Միացյալ Նահանգների նախկին նախագահ հանրապետական Դոնալդ Թրամփը հավաստիացրել է, թե ընտրվելու դեպքում կկանխի երրորդ համաշխարհային պատերազմը, որին հիմա աշխարհը շատ մոտ է։
«Ես կկանխեմ երրորդ համաշխարհային պատերազմը»,- երեկ իր աջակիցներին խոստացել է նախկին նախագահը՝ հավելելով. - «Մենք շատ մոտ ենք դրան, և դա կլինի այնպիսի պատերազմ, որը կտարբերվի բոլոր մյուսներից»:
Թրամփի հանդիպումն ընտրողների հետ հեռարձակվել է RSBN պահպանողական մեդիաընկերության YouTube-ի ալիքով։
Նախկին նախագահը նաև նշել է, որ կկարողանա վերականգնել խաղաղությունը՝ ներառյալ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հակամարտությունում, «նույնիսկ Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակ ժամանելուց առաջ»:
Ավելի վաղ Թրամփը հայտարարել է, թե վերընտրվելու դեպքում 24 ժամում վերջ կտա ռուս - ուկրաինական պատերազմին:
ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի կունենան այս տարվա նոյեմբերին։ 2023 թվականի ապրիլի 25-ին ԱՄՆ նախագահ դեմոկրատական Ջո Բայդենը հայտնել է, թե ցանկանում է վերընտրվել բարձրագույն ղեկավարի պաշտոնում։ Թրամփն իր ընտրարշավին մասնակցելու մասին 2022-ի նոյեմբերին է հայտարարել:
Այսօրվա դրությամբ Թրամփի նկատմամբ հարուցվել են մի շարք քրեական գործեր, սակայն ԱՄՆ օրենքների համաձայն՝ այդ հանգամանքը և նույնիսկ բանտում գտնվելը չի կարող սահմանափակել քաղաքացու առաջադրվելու ազատության իրավունքը:
Թրամփն այսօր համարվում է հանրապետականների ճամբարից առաջադրվելու առավել հավանական թեկնածուն: