Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աթենքում հանդիպել է իր գործընկեր Կիրիակոս Միցոտակիսի հետ։ Բանակցությունների ավարտին կողմերը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
«Մենք հստակ դեմ ենք ուժի սպառնալիքի, կամ ուժի բռնի կիրառմանը», - հայտարարել է Հունաստանի վարչապետը՝ շեշտելով՝ Աթենքը վստահ է՝ տարաձայնությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով։
«Հունաստանը դիվանագիտական տեսանկյունից միշտ ձեր կողքին կլինի՝ ձևավորելու և ստորագրելու խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ, որովհետև, միայն կայուն խաղաղության պայմանագիրը կարող է բացել ճանապարհը Հարավային Կովկասում ավելի լավ ապագայի», - ասաց Հունաստանի վարչապետը։
Փաշինյանն իր հերթին ընդգծել է Հունաստանի մասնակցությունը Հայաստանում Եվրամիության քաղաքացիական առաքելությանը, որը դիտարկում է Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանը։
«Հունաստանի մասնակցությունն այստեղ շատ գնահատելի է և կարևոր», - ասաց Փաշինյանը։
Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների Բեռլինում փետրվարի 28-29-ը նախատեսված հանդիպմանը՝ Փաշինյանը հույս է հայտնել, որ այդ հանդիպման ընթացքում հնարավոր կլինի առաջընթաց արձանագրել։
Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այսօր առավոտյան է աշխատանքային այցով ժամանել Հունաստան:
Ըստ հայկական կողմի՝ նախատեսված են Փաշինյանի հանդիպումները նաև Հունաստանի նախագահ Կատերինա Սակելլարոպուլուի, խորհրդարանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասի հետ:
Դեկտեմբերին Հունաստանում էր Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Հայաստանը և Հունաստանն այդ ժամանակ Աթենքում ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագիր կնքեցին։ Իսկ շուրջ մեկ ամիս անց՝ հունվարի 10-ին, Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորղոս Գերապետրիտիսը ժամանեց Հայաստան։ Նա Երևանում հայտարարեց, որ Աթենքը ևս պատրաստ է իր ներդրումն ունենալ Բաքվի ու Անկարայի հետ հարաբերությունները կարգավորելու գործընթացում։ Յորղոս Գերապետրիտիսը նաև ընդգծեց, որ Աթենքը շարունակելու է ակտիվ աշխատել Հայաստանի ու Եվրամիության հարաբերությունները խորացնելու ուղղությամբ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյանը և Գերապետրիտիսը քննարկել են Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման հարցերը