։
Ընդհանուր առմամբ 16 նահանգներում այսօր ընտրողները կմասնակցեն ներկուսակցական ընտրություններին՝ որոշելով, թե իրենց նախընտրած կուսակցությունն ում պետք է առաջադրի նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում։ Եվ եթե դեմոկրատների դեպքում այս փրայմերիները առավելապես ֆորմալ բնույթ ունեն՝ իշխող կուսակցությունը գոնե այս փուլում սատարում է Ջոզեֆ Բայդենին, ապա հանրապետականների շարքերում որոշակի ինտրիգ դեռ պահպանվում է։
Այստեղ պայքարը ծավալվել է նախկին նախագահ Դոնալդ Թրամփի և ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների նախկին դեսպան Նիկի Հեյլիի միջև։ Ու թեև Հեյլին երկու օր առաջ կարողացավ առաջին լուրջ հաջողությունն արձանագրել՝ հաղթելով մայրաքաղաք Վաշինգտոնում կայացած ներկուսակցական ընտրություններում, Թրամփի դիրքերն անհամեմատ ավելի ամուր են։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թրամփի մրցակից Հեյլին նախնական ընտրություններում առաջին հաղթանակն է տարել Կոլումբիայի շրջանումԴրանք է՛լ ավելի ամրապնդվեցին ԱՄՆ Գերագույն դատարանի երեկ կայացրած վճռից հետո, որով երկրի թիվ մեկ դատական ատյանը չեղարկեց Կոլորադոյի դատարանի՝ դեկտեմբերին ընդունած վճիռը։ Դրանով Թրամփին արգելվում էր մասնակցել նահանգի տարածքում անցկացվող ընտրություններին, քանի որ, դատավորների համոզմամբ, նա ներքաշված է եղել 2021 թվականի հունվարի 6-ի Կապիտոլիումի անկարգություններին, որոնք Կոլորադոյում «խռովություն» էին որակել։ Գերագույն դատարանի համոզմամբ, այդուհանդերձ, նահանգային դատարանը նման որոշում կայացնելով գերազանցել էր իր լիազորությունները։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Դատարանն արգելեց ջնջել Թրամփի անունը նախագահական ընտրությունների նախընտրական քվեաթերթիկներից«Ընտրողներն են, որ կարող են մարդուն շատ արագորեն հեռացնել ընտրապայքարից, բայց դատարանը նման բան չպետք է անի։ Եվ Գերագույն դատարանն այս իրողությունը հրաշալի կերպով արձանագրեց։ Եվ ես իրոք վստահ եմ, որ այս որոշումը միավորող գործոն կդառնա։ Նահանգների մեծ մասը ուրախությամբ պատրաստ է ինձ ընտրություններին մասնակցելու հնարավորություն ընձեռել, որոշ նահանգներ, սակայն, նույն մոտեցումը չունեին։ Պատճառները քաղաքական էին, քանի որ հասարակական կարծիքի ուսումնասիրության արդյունքները մեզ համար բարենպաստ են», - հայտարարում էր Թրամփը Գերագույն դատարանի վճռի առթիվ հեռարձակված հատուկ ուղերձում։
Վերջին շաբաթներին անցկացված հարցումները Թրամփի համար իրոք բավական լավատեսական պատկեր են ուրվագծում։ АBC News-ն ամփոփել է ամենաթարմ 8 հարցումների արդյունքները՝ եզրակացնելով, որ Թրամփը համոզիչ հաղթանակ կարձանագրի նաև այսօրվա քվեարկության ընթացքում։ Այսպես, Կալիֆորնիայում, ըստ АBC-ի, նրա օգտին պատրաստ է քվեարկել հանրապետական ընտրողների 73, իսկ Հեյլիի օգտին՝ ընդամենը 18 տոկոսը։ Տեքսասում երկու թեկնածուների միջև առկա տարբերությունն ավելի մեծ է՝ Թրամփի օգտին, սոցիոլոգների կանխատեսմամբ, քվեարկելու է գրանցված հանրապետական ընտրողների 78, Հեյլիի օգտին՝14 տոկոսը։ Եվս մեկ խոշոր նահանգում՝ Մասաչուսեթսում Թրամփը Հեյլիից առաջ է 37, Հյուսիսային Կարոլինայում՝ 45, իսկ հարավային Թենեսիում՝ գրեթե 70 կետով։ Նման իրավիճակում գլխավոր հարցը մեկն է՝ ինչու է Նիկի Հեյլին շարունակում պայքարը։
Թեկնածուի խոսքով՝ մասնակցությունն այս ընտրություններին իր համար սկզբունքային հարց է, այնպես որ ընտրարշավը լքելու մտադրություն ինքը չունի, անգամ եթե հաղթանակի հավանականությունը շատ փոքր է։
«Երբ չես մասնակցում ներկուսակցական ընտրություններին, պետք չէ բողոքել այն ամենից, ինչ տեղի է ունենում համապետականների ժամանակ», - Տեքսասում կայացած հանրահավաքներից մեկի ժամանակ հայտարարում էր Նիկի Հեյլին՝ պնդելով, թե 2024 թվականի ընտրարշավի զառամյալ առաջատարները Միացյալ Նահանգներին նորմալ ապագա երաշխավորել չեն կարող։ «Մենք կարող ենք ավելիին ձգտել, քան երկու 80-ամյա թեկնածուներն են», - հայտարարում էր Հեյլին։
Տարիքային թեման ամերիկյան ընտրություններում պատահական չէ, որ շոշափվում է։ Նախագահ Ջոզեֆ Բայդենն այժմ 81 տարեկան է, նրա ամենահավանական մրցակիցը՝ Դոնալդ Թրամփը՝ 77: Ընտրողների շրջանում, սակայն, առավել մեծ մտահոգություններ են արտահայտվում Բայդենի տարիքի և առողջական վիճակի հետ կապված։
The New York Times-ի և Սիենայի քոլեջի անցկացրած համատեղ հետազոտության արդյունքները վկայում են՝ ամերիկացի ընտրողների 73 տոկոսը վստահ է՝ Ջոզեֆ Բայդենը չափազանց ծեր է նախագահ աշխատելու համար։