Ալիևի պահանջած նվաստացումը չպետք է հասնի հանրաքվեի, «Ազատության» հետ զրուցում հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանը:
«Ազատություն». - Եթե Սահմանադրությունից Անկախության հռչակագրի հղումը հանվի, այդ փաստաթուղթը չեղյալ չի հայտարարվելու:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքուն պնդում է՝ ՀՀ Սահմանադրության հարցը բարձրացրել են հենց սկզբից, Երևանից հակադարձում են՝ Մայր օրենքի փոփոխությունը ՀՀ ներքին գործն էՄանուկյան. - Ոչ մեկը թող հռչակագիրը չընդունի որպես սովորական իրավական ակտ, նա սովորական իրավական ակտ չէ, ինչպես աշխարհի բոլոր ժողովուրդների անկախության հռչակագրերը: Դա պետականաստեղծ փաստաթուղթ է, պետություն հիմնադրող փաստաթուղթ է, ծննդական է, և նա սովորական օրենք չէ, որ հետո եկողն իր քիմքին համաձայն հռչակագրի մեջ.... Նա վերիրավական ակտ է, նախասահմանադրություն, և այն փոփոխության ենթակա չէ՝ ուզում ես դուրդ գա, ուզում ես չգա: Իրանց թաթիկները պետք է հեռու պահեն այդ փաստաթղթից:
Հիմա գանք Սահմանադրության հղմանը. կարո՞ղ եք ասել 95 թվականից ինչո՞ւ որևէ երկիր որևէ բան չի ասել դրա վերաբերյալ, ինչո՞ւ որևէ միջազգային կառույց, որևէ անգամ քաղաքական ուժ չի ասել, որ հռչակագրի դրույթը Սահմանադրությունից հարկավոր է փոխել:
«Ազատություն». - Այն ժամանակ հակամարտությունը կարգավորված չէր, հիմա Հայաստանը ճանաչում է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս, այն նաև արդեն փաստացի Ադրբեջանի կազմում է ու միջազգային հանրությունը դրա հետ հաշտ ու խաղաղ է: Արդյո՞ք հիմա Հայաստանի հետ Արցախի վերամիավորման մասին հիշատակումը Սահմանադրությունում պրոբլեմ չէ կամ ժամանակավրեպ չէ:
Մանուկյան. - Ոչ, որովհետև եթե այսօր էսօրվա իշխանությունը պարտք ունի Ադրբեջանին, կարող է գնալ ընդառաջ, ինչպես գնում է, իսկ վաղը կարող է այդ խնդիրը դառնում է օրակարգ: Երկրորդ՝ ո՞ւմ ի՞նչ գործն է՝ ես իմ ներքին օրենսդրությամբ ինչ եմ գրում, չէ՞ որ այդ ներքին օրենսդրությունը եղել է 30 տարի, ու Թուրքիան երբեք որևէ խնդիր չի առաջացրել, մուսուլմանական աշխարհը մեզ հետ է եղել: Մի երկու օր առաջ ստեղ նստած ինչ-որ մեկը հայտարարում էր, որ կենացային մակարդակի դրույթներ են, գնա և քո կենացներով այլևս ելույթ մի ունեցիր, որովհետև այդ կենացների ժամանակ այս դրույթը երբ որ կար, 4 միլիարդ դոլարի զենք ենք ստացել, երբ այդ դրույթը կար, մեր ժողովուրդը քվեարկել էր, մենք զենք ենք ստացել Մերձավոր արևելքի երկրներից, Թուրքիայով մենք օգնություն ենք ստացել և ոչ մի երկիր բացի աջակցությունը, չի վնասել:
«Ազատություն». - Փոխվել է աշխարհակարգը: Դուք ասում եք՝ վաղը կարող է բան փոխվի, Ձեզ ընդդիմախոսում են, որ կարող է վաղվան չհասնի:
Մանուկյան. - Աշխարհակարգը փոխվել է, փոխվել է այնպես, որ այդ աշխարհակարգի երկու խաղացող՝ Ալիևն ու Էրդողանը քեզ ստիպում են «Նեմեսիսի» արձանը հանե՞լ, Երասխում գործարան չկառուցե՞լ, քեզ ստիպում են Սոթքի հանքերը չաշխատացնե՞լ, դասագրքերից հանել Ցեղասպանության կետերը: Կարո՞ղ է վաղն էլ իրենք Վրեժ անունը որպես ռևանշիստական անուն հանեն, հանելու են, եթե էսպես դու զիջողականությամբ գնաս, բոլորը հանելու են, Ցեղասպանության թանգարանը կհանեն, որովհետև Ցեղասպանության թանգարանը կարող են մեկնաբանել այսպես՝ տարածքային պահանջ է Թուրքիայի նկատմամբ: Մեր իշխանությունների թույլիկությունն ու անմեղսունակությունը չի կարելի բացատրվել միջազգային կոնֆլիկտներով: Ինչ որ Նիկոլն էր ասում՝ կոնֆլիկտոգեն փաստաթուղթ է, այդ կոնֆլիկտոգեն փաստաթղթով մենք 12 հազար քառակուսի կմ ազատագրել ենք, կարողացել ենք հասնել, որ եռանախագահությունը՝ Ամերիկա, Ֆրանսիա, Ռուսաստան, մեզ փաստաթուղթ են ներկայացրել Ղարաբաղի լուծման: Էդ ոնց էր էդ ժամանակ էդ հռչակագիրն ու Սահմանադրության էդ կետը կար, բայց ոչ մեկը չէր ասում:
«Ազատություն». - Որովհետև այն ժամանակ կարգավորված չէր, հիմա այլևս Ադրբեջանի կազմում է Ղարաբաղը:
Մանուկյան. - Իսկ ես կարող եմ հարցնել՝ ի՞նչ գործ ունի Ալիևն իմ ներքին փաստաթղթերի հետ, ի՞նչ գործ ունի՝ ես մետալուրգիական գործարանը որտեղ եմ կառուցում:
«Ազատություն». - Եթե դա իղձ է, շատ լավ, հռչակագիրը ոչ մեկը չի չեղարկում, բայց այն ինչպե՞ս կարող է օրենք լինել, մտնել մայր օրենքի մեջ, դա Ադրբեջանը կարող է ընկալել որպես պահանջ, եթե մենք մայր օրենքում գրում ենք, որ վաղը Արցախը պիտի միավորվի Հայաստանին:
Մանուկյան. - Չեմ ասում, որ վաղը միավորվելու է, ես ասում եմ, որ 90 թվականին մենք արձանագրել ենք 89 թվականի 2 լեգիտիմ որոշումները՝ Հայաստանի բարձրագույն մարմնի և Ղարաբաղի բարձրագույն մարմնի որոշումները, դա արձանագրած է, դա փաստ է, փաստաթուղթ է և իրողություն է, քո ի՞նչ գործն է, թե Մովսես Խորենացին այն ժամանակ ինչ է գրել, Արամ Մանուկյանն ինչ ելույթ է ունեցել, դա անցյալ է ու կատարված է, քեզ ո՞վ է թույլ տվել սրբագրել, փոփոխել այն, ինչ 35 տարի առաջ մեր հիմնադիր հայրերն արել են:
«Ազատություն». - Պարոն Մանուկյան, դրան ձեռք չեն տալիս, հղումն են հանում Սահմանադրությունից:
Մանուկյան. - Հղման մասին ասեմ՝ անփոփոխելի դրույթը չես կարող փոփոխել ո՛չ պառլամենտով, ո՛չ հանրաքվեով:
«Ազատություն». - Պիտի նոր Սահմանադրություն ընդունեն:
Մանուկյան. - Այո, այսինքն նոր Սահմանադրություն հռչակելու Նիկոլի իդեան, ինչը պարտադրել են իրեն Ալիևը, Էրդողանը, մի լուծում ունի, մի ճանապարհ ունի, ամբողջ Սահմանադրությունը հանել, նոր Սահմանադրություն բերել: