Մատչելիության հղումներ

Միխայիլ Գալուզինն ու Վաղարշակ Հարությունյանը քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը


Ռուսաստանի և Հայաստանի դրոշները, արխիվ
Ռուսաստանի և Հայաստանի դրոշները, արխիվ

Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը:

Ռուսաստանի արտգործնախարարության փոխանցմամբ՝ ռուսական կողմն ընդգծել է այս ուղղությամբ եռակողմ աշխատանքի շուտափույթ վերսկսման անհրաժեշտությունը՝ հիմնվելով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև մի շարք պայմանավորվածությունների վրա։

Ըստ ՌԴ ԱԳՆ-ի, հանդիպումը կայացել է Հայաստանի դեսպանի խնդրանքով:

Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունն, իր հերթում, հաղորդում է, որ Վաղարշակ Հարությունյանը մտահոգություն է հայտնել պաշտոնական Բաքվի վերջին հայտարարությունների վերաբերյալ:

Դեսպանն ընդգծել է Հայաստանի դիրքորոշման հիմքում դրված հիմնարար սկզբունքները՝ տարածքային ամբողջականության փոխադարձ հարգման, ԽՍՀՄ ամենավերջին քարտեզների հիման վրա սահմանազատման գործընթացի ապահովման և ինքնիշխանության ու իրավազորության ներքո, հավասարության, փոխադարձության սկզբունքներով տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման վերաբերյալ:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տեղական հեռուստաընկերություններին տված հարցազրույցում հայտարարել է՝ եթե «Զանգեզուրի միջանցքը» չբացվի, Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանը որևէ այլ կետում չի բացի։ Ալիևը հայտարարել է նաև, որ մերժում է խաղաղության պայմանագրի համար երաշխավորներ ամրագրելու, զորքի հայելային ետքաշման Երևանի պահանջները։ Ալիևը նաև առաջ է քաշել «8 գյուղերի վերադարձի» հարցը։ Պաշտոնական Երևանը Բաքվից հնչող հայտարարությունները համարել է լրջագույն հարված խաղաղության գործընթացին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG