Մոսկվայում ոստիկանները խիստ հսկողություն են սահմանել Բորիսովյան գերեզմանատան և Մարյինո թաղամասում գտնվող Աստվածածնի եկեղեցու շուրջ: Այսօր եկեղեցում տեղի կունենա բանտում վախճանված Ալեքսեյ Նավալնիի հրաժեշտի արարողությունը, որից հետո ընդդիմադիր առաջնորդի դին հողին կհանձնեն Բորիսովյան գերեզմանատանը:
Վաղ առավոտից եկեղեցու մոտ արդեն կուտակվել են ոստիկանական տասնյակ տրանսպորտային միջոցներ՝ պարեկային փոքր մեքենաներից մինչև ավտոբուսներ, որոնցով սովորաբար փոխադրում են զանգվածային արգելված ակցիաների մասնակիցներին: Ճանապարհի երկայնքով մետաղյա ցանկապատեր են տեղադրված, հերթապահում են ՕՄՕՆ-ի՝ ոստիկանության հատուկ նշանակության ջոկատները, գերեզմանատան մոտ գտնվող այգում ձիավոր ոստիկաններ կան։
Մետրոյի «Մարյինո» կայարանից Բորիսովյան գերեզմանատուն տանող ճանապարհին պարիսպներ են: Ոստիկանները ստուգում են անցորդների փաստաթղթերն ու անձնական իրերը։ Եկեղեցու հարակից տարածքում առաջացել են ինտերնետի հետ կապված խնդիրներ: Ավելի վաղ The Insider կայքը հայտնել է, որ այնտեղ կայանված է գաղտնի ծառայությունների աշխատակիցների կապն ապահովող ալեհավաքով մեքենա։ Թղթակցի հարցին, թե «ի՞նչ ազդանշաններ կարող է խլացնել այդ ալեհավաքը», սարքը միացնողը պատասխանել է` «դա ձեզնից է կախված»:
Իշխանությունները Նավալնիի դին մորը՝ Լյուդմիլա Նավալնայային են հանձնել միայն փետրվարի 24-ին։ Ալեքսեյ Նավալնին մահացել է փետրվարի 16-ին Յամալ-Նենեցյան ինքնավար մարզի Խարպ գյուղի մոտ գտնվող հատուկ ռեժիմի «Բևեռային գայլ» բանտում: Իրավապահները պնդում են, թե Նավալնին մահացել է բնական մահով՝ թրոմբի անջատման հետևանքով: Մահվանից օրեր առաջ Նավալնիին 27-րդ անգամ ուղարկել էին պատժախուց: Նավալնիի աջակիցները համոզված են, որ ընդդիմության լիդերին կա՛մ սպանել են, կա՛մ միտումնավոր հասցրել են մահվան: Նրա այրին՝ Յուլիա Նավալնայան հայտարարել է, որ շարունակելու է ամուսնու առաքելությունը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Նավալնիի թաղման նախօրեին ՌԴ իրավապահները խստացրել են մոսկովյան գերեզմանատան հսկողությունը«Պուտինը սպանեց ամուսնուս». Ալեքսեյ Նավալնու հոգեհանգիստը տեղի կունենա մարտի 1-ինԱլեքսեյ Նավալնիի մարմինը հանձնվել է ընտանիքին