Մատչելիության հղումներ

«ՌԴ-ն ու ՀՀ-ն մնում են դաշնակիցներ»․ Մոսկվան հույս ունի, որ Երևանը դա հաշվի կառնի ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում


Ռուսաստանն ու Հայաստանը մնում են դաշնակիցներ, Մոսկվան հույս ունի, որ Երևանը դա հաշվի կառնի ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, երեկ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ արձագանքելով Հայաստանի վարչապետի այն հայտարարությանը, թե Ռուսաստանի Դաշնությունը չի կարող առանցքային գործընկեր լինել պաշտպանության ոլորտում։

«Հայաստանի վարչապետի հայտարարությունների հետ կապված՝ ուզում եմ ընդգծել, որ մեր երկրները մնում են դաշնակիցներ։ Հուսով ենք, որ Հայաստանի ղեկավարությունը դա հաշվի կառնի և ներկայիս աշխարհաքաղաքական վերափոխումների ֆոնին ճիշտ ընտրություն կկատարի։ Կցանկանայի ընդգծել՝ ճիշտ ոչ թե Ռուսաստանի, այլ Հայաստանի ժողովրդի շահերի տեսանկյունից», - ասել է Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության ներկայացուցիչը։

Զախարովան նաև ընդգծել է՝ Ռուսաստանը և Հայաստանը ունեն հուսալի երկկողմ իրավական դաշտ անվտանգության ոլորտում և ռազմատեխնիկական համագործակցության առումով՝ հիշեցնելով 1997 թվականի Բարեկամության, համագործակցության և փոխօգնության պայմանագիրը, Ռուսաստանի և Հայաստանի միջև 1995-ի ռուսական ռազմաբազայի մասին պայմանագիրը և Ռուսաստանի հետ հակաօդային պաշտպանության միավորված համակարգ ստեղծելու մասին միջպետական համաձայնագիրը։

Զախարովան նաև շեշտել է, որ Երևանն իր տրամադրության տակ ունի ՀԱՊԿ-ի լայն հնարավորություններն ու երկար տարիների փորձի վրա հիմնված ներուժը։

«Մենք համոզված ենք, որ ի տարբերություն ԵՄ-ի կեղծ դիտորդական առաքելության, որը զբաղվում է իր հայտարարած նպատակներից հեռու հարցերով, ՀԱՊԿ-ն ի վիճակի է կայունացնող դեր խաղալ Հարավային Կովկասում», - եզրափակել է Զախարովան։

Եվրամիության քաղաքացիական առաքելությունը Հայաստանում տեղակայվեց 2023-ի փետրվարին՝ երկու տարի ժամկետով։ Թեև Պաշտոնական Բրյուսելն ու Երևանը պնդում են, որ առաքելությունը քաղաքացիական է, անզեն և տեղակայվել է բացառապես Հայաստանի տարածքում՝ նպատակ ունենալով նպաստելու սահմանային գոտիներում կայունացմանը, վստահության ամրապնդմանը և Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, Ռուսաստանը և Ադրբեջանը քանիցս պաշտոնական հայտարարություններում ցույց են տվել իրենց բացասական դիրքորոշումը տվյալ հարցում:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG