Գալուզին․ «Երևանի տատանումները կարող են հանգեցնել Հայաստանի ինքնուրույնության կորստին»

ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզին, արխիվ

«Պաշտոնական Երևանի աշխարհքաղաքական տատանումները կարող են հանգեցնել Հայաստանի ինքնուրույնության կորստին», - այսօր «Իզվեստիա»-ում հրապարակված հարցազրույցում պնդում է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը՝ կոչ անելով հայկական իշխանություններին կողմնորոշվել նախևառաջ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հետ հարաբերությունների հարցում։

«Հաճախ են պնդումներ հնչում, որ ստեղծված իրավիճակում ՀԱՊԿ-ը, Ռուսաստանը կարող են կորցնել Հայաստանը։ Կարծում եմ, որ մենք պետք է խոսենք ոչ թե Ռուսաստանի կամ ՀԱՊԿ-ի հավանական կորուստների, այլ այն մասին, որ մի կողմից արևմտյան գործոններով հրապուրվելը, մյուս կողմից տատանումները՝ արդյո՞ք պետք է լքել ՀԱՊԿ-ը, թե՞՝ ոչ, կարող են հանգեցնել Հայաստանի ինքնության և ինքնուրույնության կորստին», - հայտարարում է Գալուզինը։

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում հետխորհրդային տարածքի պետությունների հետ հարաբերությունները համակարգող թիվ մեկ դիվանագետը «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում հերթական անգամ պնդում է՝ Արևմուտքը Կովկասում անելիք չունի։

«Մենք ելնում ենք նրանից, որ Հարավային Կովկասի ապագան պետք է որոշեն այն երկրները, որոնց համար այդ տարածաշրջանն ընդհանուր տուն է հանդիսանում։ Ո՛չ Միացյալ Նահանգները, ո՛չ Ֆրանսիան, ո՛չ Եվրամիությունը նման երկրների թվին չեն դասվում։ Հետևաբար,մենք կարծում ենք, որ արտատարածաշրջանային ուժերի, Արևմուտքի ներկայացուցիչների ներքաշումն այս շրջան, ինչին վերջին շրջանում, ցավոք սրտի, հակված է պաշտոնական Երևանը, օգտակար չէ», - ասում է Ռուսաստանի փոխարտգործնախարարը։

Միխայիլ Գալուզինը նաև համոզված է՝ արևմտյան պետությունների ներգրավումը հարավկովկասյան գործընթացներում ոչ թե խաղաղություն հաստատելու, այլ Ռուսաստանի համար նոր, հավելյալ խնդիրներ ստեղծելու նպատակ ունի։

Նման իրավիճակում, ըստ ռուսաստանցի դիվանագետի, Երևանը ճիշտ կաներ հայացքը կրկին ուղղեր դեպի համագործակցության ավանդական ձևաչափեր՝ նախևառաջ ՀԱՊԿ։

«Մենք ելնում ենք նրանից, որ անդամակցությունը ՀԱՊԿ-ին և վերադարձը կազմակերպության շրջանակում ընթացող լիարժեք խորհրդակցություններին և քննարկումներին բխում է նախևառաջ հայ ժողովրդի և հայկական պետության շահերից։ Օբյեկտիվորեն, Հայաստանի անվտանգության ապահովման տեսանկյունից ՀԱՊԿ-ի մեխանիզմին, մեր կարծիքով, որևէ այլընտրանք չի նշմարվում», - հայտարարում է Գալուզինը։

Ռուսաստանի ԱԳ փոխնախարարի խոսքով՝ Մոսկվան և ՀԱՊԿ անդամ մյուս պետությունները այսօր էլ պատրաստ են վերադառնալ Հայաստան այդ կառույցի դիտորդական առաքելություն ուղարկելու, Երևանի հետ կապերը խորացնելու ծրագրերի քննարկմանը։

«ՀԱՊԿ անդամ երկրները միշտ էլ բաց են եղել են և այժմ էլ բաց են Երևանին օժանդակություն ցուցաբերելու հարցում։ Ժամանակին Հայաստանին առաջարկվել են և՛ ռազմատեխնիկական բնույթի քայլեր, և՛ Հայաստանի համար պրոֆիլային անձնակազմի պատրաստում, նաև ՀԱՊԿ մոնիտորինգային առաքելություն հայ - ադրբեջանական սահմանամերձ շրջաններում։ Բայց, ցավոք սրտի, հայկական կողմն այդ գաղափարներին ու առաջարկներին հավանություն չտվեց, և դրանք կյանքի չկոչվեցին», - հայտարարում է Ռուսաստանի ԱԳ փոխնախարարը։

Անդրադառնալով հայ - ադրբեջանական սահմանին վերջին օրերին ծավալվող իրադարձություններին՝ Միխայիլ Գալուզինն ընդգծում է, որ Մոսկվան շարունակում է կոչ անել Երևանին և Բաքվին՝ «առավելագույն զսպվածություն ցուցաբերել»։

«Իզվեստիա»-ի թղթակցի հարցին էլ, թե արդյո՞ք վերջին իրադարձությունները հեռացնում են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ պայմանագրի կնքման պահը, Գալուզինն արձագանքում է. - «Հեռացնում են, մոտեցնում են, ընդլայնում են, նվազեցնում են՝ ես կգերադասեի զերծ մնալ նման հեռուն գնացող հետևություններից։ Դրա հետ մեկտեղ, իհարկե, պետք է կրկնեմ՝ հակամարտության ցանկացած թեժ փուլի մեկնարկը կարգավորմանն ուղղված համատեղ քայլերին, խաղաղ գործընթացում առաջընթացին չի նպաստում»: