«Վերջին 30 և ավել տարիների ընթացքում առաջին անգամ է Հայաստանի Հանրապետությունը պետություն և պետականության հիմքեր է դնում»․ - Ազգային ժողովի նախագահը խորհրդարանի ամբիոնից հայտարարում է, թե պետականություն այժմ իրենց քաղաքական թիմն է կերտում, այն պետականությունը, որն, ըստ Ալեն Սիմոնյանի, նախորդ 30 տարում չի կառուցվել:
Խորհրդարանի խոսնակին զայրացրել էր ընդդիմադիրների քննադատությունը, թե Հայաստանն այժմ խամաճիկային պետություն է, իսկ իշխանությունը, Սահմանադրությունը փոխելով, թուրք-ադրբեջանական օրակարգ է սպասարկում:
«Օրհներգը վերցրել ենք «Իտալացի աղջկանից», էս մյուսը վերցրել ենք Սովետական Միությունից, սահմանը գծել են էսինչները, ասել են կնստեք ստեղ, դուք կգողանաք, բանակից ձեր երեխաներին կազատեք, ձեր դղյակները կսարքեք, փորերդ կմեծացնեք, իսկ եթե հանկարծակի թշնամին կհարձակվի, մեզ կզանգեք, մենք էդ ժամանակ կմտածենք՝ եթե մեր պետությանը ձեռք կտա, մենք ձեզ կփրկենք, եթե ձեռք չի տա, նորից մանրադրամ կդառնաք, ինչպես պատմության ընթացքում 100 տարի առաջ, օրինակ, դրա օրինակը եղել է», - երեքշաբթի օրը հայտարարեց Սիմոնյանը։
Ռուսաստա՞նն է այն պետությունը, որ Հայաստանի նախկին իշխանությունների միջոցով թույլ չի տվել պետականություն ունենալ. ԱԺ նախագահն այս մասին ուղիղ չի ասում, բայց ելույթի շարունակությունում խոսում է հենց Ռուսաստանի կամ այլ երկրի պրոքսի լինելու դիլեմայից․ - «Բայց մենք չենք մտածել՝ լավ, բա մենք ո՞վ ենք»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «30 տարում առաջին անգամ է Հայաստանը պետություն և պետականության հիմքեր է դնում». Ալեն ՍիմոնյանԳործընկերոջը շարունակելով՝ իշխող կուսակցության փոխնախագահը պնդում է՝ անկախություն հռչակել, սակայն դե ֆակտո անկախ չենք եղել՝ հատկապես մտածողությամբ, թե մեր գոյությունը կախված է այս կամ այն երկրից:
«Մենք որպես պետություն, էն արժեքները որ դրել ենք՝ անկախություն, ինքնիշխանություն, և այլն, և այլն, դրանք մենք մեր համար ենք կասկածի տակ դրել։ Տեսեք, փաստ չի, որ սրանից հետո էդպես չի լինելու, բայց փաստ է, որ մինչև այ հիմա ինչ որ տեղի է ունեցել, դրա ապացույցն է, և դրանից դուրս գալու էդ շղթան ենք մենք փորձում ճեղքել», - այսօր ասաց «Քաղաքացիական պայմանագրի» փոխնախագահ Գևորգ Պապոյանը։
ԱԺ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը հակադարձում է․ - «Շատ հեշտ է ասել՝ ես պաշտպանում եմ Հայաստանի անկախությունն ու սուվերենությունը, բայց ուզում եմ հիշեցնել՝ մինչև ձեր գալը դրա պաշտպանության, ինչպես իրենք են դա անում, կարիքը չկար, էդ հարցը կասկածի տակ չէր, ոչ մեկ կասկածի տակ չէր դնում Հայաստանի Հանրապետության ո՛չ անկախությունը, ո՛չ սուվերենությունը, ո՛չ սուվերեն տարածքը, որ իրենք էլ եկել են ու հիմա հերոսաբար դա փորձում են պաշտպանել։ Իրենք դա կասկածի տակ են դրել, իրենք էլ փորձում են պաշտպանել, ինչը իրենց մոտ խայտառակ ձևի վատ է ստացվում»։
Պետականություն չստեղծելու Ալեն Սիմոնյանի մեղադրանքներն, ըստ էության, ուղղված էին նաև Հայաստանում տասը տարի իշխած Հանրապետական կուսակցությանը: Այդ ուժից պատգամավոր Հայկ Մամիջանյանը պնդում է՝ հենց Փաշինյանի քաղաքականության հետևանքով է Արցախն Ադրբեջանի լիարժեք վերահսկողության տակ հայտնվել, իսկ ադրբեջանական զորքերը՝ Հայաստանի ինքնիշխան տարածքում:
«Իրականում իրենց հաջողվել է Հայաստանի Հանրապետությունը դարձնել աշխարհի ամենաանկախ երկիրը՝ մեզանից ոչինչ կախված չի, մենք դարձել ենք բանակցային գործընթացի, գեոպոլիտիկ գործընթացների օբյեկտ», - նշեց ընդդիմադիր խմբակցության ղեկավարը։
Իշխանությունը 44-օրյա պատերազմից հետո պետականություն ունենալու մասին առաջին անգամը չէ, որ խոսում է: Այս օրերին այդ քննարկումներն ակտիվացել են նոր Սահմանադրություն ունենալու, այդպես նաև՝ Անկախության հռչակագրից հրաժարվելու իշխանություն-ընդդիմություն փոխադարձ մեղադրանքներին ֆոնին: Մոտ երկու տարի առաջ էլ Փաշինյանն ու կուսակիցները նույն՝ պետություն ունենալու հիմնավորումն էին ներկայացնում, երբ խոսում էին Լեռնային Ղարաբաղի հարցում բանակցային նշաձողն իջեցնելու անհրաժեշտության մասին:
«Մենք ճանապարհ ենք բացում Հայաստանի համար և Արցախի համար: Մենք Հայաստանի և Արցախի համար ճանապարհ ենք բացում՝ պետականությունը պահպանելու», - հայտարարում էր վարչապետը։
Իշխող ուժի փոխնախագահ Գևորգ Պապոյանն այսօր թեև ասում էր, որ պետություն կորցնելու ռիսկերը դեռ առկա են, բայց խոստանում էր՝ այն պահպանելու հարցում կհաջողեն․ - «Հաղթահարման ճանապարհը մենք տեսնում ենք»։
Իսկ թե որն է 33-ամյա պետականության պահպանման ճանապարհը, Նիկոլ Փաշինյանի թիմակիցն այսօր չբացահայտեց։