Արցախահայերի հավաքական հայրենադարձության նպատակով ձևավորված հանձնախբի կազմի և անելիքների մասին տեղեկություն դեռ չի հրապարակվում:
Միայն հայտնի է, որ հանձնախումբը ստեղծվել է՝ Լեռնային Ղարաբաղի քաղաքական ուժերի համաձայնությամբ Արցախի ժողովրդի վերադարձի և մյուս իրավունքների պաշտպանության համար, ղեկավարն էլ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն է:
Երեկ ֆեյսբուքյան գրառմամբ Օսկանյանը միայն նշել էր՝ գլխավոր խնդիրը լինելու է միջազգային երաշխիքներով Արցախի ժողովրդի հայրենադարձությունը և սեփական հայրենիքում անվտանգ ու արժանապատիվ ապրելու իրավունքի պաշտպանությունը և հետապնդումը։
«Ես համոզված եմ, որ այս հարցի հետապնդումը և իրականացումը կնպաստի իրական խաղաղության հաստատմանը մեր ժողովուրդների միջև։ Տարածաշրջանում տևական խաղաղության հաստատումն անհնար է, երբ հայ ժողովրդի մի հատվածը բռնի տեղահանված է իր բնօրրանից, իսկ Հայաստանին պարտադրվում է ստորադաս «խաղաղություն»՝ նոր կորուստների սպառնալիքով։ Նման «կայունությունը» չի կարող մշտական լինել», - նշել էր Վարդան Օսկանյանը։
Նախկին դիվանագետը, սակայն, տարածած հայտարարության մեջ չի հստակեցնում՝ ովքեր են հանձնախմբում ընդգրկված, կոնկրետ որ երկրի կամ երկրների հետ են պատրաստվում այդ հարցով քննարկումներ սկսել, և որքանով է իրատեսական, որ միջազգային հանրությունը կհամաձայնի այդ բանակցություններին: Օսկանյանն այդ մասին խոստանում է խոսել առաջիկայում:
Մինչ այդ Արցախի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանն ասում է՝ միջազգային տարբեր հարթակներում պետք է բարձրաձայնեն արցախահայերի իրավունքների մասին:
«Քանի որ այսօր, ցավոք սրտի, պաշտոնական որևէ պաշտոնյա, խոսքս Հայաստանի Հանրապետության պաշտոնյաների մասին է, չէին բարձրաձայնում մեր խնդիրները միջազգային հարթակում, ապա սա հնարավորություն է, որպեսզի թույլ չտալու Արցախի խնդիրն իսպառ մարվի», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արցախահայերի վերադարձի համար անհրաժեշտ է լայն մանդատ ենթադրող միջազգային մեխանիզմ. միջազգային իրավունքի մասնագետ
Լեռնային Ղարաբաղի հայաթափումից հետո պաշտոնական Երևանն արցախցիների վերադարձի, նրանց իրավունքների և անվտանգության մասին գրեթե չի խոսում: Առանց հստակ անվտանգային մեխանիզմներ նշելու Ղարաբաղի ժողովրդի վերադարձի մասին հայտարարություններ հնչում են միջազգային տարբեր կենտրոններից: Պատգամավոր Դավիթ Գալստյանը հույս ունի, թե այդ կառույցները խոսքից կանցնեն գործի, եթե արդեն ձևավորված հանձնախումբը ճիշտ աշխատի:
«Պետք է նստել բանակցային սեղանի շուրջ և բանակցություններ սկսել կարգավիճակից զատ, մինչև ֆիզիկական..., և այդ բանակցությունների ընթացքում գալ այն վերջնական որոշման, որն ընդունելի կլինի հայ ժողովրդի համար», - նշեց Գալստյանը։
«Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցությունից վերջերս դուրս եկած Արամայիս Աղաբեկյանի համար հասկանալի չէ՝ ինչու է հանձնախումբը ձևավորվել քաղաքական ուժերի համաձայնությամբ, երբ նման որոշում կարող էր կայացնել կա՛մ Արցախի Ազգային ժողովը, կա՛մ նախագահ Սամվել Շահրամանյանը: Թեև երեկվա հայտարարության մեջ միայն քաղաքական ուժերի համաձայնության մասին է խոսվում, պատգամավոր Դավիթ Գալստյանը պնդում է, թե հանձնախումբը ձևավորվել է դեկտեմբերի սկզբին հենց Ազգային ժողովի որոշմամբ: Արամայիս Աղաբեկյանն, այդուհանդերձ, կասկածներ ունի՝ հանձնաժողովը միջազգային հարթակներում լեգիտիմության խնդիր կունենա:
«Այստեղ խնդիր է առաջանալու, որովհետև նման տիպի հանձնաժողովներ և հանձնախմբեր կարող են էլի ստեղծվել, և արդեն հիմա իրենք չասեն հիմնական դերակատարներ, ասեն՝ Արցախի կուսակցությունների հետ համաձայնեցված կամ մեկ այլ ուժերի հետ համաձայնեցված։ Կարծում եմ՝ դա շատ լրջագույն խնդիր է դառնալու հետագայում», - նկատեց նա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արցախը լուծարելու մասին հրամանագիրը չեղարկելու շուրջ այս պահին քննարկումներ են ընթանում. Արցախի օմբուդսմեն
Վարդան Օսկանյանի նախաձեռնությանը թերահավատորեն են վերաբերվում նաև «Քաղաքացիական պայմանագրում»: Ու թեև փաստաթղթին ծանոթացած ընդդիմադիրների փոխանցմամբ՝ խաղաղության պայմանագրում արցախահայերի մասին որևէ դրույթ չկա, իշխանական պատգամավոր Գևորգ Պապոյանը պնդում է, թե նրանց վերադարձը հնարավոր կլինի, եթե Ադրբեջանի հետ խաղաղության փաստաթուղթ ստորագրվի:
«Ես չեմ հավատում, որ այլ՝ առանց խաղաղության պայմանագրի այդ վերադարձը հնարավոր է, դրանք ընդամենը լինելու են քաղաքական շահարկումներ, քաղաքական դիվիդենտներ հավաքելու փորձեր, ինչու ոչ նաև չբացառեմ սադրանքներ Հայաստանի Հանրապետության դեմ հինգերորդ շարասյան տեսքով», - կարծում է Գևորգ Պապոյանը։
Արցախցի կինը չի հավատում, թե Արցախ վերադարձի համար կարող են անվտանգ պայմաններ ստեղծվել
43-ամյա Գիտա Խաչատրյանը, որ Մասիսի շրջանի Նոր Խարբերդ է հասել Արցախի Մաճկալաշեն գյուղից, նախաձեռնության մասին տեղեկացել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի երեկվա գրառումից, չի հավատում, որ Ղարաբաղ վերադարձի համար կարող են իսկապես անվտանգ պայմաններ ստեղծվել:
«Ինձ թվում է՝ դա մտածելու բան չէ։ Ես մինչև հիմա այդպես չէի մտածում, բայց հիմա արդեն այն, ինչ տեսել եմ իրենց վերջին օրերի կատարածները, անվտանգ, ապահով այնտեղ ապրել, կարծում եմ՝ ոչ մի օրենք իրենք չեն պահպանի, չեն կանգնի», - «Ազատության» հետ զրույցում ասաց Գիտա Խաչատրյանը։
Տեղահանման օրերին բենզինի պահեստի պայթյունից երկու երիտասարդ եղբայրներին կորցրած տիկին Գիտան այստեղ էլ շաբաթներ առաջ հորն է հողին հանձնել: Այսքանից հետո, ասում է, ինքն առհասարակ վերադարձի ցանկություն չունի, բայց լսել է՝ շատերն են ուզում վերադառնալ, հատկապես այնտեղ հարազատների շիրիմներ թողածները: