Անկախության համար պայքար մղած ազգերի ու պետությունների համար Հանրապետության օրը նշանակալից առիթ է՝ վերստին հաստատելու Սահմանադրությամբ ամրագրված արդարության, ինքնիշխանության, հավասարության ու եղբայրության սկզբունքների նկատմամբ ժողովրդի և պետության նվիրվածությունը, այսօր հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Հանրապետության օրվա առթիվ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին հղած ուղերձում։
Ընդգծելով, որ Հնդկաստանի Սահմանադրությունը մարմնավորում է հնդկական պատմական ու քաղաքական մշակույթը՝ Փաշինյանը շեշտել է՝ այն ազգի քաղաքական ու փիլիսոփայական մտքի դրույթները գերագույն օրենքում ներդաշնակ համադրելու լավագույն օրինակ է:
«Պատահական չէ, որ հայ-հնդկական դարավոր բարեկամության առանցքում Սահմանադրության ու սահմանադրականության գաղափարները ևս մեծ դեր են ունեցել՝ հաշվի առնելով հայ ժողովրդի առաջին Սահմանադրության նախագծումը Հնդկաստանում», - ասել է գործադիրի ղեկավարը՝ շարունակելով․ - «Այսօր արդեն հպարտությամբ կարող ենք արձանագրել, որ մեր՝ պատմականորեն ձևավորված բարեկամական կապերն ու ժողովուրդների ընդհանուր անցյալը երկկողմ ու բազմակողմ հարաբերություններում նոր ձեռքբերումների գործնական փուլ են թևակոխում»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանը կարիք ունի նոր Սահմանադրության, ոչ թե սահմանադրական փոփոխությունների. վարչապետ