Մատչելիության հղումներ

ԱՄՆ գալիք նախագահական ընտրություններում ավելի տեսանելի է դառնում Թրամփ-Բայդեն ռևանշը


ԱՄՆ - Նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի ընտրարշավը Նաշուայում, Նյու Հեմփշիր, 23-ը հունվարի, 2024թ.
ԱՄՆ - Նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի ընտրարշավը Նաշուայում, Նյու Հեմփշիր, 23-ը հունվարի, 2024թ.

ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հաղթեց նաև Նյու Հեմփշիրի հանրապետականների փրայմերիներում։ Քվեների 91 տոկոսի հաշվարկի արդյունքում նա 12 կետով առաջ է իր միակ մրցակից՝ ՄԱԿ-ում ԱՄՆ-ի նախկին դեսպան Նիկի Հեյլիից, ստանալով նահանգի հանրապետականների ձայների 54,5 տոկոսը՝ իր մրցակցի 43 տոկոսի դիմաց:

Թրամփն իր ելույթում ասել է, թե Հեյլին այնպես էր խոսում, ասես հաղթել է։ «Ոչ, նա չի հաղթել, նա պարտվել է», - դիմելով իր աջակիցներին՝ ասում էր ԱՄՆ-ի նախկին նախագահը։ Իսկ քվեարկության նախնական արդյունքները հայտնի դառնալուց հետո իր ստեղծած սոցցանցում Թամփն ավելի սուր գրառումներ կատարեց Հեյլիի հասցեին։

Նիկի Հեյլին ընդունել է իր պարտությունը, շնորհավորել Թրամփին։ Սակայն նա չի հանձնվում։ Հեյլին ասել է, որ մրցավազքը հեռու է ավարտվելուց, և խոստացել է պայքարել մեկ ամսից իր սիրելի Հարավային Կարոլինայում կայանալիք քվեարկությունում։

Նրա աջակիցներից Բրիթնի Մարտինեսն ասել է, որ Հարավային Կարոլինան Հեյլիի հայրենի նահանգն է, այնտեղ ընտրողները նախկինում քվեարկել էին նրա օգտին նահանգապետի պաշտոնում ընտրվելու համար։ Նրա մեկ այլ աջակից Սթիվ Քեսելրինգն ասել է, որ եթե Հեյլին հաղթի Հարավային Կարոլինայում, դա մեծ խթան կլինի մրցապայքարը շարունակելու համար։

52-ամյա Նիկի Հեյլին Նյու Հեմփշիրում իր մարտավարությունը կառուցել էր ուղիղ շփումների վրա։ Նա տասնյակ հանդիպումներ ունեցավ փոքր բնակավայրերում, առևտի ու սպասարկման կենտրոններում, բայց այս մարտավարությամբ չկարողացավ հաղթանակի հասնել։

77-ամյա Թրամփն իրեն աջակցելու համար հրապարակ էր դուրս բերել մրցապայքարից իր օգտին հրաժարված Վիվեկ Ռամասվամիին:

«Այս երեկո մենք տեսանք, որ Ամերիկա առաջինը հաղթեց Ամերիկա վերջինին», - հայտարարում էր Ռամասվամին՝ շեշտադրելով նախագահական նախորդ ընտրություններում «Առաջինը Ամերիկան» Թրամփի կարգախոսը։

ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները կայանալու են նոյեմբերին, ու ավելի հավանական է դառնում Թրամփ-Բայդեն ռևանշը։

Նախագահ Ջո Բայդենն ասել է, որ այժմ պարզ է՝ ընտրություններում Թրամփը կդառնա հանրապետականների թեկնածուն։

Նյու Հեմփշիրում Դոնալդ Թրամփին ընտրողները նշել են, որ նրա նախագահության ժամանակ տնտեսական վիճակն ավելի լավ էր։ 64-ամյա Գրեգ Դուլգարյանն ասել է, որ Թրամփի օգտին է քվեարկել, որովետև երկիրը նախկինում ավելի լավ տեղում էր, քան հիմա։

71 -ամյա Դեյվիդ Սթրաթոնը քվեարկել է Նիկի Հեյլիի օգտին։ «Ես քվեարկել եմ Նիկի Հեյլիի օգտին։ Կարծում եմ՝ նա լավագույն թեկնածուն է։ Ես վախենում եմ, որ Թրամփը չափից դուրս քաոտիկ է, ու նրա մասին չափից դուրս շատ է խոսվում», - ասել է նա։

Ներկուսակցական պայքարում Նյու Հեմփշիրը Թրամփի երկրորդ կարևոր հաղթանակն է։ Մինչ այս նա հաղթել էր Այովայում, ինչից հետո նրա մյուս մրցակիցները հրաժարվել էին շարունակել պայքարը՝ իրենց աջակցությունը հայտնելով Թրամփին։

Վերլուծաբանները նշում են, որ մրցավազքից Նիկի Հեյլիի դուրս գալը թերևս ժամանակի հարց է։ Նյու Հեմփշիրը համեմատաբար չափավոր հանրապետականներով ու անկախ ընտրողներով նահանգ է համարվում, և եթե Հեյլին չկարողացավ հաղթել այդ նահանգում, ապա ինչպե՞ս կարող է լավ արդյունքների հասնել ավելի պահպանողական նահանգներում։

Հարավային Կարոլինայում հանրապետականների փրայմերիները կայանալու են փետրվարի 24-ին։ Թրամփը երեկ ասել է, որ հեշտությամբ կհաղթի նաև Հարավային Կարոլինայում։ Հարցումները ցույց են տալիս, որ Նիկի Հեյլին իր հայրենի նահանգում մեծ տարբերությամբ զիջում է Թրամփին, Իսկ ավելի շատ պատվիրակներ ունեցող նահանգներում, ինչպիսին են Վիսկոնսինը, Օհայոն, Տեքսասը, Ֆլորիդան, տարբերությունը շատ ավելի մեծ է, այդ նահանգներից յուրաքանչյուրում, ըստ հարցումների, Թրամփը մի քանի տասնյակ կետով առաջ է իր մրցակցից։

Թրամփի արշավը տեսականորեն կարող է կանգնեցնել դատական համակարգը։ Երկու նահանգներում դատարանները որոշել են չթույլատրել նախկին նախագահին մասնակցելու հանրապետականների փրայմերիներին։ Թրամփի թիմն այդ որոշումները բողոքարկել է։

Նախկին նախագահի դեմ հարուցված քրեական գործերը չեն փակվել։ Դրանցից գլխավորը 2021-ին հունվարի 6-ին Կոնգրեսի շենքի վրա ագրեսիվ ցուցարարների հարձակումը դրդելու մեղադրանքն է՝ փորձելով խոչընդոտել ընտրությունների արդյունքների հաստատմանը Կոնգրեսում։ Ամերիկյան օրենսդրության համաձայն՝ դավադրության մասնակից պաշտոնյան այլևս չի կարող հանրային որևէ պաշտոն զբաղեցնել։

Թրամփն իրեն մեղավոր չի ճանաչում և հերքում է բոլոր մեղադրանքները։

Գերագույն դատարանում լսումները նախատեսված են մարտին, բայց գործն առկախված վիճակում է, քանի որ Թրամփը վերաքննիչ դատարանում պնդում է նախագահի անձեռնմխելիության դրույթը՝ նախագահի պաշտոնում ինքն անձեռնմխելիություն ուներ, և այդ հիմքով գործը պետք է փակվի։

XS
SM
MD
LG