Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների լիարժեք կարգավորման, CNN TÜRK-ին ասել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցով հայ բնագնաց, Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
CNN TÜRK-ին ընդգծել է Ռուբինյանի հայտարարությունների ուշագրավ կետերը՝ Թուրքիայի սահմանի բացում երրորդ երկրների քաղաքացիների համար, պատրաստակամություն հարաբերությունների լիարժեք կարգավորման։
Ռուբինյանն Անթալիայում է դիվանագիտական ֆորումի շրջանակներում։ Երեկ թուրքական կողմի բանագնաց Սերդար Քըլըչն առաջարկեց Ռուբինյանին հաջորդ շաբաթ հանդիպել Երևանում, և այդ իրադարձությունը դարձնել պատմական։ Ի պատասխան հայ բանագնացը առաջարկեց հրավերը քննարկել և վերջնական որոշում կայացնել:
Քըլըչն այսօր վերահաստատել է երեկվա իր հայտարարությունը՝ շեշտելով․ - «Մենք որոշել ենք, հանդիպում կլինի, օրն և վայրը դեռ կորոշենք»։
Երկու երկրների ներկայացուցիչները վերջին անգամ 2022 թվականի հունիսին էին հանդիպել` պայմանավորվելով բացել ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար ամենասեղմ ժամկետներում: Սահմանն այդ ընթացքում բացվեց մեկ անգամ այն էլ բեռնատարների համար, որոնցով Հայաստանի կառավարությունը մարդասիրական օգնություն էր ուղարկում Թուրքիայում երկրաշարժից տուժածներին։
Այլ տեսանելի առաջընթաց հայ-թուրքական հարաբերություններում 2022-ից ի վեր չի գրանցվել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Մոտ ապագայում գուցե լավ նորություն կունենանք»․ Երևանը լավատես է Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի առումով