Մատչելիության հղումներ

Բայդենին փաստաթղթերի անփույթ պահման գործով մեղադրանք չի առաջադրվի


ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն, Սպիտակ տուն, Վաշինգտոն, 8-ը փետրվարի, 2024թ.
ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն, Սպիտակ տուն, Վաշինգտոն, 8-ը փետրվարի, 2024թ.

«Հավատում էի, որ այդպես կլինի, մեղադրանք չկա»

Հատուկ դատախազ Ռոբերտ Հըռի թիմը 15 ամիս տևած հետաքննության ավարտին հանգել է այն եզրակացության, որ նախագահ Ջո Բայդենը 2009 և 2017 թվականներին՝ Բարաք Օմաբայի նախագահության օրոք փոխնախագահի պաշտոնը զբաղեցնելիս, անփութություն է դրսևորել պետական նշանակության փաստաթղթերի պահման հարցում, սակայն նրան քրեական մեղադրանք ներկայացնելու հիմքեր չկան:

Ինքը նախագահ Բայդենը գոհունակություն է հայտնել գործի նման ավարտի կապակցությամբ:

«Հատուկ դատախազն այսօր հրապարակեց իր հետաքննության արդյունքը՝ կապված գաղտնի փաստաթղթերի հանդեպ իմ վերաբերմունքի հետ: Ուրախ եմ, որ նրանք եկան այդ եզրակացության: Ես հավատում էի, որ այդպես կլինի: Այս գործով մեղադրանք չկա», - ասել է Բայդենը:

Ժամանակին հայտնաբերելով հին փաստաթղթերը՝ նա իր փաստաբանների և օգնականների հետ դրա մասին անմիջապես տեղեկացրել է պատկան մարմիններին ու բոլոր նյութերը վերադարձրել է արխիվ:

Ոչ թե միտումնավոր արարք, այլ՝ անփութություն

Ռոբերտ Հըռն իր զեկույցում նշել է, որ Բայդենը համագործակցել է քննիչների հետ և չի փորձել թաքցնել տեղի ունեցածը:

Հատուկ դատախազի համոզմամբ, փաստաթղթերը Վաշինգտոնում Բայդենի վերլուծական կենտրոնի և Դելավերի նահանգում, Վիլմինգթոնի առանձնատան տարածքում և ավտոտնակում պահելը ոչ թե միտումնավոր արարք էր, այլ՝ անփութություն:

«Հոկտեմբերի 8-ին, 9-ին, երբ արդեն տեղի էր ունեցել {ԱՄՆ-ում և ԵՄ-ում ահաբեկչական կառույց ճանաչված} «Համաս»-ի հարձակումն Իսրայելի վրա, երբ ես խոշոր միջազգային հակամարտության կարգավորմամբ էի զբաղվում, ես հինգ ժամ հարցաքննվել եմ։ Եվ ես ուրախ եմ, որ քննիչները տեսնում են այս գործի ու Դոնալդ Թրամփի կողմից փաստաթղթերն անպատշաճ պահելու գործի տարբերությունը», - ասել է Բայդենը:

Թրամփի գործը շատ ավելի բարդ է

Այս աշնանը կայանալիք նախագահական ընտրություններում այսօրվա դրությամբ Բայդենի թիվ մեկ մրցակիցը՝ հանրապետական նախկին նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես մեղադրվում է փաստաթղթերը ոչ ճիշտ եղանակով պահելու համար, սակայն նրա գործն ավելի բարդ է:

Նա մեղադրվում է Սպիտակ տունը լքելուց հետո Ֆլորիդայում՝ իր առանձնատանն ավելի քան 100 գերգաղտնի փաստաթղթեր պահելու համար: Ընդ որում, ի տարբերություն Բայդենի, Թրամփը սկզբում կտրականապես հերքել է մեղադրանքը, երկար դիմադրել է խուզարկությանը:

Տարբերությունն այն է, որ Բայդենի թիմն անմիջապես վերադարձրել է թղթերը, դրանց թիվը շատ փոքր է եղել, և Բայդենն առանց ձգձգելու համագործակցել է քննիչների հետ:

«Ինչպե՞ս է նա համարձակվել նման բան գրել»

Այնուամենայնիվ, հետաքննության արդյունքով հրապարակված եզրակացությունում կան ձևակերպումներ, որոնք մեծ տհաճություն են պատճառել Բայդենին և նրա աջակիցներին:

Զեկույցում Ռոբերտ Հըռը Բայդենին բնութագրել է որպես «բարյացակամ, վատ հիշողությամբ տարեց մարդու»: Բայդենին հատկապես զայրացրել է այն, որ հատուկ դատախազը նկատել է տվել՝ նախագահը հիշողության խնդիր ունի, նույնիսկ չի հիշում, թե երբ է մահացել իր որդին:

«Ազնիվ խոսք, ինչպե՞ս է նա համարձակվել նման բան գրել: Երբ հարցրեց, ես մտածեցի՝ գրողը տանի, նրա՞ ինչ գործն է»,- ասել է Բայդենը և ավելացրել. - «Ամեն անգամ հիշատակի օրը մենք հավաքվում ենք, գալիս են մեր բարեկամները, ընտանիքը, բոլորն, ովքեր սիրել են նրան, մենք ուրիշի կարիքը չունենք»։

Բայդենի որդին՝ իրավաբան Բյու Բայդենը մահացել է 2015 թվականին գլխուղեղի քաղցկեղից՝ 46 տարեկանում:

«Այդօրինակ մեկնաբանությունները մանդատից դուրս են»

Նյու Յորքում գործող Հոֆստրայի համալսարանի պրոֆեսոր Ջեյմս Սամփլի փոխանցմամբ, հատուկ դատախազի այդ պնդումը չափազանց անպարկեշտ է և նպատակ ունի վնաս հասցնել Բայդենի վարկին:

«Հըռի մեկնաբանությունները նախագահ Բայդենի տարիքի և հիշողության մասին հատուկ դատախազի մանդատի շրջանակներից դուրս են, բացարձակապես հակասում են արդարադատության նախարարության գործելաոճին: Դրանք նաև սպեկուլյատիվ են և ակնհայտորեն վնասակար են նախագահ Բայդենի համար», - ասել է պրոֆեսորը:

Ընտրապայքարում դեր կարող են ի հայտ գալ նոր անուններ

Բայց կան նաև փաստեր, որոնք հրապարակավ են արձանագրվել: 81-ամյա Բայդենը վերջին շրջանում երբեմն շփոթում է անունները, տարեթվերը: Դրանք, թերևս, հասկանալի մարդկային երևույթներ են, նույնիսկ երիտասարդը կարող է իր խոսքում ինչ-որ անուն, տեղանուն կամ տարեթիվ շփոթել, սակայն տվյալ պարագայում խոսքն աշխարհի ամենահզոր գերտերության ղեկավարի մասին է, ով ասել է, թե առաջադրվում է այս տարվա ընտրություններում:

Ուստի, աշնանը Միացյալ Նահանգներում պետք է ընտրություն անեն 81-ամյա դեմոկրատականի և 77-ամյա հանրապետականի միջև:

Այս օրերին Թրամփը տարբեր նահանգներում հաջողություն է գրանցում ներկուսակցական ընտրություններում:

Ամերիկացիները մտահոգված են, և բնավ չի բացառվում, որ առաջիկա ամիսներին ընտրապայքարում կարող են ի հայտ գալ նոր անուններ, այդ թվում՝ դեմոկրատականների ճամբարում:

XS
SM
MD
LG