Մատչելիության հղումներ

Չնայած Երևանի լավատեսական ակնկալիքներին՝ Անկարան դեռ չի կարգավորում հարաբերությունները


Հայաստանի մարդասիրական օգնությամբ բեռնատարը Մարգարայի կամրջով մուտք է գործում երկրաշարժից տուժած Թուրքիա, փետրվար, 2023թ.
Հայաստանի մարդասիրական օգնությամբ բեռնատարը Մարգարայի կամրջով մուտք է գործում երկրաշարժից տուժած Թուրքիա, փետրվար, 2023թ.

Հայ - թուրքական հարաբերություններում նախորդ տարի որոշակի առաջընթաց եղել է, բայց սահմանը շարունակում է փակ մնալ, ավելին՝ չեն կատարվել դեռ 2022 թվականին ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները, որոնք, ինչպես տեղեկացրեց Հայաստանի արտգործնախարարը, անցած հոկտեմբերին Թեհրանում տարածաշրջանային 3+3 ձևաչափով հանդիպման ընթացքում երկու կողմերը վերահաստատել էին։

«Համաձայնություն ձեռք բերվել է այն մասին, որ սահմանը բացվի՝ ցամաքային սահմանը բացվի երրորդ երկրների քաղաքացիների համար: Նաև էս պայմանավորվածությունն ենք մենք վերահաստատել նախարար Ֆիդանի հետ հոկտեմբերի 23-ին Թեհրանում: Ինչպես կարող եք տեսնել, մինչ օրս շոշափելի, առարկայական քայլեր էս ուղղությամբ կա՛մ չեն արվել, կա՛մ վերջնական արդյունք չկա, այսինքն՝ էդ սահմանը նշածս խումբ մարդկանց համար բաց չի, չի գործում», - ասաց Արարատ Միրզոյանը:

Սահմանը չի բացվել դիվանագիտական անձնագրով քաղաքացիների համար, խոսք չկա նաև ամբողջական բացման ու դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին. նման որոշում կարող է կայացնել Թուրքիան, Հայաստանի կողմից խոչընդոտ չկա, Երևանի դիրքորոշումը վերահաստատեց Միրզոյանը։

«Հայաստանյան կողմը պատրաստ է այդ սահմանի բացմանը՝ պատրաստ է քաղաքական առումով, պատրաստ է ենթակառուցվածքների առումով՝ ճանապարհ, անցակետ և այլն: Եվ, այո, միակ կոմպոնենտը, որ բացակայում է, որպեսզի էդ սահմանը բացվի և աշխատի, դա թուրքական կողմի որոշումն է՝ ձեռնամուխ լինել բացմանը», - ասաց Հայաստանի արտգործնախարարը:

Երկու երկրները 2020 թվականի պատերազմից հետո հատուկ բանագնացներ նշանակեցին հարաբերությունների կարգավորման համար, որոնք 4 հանդիպում են մինչ օրս անցկացրել, դրանցից վերջինը՝ 2022-ի ամռանը, նոր հանդիպման մասին առայժմ որևէ խոսք չկա։

Ստամբուլում հրատարակվող «Ակոս» թերթի հայերեն բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանի կարծիքով՝ Անկարան 2024-ին ևս ամենայն հավանականությամբ առաջ չի շարժվի հայ - թուրքական կարգավորման ուղղությամբ՝ անգամ այն բանից հետո, երբ Արցախն ամբողջությամբ գտնվում է Ադրբեջանի վերահսկողության ներքո, և Հայաստանի շրջափակումը կշարունակվի։

«Այդ շրջափակումը մինչև օրս տակավին շարունակվում է, պաշտոնապես չեղարկված չէ՝ հակառակ որ 44-օրյա պատերազմի ավարտին Թուրքիան ինքը հայտարարեց, թե Հայաստանի հետ կապերը խզելու առիթ ստեղծող պայմանները վերացված են, Արցախը «ազատագրված է», և հետևաբար հիմա կարող է այլևս բնականոն հարաբերությունների ճանապարհի ուղին ճշտվել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Էստուկյանը:

«Ակոս»-ի հայկական բաժնի խմբագրի կարծքով՝ հայ - թուրքական հարաբերություններում առաջ շարժվելու որոշումը պետք է կայացնի անձամբ Էրդողանը, քանի որ վերջին տարիներին Թուրքիայում տիրում է ավտորիտար մթնոլորտ, իսկ կարևոր որոշումներն էլ կայացվում են միայն մի աշխատասենյակում։

«Թուրքիայում այլևս կառավարական ամբողջ գործընթացը միահեծան իշխանություն է՝ երկրի նախագահը միևնույն ժամանակ արտգործնախարար է, միևնույն ժամանակ ներքին գործոց նախարար է, միևնույն ժամանակ ելմտական նախարար է, միևնույն ժամանակ արդարադատական նախարար է. բոլորն էլ իրենից են կախյալ, և ինքն իր նախասիրություններով ուղղություններ է ճշտում», - ընդգծեց Էստուկյանը:

Ընդ որում, ըստ նրա, այս հարցում Էրդողանի վրա ճնշում չկա ո՛չ հանրության, ո՛չ ընդդիմության կողմից, ընդհակառակը՝ եթե Անկարան քայլեր անի հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, կարժանանա ընդդիմադիրների քննադատությանը. - «Որովհետև ընդդիմադիրներն էլ, առանց խնդրի էությունը նկատի ունենալու, պարզապես կառավարության դեմ կեցվածք որդեգրելով, եթե հիմա Էրդողանը փորձի Հայաստանի հետ հարաբերությունները բարելավել, անմիջապես հակառակ պնդումներ են գալու իր դեմ, մեղադրանքներ են գալու»:

Թուրքիայում «Ակոս»-ը եզակի լրատվամիջոցներից է, որ վերջին ամիսներին անդրադարձել է հայ - թուրքական հարաբերությունների թեմային, տեղական թուրքական մամուլն ընդհանուր առմամբ լռում է, ինչը ևս, ըստ Էստուկյանի, պայմանավորված է այդ երկրի կառավարության մոտեցմամբ՝ առաջ չշարժվելու կարգավորման ուղղությամբ։

Մինչ այդ, Երևանը դեռ անցյալ տարվա վերջին է հայտնել՝ հայ - թուրքական սահմանի «Մարգարա» անցակետը պատրաստ է շահագործման, ավելին՝ Երևանի առաջ քաշած, տարածաշրջանի ու նաև եվրոպական մարաքաղաքներում ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ենթադրում է բացված հայ - թուրքական սահման։

XS
SM
MD
LG