Հայ-թուրքական սահմանի «Մարգարա» անցակետը պատրաստ է շահագործման, «Ազատության»-ը հայտնեցին Արտաքին գործերի նախարարությունից:
«Հայկական կողմն ակնկալում է թուրքական կողմից ևս դրական ազդակներ ստանալ երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար սահմանը բացելու վերաբերյալ», - փոխանցեցին ԱԳՆ-ից:
Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն էլ առանց այլ մանրամասներ հայտնելու ասաց, որ Երևանի ու Անկարայի հատուկ ներկայացուցիչների հնարավոր հանդիպման մասին քննարկում այս պահին չկա:
Հայ-թուրքական կարգավորման հարցով հատուկ բանագնացներ Ռուբեն Ռուբինյանը և Սերդար Քըլըչը մինչ օրս պաշտոնական չորս հանդիպում են ունեցել, վերջինը շուրջ մեկուկես տարի առաջ Վիեննայում: Հենց այդ հանդիպմանը կողմերը պայմանավորվել էին բացել ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար ամենասեղմ ժամկետներում: Իրականացման հարցում, սակայն, առաջընթաց չկա: