Մատչելիության հղումներ

Նավալնիի թաղման նախօրեին ՌԴ իրավապահները խստացրել են մոսկովյան գերեզմանատան հսկողությունը


Ռուսաստանի իրավապահները խստացրել են հսկողությունը Մոսկվայի Բորիսովյան գերեզմանատանը, որտեղ վաղը՝ մարտի 1-ին, պետք է հողին հանձնեն բևեռային բանտում մահացած Ռուսաստանի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին:

Գերեզմանատան մոտ և «Բորիսովո» մետրոյի կայարանում ոստիկանական պարեկային խմբեր են տեղակայվել, տեղադրվել են արտաքին հսկողության տեսախցիկներ և մետաղական ցանկապատեր։

Ոստիկանները քաղաքացիներին գերեզմանատան տարածք են թողնում միայն անձնագրերով և պարտադիր պահանջում են բացատրություն, թե ինչ նպատակով են մարդիկ գալիս գերեզմանատուն:

Ոստիկանները խուզարկում են անձնական իրերը՝ հնարավոր ահաբեկչական գործողությունները կանխելու հիմնավորմամբ։

Նավալնիին հրաժեշտի եկեղեցական արարողությունը նախատեսված է Մոսկվայի Մարյինո թաղամասի Աստվածածնի եկեղեցում: Նավալնին ապրել է Մարյինո թաղամասում:

Նա մահացել է փետրվարի 16-ին «Բևեռային գայլ» անվամբ հատուկ ռեժիմի գաղութում։ Նրա մահվան մասին եզրակացության մեջ ասվում է, թե նա մահացել է տրոմբի պոկվելու հետևանքով, ինչը համարվել է բնական մահ։

Մահից մի քանի օր առաջ նրան 27-րդ անգամ ուղարկել են պատժախուց, որում ավելի խիստ պայմաններ են, քան սովորական խցերում։

Քաղաքական գործչի հետևորդների համոզմամբ, նրան կա՛մ սպանել են, կա՛մ մահվան են հասցրել։ Նրա այրին՝ Յուլիա Նավալնայան, ասել է, որ շարունակելու է ամուսնու առաքելությունը:

XS
SM
MD
LG