Մատչելիության հղումներ

«ՀՀ անվտանգության ապահովման տեսանկյունից ՀԱՊԿ-ի մեխանիզմներին տեսանելի այլընտրանք չկա»․ Գալուզին


Նման միջադեպերը, իհարկե, չեն կարող նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում դրական մթնոլորտի ստեղծմանը, «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը՝ շեշտելով՝ ռուսական կողմը մշտապես կոչ է արել կողմերին առավելագույն զսպվածություն ցուցաբերել շփման գծում։

Փետրվարի 13-ի առավոտյան Սյունիքի մարզի Ներքին Հանդի հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կրակի հետևանքով հայկական կողմը 4 զոհ, 1 վիրավոր ունի։ Բաքուն հայտարարեց, թե «Հատուցում» գործողություն է իրականացրել՝ մեղադրելով հայկական կողմին Ներքին Հանդի ուղղությամբ հրադադարը խախտելու և իրենց սահմանապահին վիրավորելու համար։

Հարցին, թե այս միջադեպը հեռացնո՞ւմ է խաղաղության պայմանագրի ստորագրման հեռանկարը, Գալուզինը պատասխանել է, թե զերծ կմնար նման հեռուն գնացող եզրակացություններից և կտրուկ գնահատականներից։

«Կրկնում եմ՝ առճակատման ցանկացած «թեժ» փուլ, իհարկե, չի նպաստում հարաբերությունների կարգավորմանն ու խաղաղ գործընթացն առաջ մղելուն ուղղված համատեղ քայլեր անելու մթնոլորտին», - ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարարը։

Դիտարկմանը, թե վերջին շրջանում Հայաստանի ներկայացուցիչները բոյկոտում են ՀԱՊԿ հանդիպումները և հարցին, թե Ռուսաստանը մտավախություն ունի՞, որ Երևանն, ի վերջո, կլքի կազմակերպությունը, Գալուզինը պատասխանել է․ - «Օբյեկտիվորեն, մեր կարծիքով, Հայաստանի անվտանգության ապահովման տեսանկյունից ՀԱՊԿ-ի մեխանզիմներին տեսանելի այլընտրանք չկա։ Ավելին՝ ՀԱՊԿ անդամ երկրները միշտ բաց են եղել և են՝ Երևանին օգնելու համար»։

Փետրվարի 13-ին Ներքին Հանդի դիրքերի ուղղությամբ ադրբեջանական հարձակումից մեկ օր անց ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովը հայտարարեց, թե ՀԱՊԿ-ը հայ-ադրբեջանական սահմանին հակամարտության սրման մեծ հավանականություն է տեսնում։

Նա Արևմուտքին մեղադրեց Բաքվի և Երևանի միջև կարգավորման գործընթացի վրա ազդելու փորձերի համար։

Գալուզինն այսօր ասել է՝ Հարավային Կովկասի ապագան պետք է որոշեն այն երկրները, որոնց համար այս տարածաշրջանը «ընդհանուր տուն է»։

«Ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ Ֆրանսիան, ո՛չ ԵՄ երկրները չեն դասվում այդ երկրների շարքին։ Ուստի մենք անարդյունավետ ենք համարում ոչ տարածաշրջանային ուժերին՝ «արևմտամետներին» տարածաշրջան ներքաշելը, ինչին, ցավոք, վերջին շրջանում պաշտոնական Երևանն է հակված», - ասել է Ռուսատանի փոխարտգործնախարարը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG